Երաժշտական եռանկյունի

Արման Պեշտմալջյանի «Ֆյուժն» բանաձևը․ «Երաժշտական եռանկյունի»

Ֆյուժն երաժշտական տերմինը թարգմանաբար կարելի է հասկանալ որպես «միախառնություն»։ Այն ենթադրում է բոլոր ժանրային, գեղագիտական, երբեմն մշակութային տաբուների և պայմանականությունների անտեսում և երաշխավորում է լիակատար երաժշտական ազատություն։

Այդ երևույթը պայմանավորեց երաժշտության ընթացքն ու զարգացումը բազմաթիվ ոլորտներում, ակադեմիականից՝ ջազ, էթնիկ երաժշտությունից՝ ռոք, անսահման հնարավորություններ ստեղծեց ամենատարբեր մշակութային տարածքներ ներկայացնող երաժիշտների համար համագործակցելով՝ որոնել և ստեղծել նոր երաժշտական ձևեր, ուղղություններ և տեսակներ։

Մեր հաղորդման հյուրը՝ դաշնակահար, ստեղծագործող և գործիքավորող Արման Պեշտմալջյանը բնութագրելով իր երաժշտական տիրույթը երկար տատանումներից հետո նախընտրեց հենք «ֆյուժն» սահմանումը։

«Պատկերացրեք, որ ավարտել եմ Երևանի պետական կոնսերվատորիան հարվածային գործիքներ մասնագիտությամբ։ Երաժշտական հակումներս պայմանավորված էին տանը հնչոջ ջազային երաժշտությամբ, իսկ մասնագիտական նվագարանն ընտրելը՝ պայմանական էր, քանի որ տիրապետում էի և՛ կիթառը, և՛ դաշնամուրը, դեռ ուսանողական տարիներից ակադեմիական երաժշտությանը զուգահեռ նվագելով ջազ և գործիքավորումներ անելով ընկերներիս համար»,- ասում է Արման Պեշտմալջյանը։

Այդ տարիների բազմաթիվ համագործակցություններից առանձնացնում է հանդիպումն թառահար Միքայել Ոսկանյանի հետ, որին հաջորդեց հրավերը նվագելու VMF հանրաճանաչ խմբի կազմում։

Ազգային տարրը, էլեկտրոնային և ջազում ընդունված նվագարանների շնորհիվ այդ խումբը արագ սիրվեց և մեծ ճանաչում ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս, ինչի մասին վկայում են բազմաթիվ հյուրախաղերը, փառատոններն ու համերգները։

Խմբին հատուկ հնչեղությունը, բացի թառի յուրահատուկ տեմբրի՝ պայմանավորված է նաև Արման Պեշտմալջյանի գործիքավորման առանձնահատկություններով։ Երկրորդ երաժշտական նախագիծը՝ «Գողթ»-ն է։ Ինչպես նշում է երաժիշտը, այստեղ նա ավելի ազատ է նյութն ընտրելու և գործիքավորելու ոճային դրսևորումների մեջ։

«Զեստենգուստո» նախագիծը, ի տարբերություն մնացածների՝ միայն ստեղնաշարային գործիքների վրա նվագելու ոլորտ է, որտեղ Արմանը հանդես է գալիս բացառապես որպես դաշնակահար։ Հեղինակային երաժշտությունն ու ազգային երգերի մշակումը՝ ևս մեկ ստեղծագործական ինքնադրսևորման տիրույթներն են։ Այստեղ երաժիշտը կատարում է ստուդիական աշխատանք և ստեղծված նյութը գոյություն ունի ձայնագրության տեսքով։

Վերջին շրջանի համագործակցություններից Արման Պեշտմալջյանը արժևորում է «Երևան քոլինգ» նախագիծը, ուր նա հրավիրվեց թավջութակահար, բաս-կիթառահար և ստեղծագործող Արտյոմ Մանուկյանի կողմից, հատկապես՝ խմբում տիրող ստեղծագործության ազատության հատուկ ոգին և պահանջվող կատարողական արվեստի բարձր նշաձողը։

Կարճ ժամանակում, կոլեկտիվը ճանաչում ստացավ և հրավիրվեց հյուրախաղերի, ինչպես նաև մասնակցեց բազմաթիվ մեդիա երաժշտական նախագծերում։ Հաղորդման ընթացքում հնչում են Արման Պեշտմալջյանի ստեղծագործությունները, կատարումներն ու մշակումները, գործիքավորումները։

Back to top button