ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանն ավագանի ու քաղաքապետ է ընտրում․ հանուն ինչի՞ են քվեարկել թեկնածուները

Նրանք 14–ն են, 13–ը քվեարկեցին, մեկը՝ զրկված էր քվեարկելու իրավունքից։ Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր ստացել էին, բայց մտահոգ են մասնակցության ցածր տոկոսից։ Ո՞ր թեկնածուն հանուն ինչպիսի Երևանի քվեարկեց։ Ովքե՞ր էին ուղեկցում Երևանի քաղաքապետի թեկնածուներին։

Ընտանիքներով ու հարազատներով էին եկել ընտրատեղամասեր Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցող թեկնածուները։ Նրանք հիմնականում մտահոգված էին ընտրողների ցածր մասնակցությունից։ Հանուն Երևանի շարունակական զարգացման քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Ի պատասխան հնչող մեղադրանքների՝ Ավինյանը հայտարարեց՝ վարչական ռեսուրսի կիրառումը որևէ տրամաբանություն չունի։ Անճշտություններ, իհարկե, կարող էին լինել՝ ասաց թեկնածուն.

«Մեզ մեղադրելու որևէ տրամաբանություն չկա։ Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիներին խնդրանք ու հորդոր ունի․

«Ուզում եմ դիմել երևանցիներին, խնդրանքս ու հորդորս մեկն է՝ գնալ ու մասնակցել ընտրություններին։ Սա մեր քաղաքի ապագան է, քաղաքային իշխանությունների ընտրություններում միշտ էլ պասիվություն եղել է, բայց, բնականաբար, բնակչության մոտ կա նաև ապատիա»։

Երևանի ավագանու այս ընտրություններում արձանագրված ընտրախախտումների մասին ահազանգեր ստացել են, բայց դեռ կսպասեն՝ քվեարկությունից հետո ասաց «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանը․

«Ժամը ութին արդեն կերևա, մենք էլ մեր տեսակետները կհայտնենք, բայց ամենակարևորը քաղաքացիների ակտիվությունն է»։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը նույնպես մտահոգ է ընտրողների մասնակցության ցածր մակարդակով։ Այստեղ էլ են տարբեր ընտրախախտումների մասին ահազանգեր ստացել․

«Մենք դրանք հավաքում ենք։ Այսօր նաև գերեզմանատներ են այցելում։ Դա կարող է նաև մեր տրամադրության վրա ազդեցություն ունենալ։ Ուստի հորդորում եմ՝ անձնական գործերից հետո էլ անպայման մասնակցել»։

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը նույնպես արձանագրում է՝ պետք է մասնակցել ընտրություններին․

«Ես մեկ անգամ ևս խնդրում եմ Երևանի բնակիչներին՝ անպայման մասնակցել ընտրություններին։ Խորապես համոզված եմ՝ այս ընտրությունների քաղաքական արժեքը չափից դուրս մեծ է»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը քվեարկությանը դստեր հետ էր եկել։ Հանուն եվրոպական մոդել ունեցող մայրաքաղաքի քվեարկող Խաժակյանը նույնպես հորդորում է ակտիվորեն մասնակցել ընտրություններին․

 «Համեմատականով կարող ենք ասել, որ մասնակցության մակարդակը ցածր է։ Ակնհայտ է, որ այն 2018 թվականի մասնակցությանը չի հասնի։ Ես հույս ունեմ, որ կմասնակցեն, կքվեարկեն, քանի որ հինգ տարվա Երևանի կառավարումը այսօրվանից է կախված»։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, ինչպես ինքն ասաց՝ մարտական բարձր ոգով մասնակցեց քվեարկությանը՝ ընտանիքի անդամների հետ։ Նշեց՝ մինչ ընտրատեղամաս գալը հասցրել է 40 րոպե հեծանիվ քշել։ Զեյնալյանը երևանցիներին կոչ արեց մասնակցել ընտրություններին․

«Անկախ նրանից՝ ինչպես կքվեարկեն, բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի մենք մեկս մյուսին ու պետականությանը հավաստենք մեր հավատարմությունը։ Ես քվեարկել եմ, որպեզի Երևանը լինի կոկիկ, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք»։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը իր երեխաների հետ է մասնակացել քվեարկությանը։ Թարվերդյանը քվեարկել է հանուն երեխաների ապագայի ու երջանիկ քաղաք ունենալու։ Խոստովանել է՝ այս փուլում ոչ միայն ինքը, այլև որևէ մեկը 50 տոկոս ձայն հավաքվելու հնարավորություն չունի։

«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն ընդգծեց՝ քվեարկել է, որ երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ ու անվտանգ քաղաքում

«Վստահ եմ, որ ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքները և պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։ Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, ինչը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել։

Հաղթանակ կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց իր մեծ ընտանիքի հետ։ Մնացականյանը քվեարկեց հանուն տարածքային համաչափ զարգացման «Երևանը դառնա ամենակարևորը համաչափ զարգացած»։

Ժողովրդական համախմբում կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը քվեարկությանը երեխայի հետ մասնկացելը խորհրդանշական է համարում։ Նկատում է՝ պասիվություն կա, բայց դժվարանում է բացատրել՝ ինչու․ «Իմ խորին համոզմամբ՝ հիմնականում հասարակությունը ունի խորքային հիասթափություն։ Գործընթացներից որպես այդպիսին այլևս չունի»։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանն ընտրությանը մասնակցեց Երևանի համաչափ զարգացման ու խաղաղ մայրաքաղաքի տեսլականով: Նա մեկ անգամ ևս նշեց, որ իրենց կուսակցությունն անակնկալ է լինելու արդյունքների տեսանկյունից՝ լավ առումով: Ի վերջո, պետք է լինի քաղաքական սերնդափոխություն, ի վերջո, պետք է գան նոր քաղաքական մտածողությամբ մարդիկ, երիտասարդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայի ծառայելու հանրային շահին, ծառայելու հանրությանը, ընդգծեց Ղուկասյանը։

Ընտրությունը ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, որքան քաղաքական ուղղվածության՝ ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը։ Ընդգծեց՝ «Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների շեմին, բացատրեց՝ անցումային շրջանի պատճառն էլ այս պասիվությունն է, որն ակնհայտ է»։

«Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը չքվեարկեց․ իրավունք չուներ։ Նա կալանավորված է։ Գալստյանին մեղադրում են փողերի լվացման ու խարդախության մեջ։

Back to top button