ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ընտրությունների միակ դաշինքը՝ արմատական փոփոխությունների խոստումով․ 14–րդ քվեաթերթիկը «Մայր Հայաստան»–ինն  է

Երևանի ավագանու ընտրություններին որպես դաշինք մասնակցող  միակ ուժը «Մայր Հայաստան»–ն  է՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսով։ Դաշինքում «Երկիր ծիրանի», «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներն են և անկուսակցականներ։ 14-րդ քվեաթերթիկով ընտրություններին մասնակցող դաշինքում համոզված են՝ երկրի օրակարգն անվտանգությունն է և իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մասնակցում են ընտրապայքարին։

Քարոզարշավի մեկնարկը երգով էր, կատարողը՝ ընտրական ցուցակի առաջին համարը, մեկնարկի վայրն էլ՝  համանուն «Մայր Հայաստան» արձանի հարակից տարածքը։

Անդրանիկ Թևանյանը խոստացավ հետ չմնալ ընտրողների հետ շփման տեխնոլոգիական միջոցներից ու ավելի հաճախ լայվերով հանդես գալ։ Քայլելով ու լայվերով «Մայր Հայաստան»–ն անցկացրեց քարոզարշավը։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական միակ ուժն է, որը դաշինք է ձևավորել։ Կազմում «Երկիր ծիրանի», «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններն են ու անկուսակցականներ, որոնք միավորվել են, երևանցիներին էլ կոչ են անում իրենց միանալ։ Կարգախոսը հենց այդպես էլ հնչում է՝  «Միացիր, որ փոխենք»։

«Մայր Հայաստան»–ին աջակցելու մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Դաշինքի օգտին քվեարկելու առանձին կոչ-հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Ընտրացուցակում 41 թեկնածուներից կեսից ավելին՝ 24–ը, չի աշխատում։  Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է՝ անկուսակցական, ԱԺ նախկին պատգամավոր։  Թևանյանն օրենսդիր մարմնում էր 2021–ի հունիսից՝  «Հայաստան» խմբակցության կազմում։ Այս տարվա օգոստոսին վայր դրեց մանդատը՝ «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորելու և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ Դաշինքում համոզված են, որ երկրի օրակարգն անվտանգությունն է և իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մասնակցում են ընտրապայքարին։

«Մենք ուզում ենք հանրությանը ուղերձ հղել, որ պետք է լայն համախմբում լինի, որ մեր երկիրն այնպիսի վիճակի մեջ է, որ տարբեր հետագծեր ունեցող մարդիկ պետք է միավորվեն, որ դուրս գանք այս վիճակից։ Թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, անվտանգային խնդիրները լուծելու համար էլ մենք մասնակցում ենք այս ընտրություններին»։

Քարոզարշավի ընթացքում թիմի անդամներն ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ եղան Երևանի վարչական բոլոր շրջաններում։ Ծրագրային դրույթներից բացի՝ երևանցիները նաև այլ մանրամասներ իմացան։

«Սա կինո «Հայրենիքի» այն թաղամասն է,  որտեղ ես եմ ապրել ավելի քան 30 տարի։ Դիմացը ֆուտբոլի դաշտ կար, որտեղ խաղում էինք մենք»։

«Դրոշը, դրոշը նայեք։ Մենք որ ասում ենք՝ «Միացիր, որ փոխենք», այ սենց են միանում։ Նայեք ու տեսեք, ձեր դեմը դուռ են շխկացնում, մեզ պատուհանից դրոշ են թափահարում»։ 

Քաղաքական հարուստ կենսագրություն ունի ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Զարուհի Փոստանջյանը։ Մասնագիտությամբ փաստաբան է, «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիրը։ 2018–ին  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր որպես քաղաքապետի թեկնածու ։ Մինչ այդ ԱԺ պատգամավոր էր «Ժառանգություն» խմբակցության կազմում։ Այս ընտրարշավին նույնպես ակտիվ է, կարևորում է, օրինակ,  թմրամիջոցների դեմ արդյունավետ պայքարի հարցը։

«Մեկ տարում 80 տոկոսով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Մենք ամեն օր մեր փողոցներում ականատես ենք օգտագործված  թմրամիջոցների պարագաների»

Ընտրական ցուցակում «Երկիր Ծիրանի»–ից Զարուհի Փոստանջյանը միակը չէ։ Այստեղ է նաև Սոնա Աղեկյանը։  Դաշինքի մյուս կուսակցությունը «Ինտելեկտուալ Հայաստան»–ն է, որի առաջնորդ  Մանուկ Սուքիասյանը ընտրացուցակում 3–րդն է։  Քաղաքական այս ուժը ձևավորվել է 2021–ի ապրիլին։

Ցուցակի վերջին համարը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր այս մասին՝ նշելով, որ «Մայր Հայաստան» շարժումն ավելին է, քան նախընտրական դաշինքը։  «Ցուցակն ու դաշինքը լոկ գործիքներ են երկրում արմատական փոփոխություններ անելու համար»,– գրել էր Դանիելյանը և հետգրությամբ  տեղեկացրել․

«Ձեր խոնարհ ծառան՝ որպես անհամեստ մարդ, ցուցակի ամենավերջին տեղում է»։

«Մայր Հայաստան» –ը նախընտրական քարոզարշավը կավարտի այնտեղ, որտեղից սկսել էր․ դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Շառլ Ազնավուրի հրապարակում  է։

Back to top button