Գաֆեսճյան արվեստի կենտրոնում այս օրերին ցուցադրվում է կոլեկցիոներ Թաթուլ Առակյանի հավաքածուն, որն ընդգրկում է 80-ականների վերջի և 90-ականների սկզբի 32 արվեստագետների շուրջ 120 աշխատանք։
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներնների ընտրությունը» ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, երբ դեռ ողջ էր Ջերարդ Գաֆեսճյանը ու նպատակ ուներ բացահայտել հայաստանյան կոլեկցիոներներին։
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ասում է, որ երևանյան կոլեկցիոներների հավաքածուների ցուցադրությունը բացահայտում է հայ արվեստի կարևոր շերտերը, որոնք պահպանվել են շնորհիվ կոլեկցիոներնների։
Թաթուլ Առակյանի ողջ հավաքածուն, որն ընդգրկում է շուրջ 400 ստեղծագործություն, ձևավորվել է 1990 թվականից՝ կազմված իր միջավայրի արվեստագետների ու, իր խոսքերով, պատմական արժեք ներկայացնող ստեղծագործություններից, հատկապես աբստրակտ գործերից, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվել խորհրդային արվեստի պատկերացումներում։
«Ես համարում էի, որ աբստարկցիոնիզմը դուրս է մնացել մեր մշակութային դիտակետից , երբ 91 թվականին ցուցասրահ բացեցի, հիմնականում աբստարկցիոնիստներին էի ցուցադրում, բայց եթե աբստակցիոնիզմի առաջ մարդիկ իրենց ճնշված էին զգում, ապա էլ ավելի շփոթվում էին ժամանակակից արվեստի այլ ուղղությունների, օրինակ՝ պոպ արտի առաջ», – ասում է Թաթուլ Առակյանը։
«Բոդրիարն ասում է․ «Մարդ ինչ հավաքում է, հենց ինքն է»․ այս մտքի հետ համընկավ նաև Թաթուլի միտքը, որ «իմ կոլեկցիան իմ երկրորդ եսն է, եթե խոսքը կոլեկցիայի մասին է, ապա մարդ ինչ հավաքում է, իր արտացոլանքն այնտեղ է», – ասում է Արմեն Եսայանցը։
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում Թաթուլ Առակյանի հավաքածուն կցուցադրվի մինչև նոյեմբերի 5–ը։