ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչպես է ընտրվելու Երևանի 14-րդ քաղաքապետը

Ինչպե՞ս է ընտրվելու Երևանի 14-րդ քաղաքապետը, ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը և ի՞նչ սցենարներ են հնարավոր։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերից մեկն ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ ուժի թեկնածուների ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե ոչ մի ուժ չի ստանում մանդատների կեսից ավելին, ապա ավագանին իր կազմից բաց քվեարկությամբ քաղաքապետ է ընտրում։

Ոչ թե քաղաքապետի, այլ Երևանի ավագանու ընտրություններ։ Քաղաքացիների շրջանում ընդունված ձևակերպումը, որ երևանցին քաղաքապետ է ընտրում, ճիշտ չէ՝ պարբերաբար հուշում են ԿԸՀ-ից և բացատրում ընտրակարգը։

Առաջադրված 13 կուսակցությունների և մեկ դաշինքի ընտրական ցուցակներից մայրաքաղաքի բնակիչներն ընտրում են Երևանի ավագանու կազմը։ Երևանցիների քվեարկության արդյունքում ձևավորվում է մայրաքաղաքի 65 հոգանոց ավագանին։

Ավագանու կազմում լինելու համար քաղաքական ուժը պետք է կարողանա հաղթահարել անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում՝ 4 , դաշինքների դեպքում՝ 6 տոկոսը։

Քաղաքապետն ընտրվում կամ նշանակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումից ու ավագանու ձևավորումից հետո՝ ավագանու կազմից։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերից մեկն ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Եթե ոչ մի ուժ չի ստացել մանդատների կեսից ավելին, ապա ավագանին իր կազմից բաց քվեարկությամբ քաղաքապետ է ընտրում՝ բացատրում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը․

«Եթե քաղաքական ուժերից ոչ ոք չհավաքի 50+1 տոկոսից ավելի մանդատ, այսինքն՝ 65 ավագանու մեջ եթե ոչ ոք չունենա առնվազն 33 մանդատ (եթե ունենա այդքան մանդատ որևէ քաղաքական ուժ, ապա դրա առաջին համարը ավտոմատ կդառնա քաղքապետ), այդ դեպքում Երևանի ավագանին առաջին նիստից սկսած երկու շաբաթվա ընթացքում պետք է կարողանա ընտրել Երևանի քաղաքապետ։ Եթե չընտրի Երևանի քաղաքապետ, ցավոք դա կարող է արտահերթ ընտրությունների պատճառ դառնալ»։

Ըստ 2021 թվականի փոփոխված Ընտրական օրենսգրքի՝ ավագանին կարող է նաև փոխել քաղաքապետին։ 65 տեղի համար պայքարող 14 քաղաքական ուժերից՝ 13 կուսակցությունից և 1 դաշինքից ընտրված ավագանին կընտրվի 5 տարի ժամկետով։ Իսկ ինչպես են բաշխվում այն ընտրողների ձայները, որոնց ընտրած քաղաքական ուժերը ընտրական շեմը չեն հաղահարել։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը պարզաբանում է մանդատների բաշխման նրբությունները․

«Մենք մանդատի տրամադրմանը ներգրավելու ենք միայն այն կուսակցություններին, որոնք հատել են 4 տոկոսի շեմը, և այն դաշինքին, որը հատել է 6 տոկոսի շեմը։ Եթե երեքից պակաս քաղաքական ուժեր հատեն պահանջվող շեմը, ապա մենք կվերցնենք այն 3 ուժերը, որոնք ստացել են առավելագույն ձայներ և նրանց միջև կբաշխենք մանդատները։ Մանդատները բաշխվում են՝ մեկ ընդհանություն վերցնելով, այսինքն 100 տոկոս վերցնելով։ Ստացվում է այնպես, որ քվեարկության ընթացքում ինչ–որ տոկոս ստացած քաղաքական ուժի տոկոսն այս դեպքում այլ է, որովհետև միավորը, որով հաշվում ենք, տոկոսը փոխում է։ Պատկերացրեք 5-ը 10-ի 50 տոկոսն է, բայց 5-ը 7-ի լրիվ ուրիշ տոկոսն է»։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 250 է։

Back to top button