Երկրորդ շնչառություն

Հագեցած առօրյա և սոցիալական ակտիվ կապեր. 84 ամյա Միշա Մարգարյանի` երիտասարդ մնալու բանաձևը․ «Երկրորդ շնչառություն»

84-ամյա Միշա Մարգարյանը միշտ ներկայանում է 68 տարեկան, բայց մինչև հիմա ոչ մեկն էլ չի կասկածել, թե խաբում է, քանի որ այդչափ երիտասարդ է երևում:

Պրոֆեսիոնալ դերձակ է, ինքնուս երգիչ, վերջին տասնամյակում էլ՝ բնորդ ու դերասան, ամբողջ կյանքում արվեստին շատ մոտ է եղել: Երիտասարդ մնալու հատուկ գաղտնիք չունի, ոչ էլ հատուկ հաբեր է ընդունում, ուղղակի ամբողջ օրն զբաղված է, տանը չի նստում, նրա կյանքը երիտասարդական տեմպ ունի:

«Երբ թոշակի անցա, հասկացա, որ տանը չեմ կարող նստել, ես պետք է մի բան ստեղծեմ կամ մի բան մտածեմ ու տնից դուրս գամ»,— ասում է Մ.Մարգարյանը՝ ավելացնելով, որ ամեն առավոտ օրն սկսում է 50 գրամ օղիով, մոտ երկու ժամ քայլում է:

Նրա պատմելով՝ խորհրդային տարիներին դերձակ է աշխատել Թումանյան-Տերյան խաչմերուկում գտնվող հայտնի արտադրամասում և գործ անելիս քթի տակ միշտ էլ երգել է և արտիստների հագուստներ պատրաստելիս ակամայից ծանոթացել է նրանց կենսակերպին և երազել նրանց պես բեմ բարձրանալ, համերգներով շրջագայել աշխարհով մեկ: Հայտարարված մրցույթին մասնակցել է և ընտրվել երգելու երգչախմբում, իսկ դրանից հետո սկսել է դերասանական կարիերան: Դերերը հեշտ է կերտել, ռեժիսորները հավանել են կերպարների մատուցման իր իմպրովիզները:

Քասթինգ մենեջեր Ինգա Սարուխանյանը պատմում է, որ արդեն ավելի քան տասը տարի համագործակցում է տարիքով դերասանի հետ և նա միակը չէ:

«Տարեցների հետ աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ նրանք չափազանց պարտաճանաչ են ու շնորհակալ, ինչը մոտիվացնում է ավելի հաճախ համագործակցել նրանց հետ, ընթացքում էլ լսել նրանց իմաստուն խորհուրդները»,-ասում է նա:

Այսօր էլ Միշա Մարգարյանը կյանքի նախանձելի ռիթմ ունի, այնպես, որ նույնիսկ տնեցիներն են զարմանում: «Հարսս ասում է, քեզ երիտասարդի տեղ ես դնում, ամեն տեղ գնում ես: Ես էլ պատասխանում եմ, բայց ես ձեզանից գումար չեմ ուզում, փոխանակ դուք ուրախ լինեք, որ ես կյանքս վայելում եմ»,-պատմում է նա՝ ավելացնելով, որ իր աշխատած ու հավաքած գումարով ամեն ձմեռ հանգստանում է Ջերմուկում, իսկ ամառները կարողանում է ծով գնալ:

Թոշակի մի մասը տալիս, որ օգնած լինի տնային հոգսերին, մնացած մասով փորձում է կյանքն ավելի բովանդակալից դարձնել, ամեն օրը՝ հիշարժան:

«Շնորհակալ եմ Աստծուց, որ կարողանում եմ ինձ դրսևորել, ոչ մեկին նեղություն չեմ տալիս, ոչ ոտքս է ցավում, ոչ ձեռքս է ցավում, կներեք էլի, ամեն ինչս էլ աշխատում է, ես ոչ մի խնդիր չունեմ»,- նկատում է բազմանշանակ կերպով ավելացնելով՝ «ես ախր շատ աշխույժ եմ, տանը ո՞նց նստեմ»:

Back to top button