Կյանքից հեռացել է կոլումբացի նկարիչ, քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն


Կոլումբիայից գեղանկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն մահացել է 91 տարեկան հասակում Մոնակոյի իր տանը։
Բոտերոն ծնվել է Մեդելինում՝ Կենտրոնական Կոլումբիայում, 1932 թվականի ապրիլի 19-ին։ Նրա աշխատանքները պատկանում են ֆիգուրատիվիզմի ոճին։ Նկարիչը հայտնի է դարձել, երբ 1959 թվականին կոլումբացի նկարիչների ցուցահանդեսում արժանացել է առաջին մրցանակի:
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ցավակցություն հայտնելով Բոտերոյի մահվան կապակցությամբ, նրան անվանել է «մեր ավանդույթների, թերությունների, առաքինությունների, բռնության և խաղաղության արվեստագետ»։
Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան բնութագրել է որպես «Կոլումբիայի և աշխարհի ամենամեծ արվեստագետներից մեկը»: Պետության մեկ այլ նախկին ղեկավար Իվան Դուկեն ասել է, որ «իր աշխատանքի կարևորությունը և նրա գեղարվեստական ժառանգությունը կմնա ազգի պատմության մեջ և կոլումբիացիների սրտերում»։
Երևանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում, տեղադրված են Ֆեռնանդո Բոտերոյի երեք քանդակներ՝ «Կատուն», «Հռոմեացի զինվոր» և «Ծխող կինը»։