Սփյուռքի ձայնը

Հայ-վրացական հարաբերությունները․ հայացք վիրահայ համայնքից․ «Սփյուռքի ձայնը»

Վրաստան-Հայաստան քաղաքական ու մշակութային հարաբերությունները դարեր շարունակ բարձր մակարդակի վրա են եղել, թեև նույն այդ դարերին երկու երկրները տարբեր ճամբարներում են եղել, ասում է «Վրաստան» թերթի խմբագիր, Վրաստանում հայազգի 5-րդ պատվավոր քաղաքացի, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական ու մի քանի ընտրաշրջաններում ընտրված պատգամավոր, թատերագիտությանը մոտ կանգնած հայազգի գործիչ Վան Բայբուրդը։

Ինչպիսի՞ն է վրացահայ մեր հայարենակցի աշխատանքային անցած ուղին, ինչպե՞ս է նա  պատգամավորության շրջանում անդրադարձել հայ համայնքին հուզող հարցերին և ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հուլիսին, Վրաստանի Ռուսթավելու անվան դրամատիկական և Ադամյանի անվան թատրոններում ներկայացված ամերիկաբնակ գրող, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի պիեսի բեմադրմանն ու վրացի հանդիսատեսի ընդունելությանը։

«Վրաստան» թերթը, որը խմբագրում է մեր հայրենակիցը մեկդարյա պատմություն ունի։ Ինչպե՞ս է հայ երիտասարդ լրագրողն իր ուղին գտել ժուռնալիստիկայի ասպարեզում և այս թերթում․ «80-ականների կեսերից եմ այս թերթի խմբագիրը, սակայն մեկ դարին համարժեք գործունեություն եմ ծավալել»,-ասում է Վան Բայբուրդը ։

Վան Բայբուրդը հպարտությամբ է նշում, որ սովորել է այն նույն դպրոցում, որտեղ սովորել են շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանը և աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

«Ես հպարտ եմ, որ սովորել եմ այն նույն հայկական դպրոցում, որտեղ իրենց կրթությունն են ստացել երկու լեգենդները, որոնցից մեկին՝ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Տիգրան Պետրոսյանը, ցավոք, այդ կոչմանը չի արժանացել, սակայն նրանց տան մուտքի մոտ տեղադրված է  հուշատախտակ՝ լեգենդար շախմատիստին նվիրված։ Ես այն հինգ հայերից մեկն եմ, որին ևս պատվավոր քաղաքացու կոչում են տվել։ Հպարտ եմ և պարտավորված, քանի որ այդ հայտնի գիտնականների ու մշակույթի գործիչների կողքին ես՝ պետական ու հասարակական գործիչս, արժանացել եմ այդ պատվին»։

Վան Բայբուրդը լրագրությամբ զբաղվելու հետ նաև քաղաքական դաշտում է իր կարողությունները փորձել։ Պատգամավոր, նախագահ Սահակաշվիլիի խորհրդական և այլն։

Ինչպե՞ս է գնահատում իր քաղաքական գործունեությունը և իր դերակատարությունը պատգամավորության տարիներին․ «Պատգամավորները բաժանվում են երեք խմբի․ նրանք, որոնք խոսում են ամբիոնից ու օրենքներ մշակում։ Նրանք, որոնք հանձնաժողովներում են քննարկումներ ծավալում և հարցեր բարձրաձայնում և նրանք, որոնք միայն մասնակցում են քվեարկություններին։ Ես՝ երկրորդ խմբում եմ եղել։ Հայ համայնքին, հայկական դպրոցներին ու  թատրոնին վերաբերող բազմաթիվ հարցեր եմ բարձրացրել, փորձել լուծումներ գտնել»,- ասում է Վան Բայբուրդը։

Վան Բայբուրդը բազմաթիվ հրապարակումներ ունի թատրոնների  մասին։ «Ես թատերագետ չեմ,- ասում է նա, այլ արվեստի այդ ճյուղի սպառող»։ Սակայն նրա հոդվածները՝ վերաբերող թատրոններին ու տարբեր բեմադրություններին, հասարակության ու թատերական աշխարհում կարծիք են ձևավորում։

«Վրաստանի Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնը և մի քանի այլ թատրոններ, միջազգային ճանաչում և համբավ ունեն։ Նրանց կողքին մեծ է նաև հայկական թատրոնի՝ Ադամյանի անվան դրամատիկականի դերը։ Ես հաճախ եմ վրացական թատրոնի գեղարվեստական ղեկավարին ասում, որ իրենց թատրոնի հաջողությունների որոշ մասը հայկական թատրոնի շնորհիվ է»,— ավելացնում է։

«Վերջերս, օրինակ, հայ բեմադրիչի ու հայ ռեժիսորի գործը այս երկու թատրոններում էին։ Հրաշալի պիես, որի հեղինակը ամերիկաբնակ Մարո Մադոյանն է, ռեժիսորը՝ Հակոբ Ղազանչյանը։ Այն, որ Ռուսթավելու անվան թատրոնի ղեկավարը խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց հայ դրամատուրգից՝ խոսում է այն մասին, որ գործի ասելիքը հասել է հանդիսատեսին։ Ներկայացումը, որը խաղացին երկու թատրոններում՝ հրաշալի ընդունելության արժանացավ»։

Նման համագործակցությունները պետք է շատ լինեն ու տարբեր ոլորտներում, ասում է Վան Բայբուրդը։ «Մեր երկու պետությունները, ինչպես նշել է ժամանակին վրաց պատրիարքը, դատապարտված են, քանի որ այս տարածաշրջանում մեզ այնքան էլ բարի աչքով չեն նայում։ Ու թեև մեր երկրները դարեր շարունակ և այսօր, գտնվել են տարբեր ճամբարներում, սակայն ազգային ու ավանդույթների շնորհիվ միասին ենք եղել, չենք հեռացել իրարից»,- նշում է ։

Back to top button