Վերնատուն

«ԴոկուԹատրոնը»՝ ավելի լավ ու կրթված հասարակություն ունենալու համար․ «Վերնատուն»

«Բաց հարթակ» արվեստի կազմակերպության «ԴոկուԹատրոն» փաստագրական ներկայացումների հարթակը հիմնվել է 2021 թվականին։ Այն ժամանակակից թատրոնի կամ պերֆորմանսի հարթակ է, որի ուշադրության կենտրոնում արդի սոցիալ-քաղաքական խնդիրներն են։

«Բաց հարթակ» արվեստի կազմակերպության հիմնադիրներ Գագիկ Ղազարեն և Գայանե Եղիազարյանը խոսում են «ԴոկուԹատրոնի» նպատակներից, ներկայացումներից, մասնակիցների հայտագրումից։ Գագիկ Ղազարեն ասում է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հայտագրման պրոցեսը պարզ է, ուղղակի փոխանցում ենք գաղափարը։ Աշխատանքային պրոցեսի ընթացքում կպարզվի մասնակից խմբերը ինչի վրա են կենտրոնանում և ինչ կարիքներ ունեն ներկայացումը բեմադրելիս։

««ԴոկուԹատրոնն» անդրադառնում է հասարակության ամենատարբեր արդիական խնդիրներին՝ սոցիալական, մարդկային իրավունքներին առնչվող, քաղաքի կառուցվածքի ու ծառայությունների, մարդու այս պահի անձնական կյանքին ու ապրումներին, միջանձնային հարաբերություններին, որոնք ոչ թե որևէ դրամատուրգի երևակայության արդյունք են, այլ հենց հիմա տեղի ունեցողը, կյանքի իրողություններ, որոնք կարող են բեմ մտնել», – ասում է Գագիկ Ղազարեն։

«ԴոկուԹատրոնի» նախաձեռնողները կարող են լինել ոչ միայն ռեժիսորներ, դերասաններ, այլ նաև լրագրողներ, սոցիոլոգներ, մարդաբաններ։

«Մենք հանդիպում ենք պատմություն կրող մարդուն, նրա հետ հարցազրույց ենք անում, փորձում ենք լայն շերտով հասկանալ խնդիրները և այդ ամենը վերածել պիեսի», – ասում է Գագիկ Ղազարեն։

Բեմում կարող են հնչել սոցիոլոգների, լրագրողների տեքստեր, սոցիալական հարթակների քննարկումներ, որոնք անդրադառնում են հասարակության շրջանում առաջնահերթ ու ակտուալ ամենատարբեր խնդիրների։

«Խաղալու անհրաժեշտություն այստեղ շատ քիչ կա։ Այդ ամենը մենք ապրում ենք հենց այսօր ու տեղափոխում բեմ։ Բոլոր շահառուների հետ ապրել եմ իրենց հարցազրույցները։ Ես հետևում էի նրանց խոսքին, մարմնին, շարժումներին ու դադարներին։ Այդ ամենն ինձ օգնում էր, որ լինեմ նրանց նման, ոչ թե խաղամ։ «ԴոկուԹատրոնը» չպիտի խաբի։ Ինձ համար նաև կարևոր է, որ խաղալուց հետո ասելիքը հետևանք թողնի, մի օգտակար գործ անի»,– ասում է դերասանուհի Գայանե Եղիազարյանը։

«Բաց հարթակում» սեպտեմբերի 22-ին և 29-ին կցուցադրվեն «Մամայի համար», «Ապրել առանց վախի» փաստավավերագրական ներկայացումները։

Back to top button