ԿարևորՔաղաքական

Մեր ձգտումն է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ ՀՀ նախագահ

Շատ բարդ բանակցային գործընթաց է ընթանում, շատ բարդ իրավիճակ է, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Արցախի հարցում իշխանությունը նահանջ չի արել, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

«Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ պետք է կարողանանք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծել: Որեւէ մեկնաբանություն, թե իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, ընդհանրապես իրականության հետ կապ չունի: Մեր ժամանակի մեծ մասը նվիրված է դրան»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցություններում տարաձայնությունները վերաբերում են հենց ԼՂ-ին. «Եկեք շատ չբացենք, որովհետեւ մեր շատ հայտարարություններ կամ մեկնաբանություններ ի օգուտ չեն լինում: Հակառակորդն անընդհատ հղում է անում ՀՀ տարբեր պաշտոնյաների տարբեր մեկնաբանություններին: Մեր ձգտումն է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել, որ անընդհատ հերթական անորոշ իրավիճակում չհայտնվենք այն առումով, որ կարող է սահմանին զորքեր կուտակվել կամ չկուտակվել: Այլ մենք ունենանք վստահելի մի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված սահմանների անձեռնմխելիության եւ ինքնիշխանության կորստի հետ կապված որեւէ խնդիր չունենանք»:

Back to top button