ԿարևորՔաղաքական

Փաշինյանը պարզաբանում է, թե որ պահից է աղճատվել ԼՂ հակամարտության բովանդակությունը

ԱԺ 6-րդ նստաշրջանի՝ Կառավարություն–ԱԺ առաջին հարցուպատասխանը ազդարարվել է խորհրդարանական ընդդիմության ռազմավարության փոփոխությամբ․ ի տարբերություն նախորդ նստաշրջանի՝ նրանք մասնակցել են հարցուպատասխանին և հարցեր են ուղղել կառավարության անդամներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ Ադրբեջանի որոշ շրջանակներ միտումնավոր օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումներ ձևավորելու, հայկական կողմի հակազդեցությունն առաջացնելու և որպես հետևանք՝ միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքորոշումների հանդեպ շփոթ առաջացնելու համար։ Տարակուսանքն առաջանում է այն պատճառով, որ, մի կողմից, Հայաստանը կողմ է  արտահայտվում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մյուս կողմից` Հայաստանին անընդհատ սադրում են և ստիպում են  դեմ խոսել «Զանգեզուրի միջանցքի» դեմ։  

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն օրերս Ստամբուլում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության մուլտիմոդալ տրանսպորտային և լոգիստիկ ֆորմումի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք» կոչվածին։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում  կրկնել է լավատեսությունը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցք»–ի ուղղությամբ աշխատանքները Ադրբեջանում շարունակվում են, թուրքական կողմում աշխատանքները սկսվելու են առաջիկա շաբաթներին, ամիսներին, իսկ Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված առաջընթաց կա։  

Ինչի՞ մասին է խոսել թուրք նախարարը, և ինչի՞ մասին է խոսում Հայաստանը․ վարչապետ Փաշինյանը մանրամասնում է․

«Արդյո՞ք մենք դեմ ենք Հորադիզ–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղու վերաբացմանը։ Ոչ, մենք դեմ չենք։ Արդյո՞ք մենք դեմ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը։ Ոչ, կողմ ենք և կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն։ Արդյո՞ք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր։ Ոչ, մենք դեմ չենք, ընդհակառակը՝ շահագրգռված ենք և հետաքրքրված ենք այդ ծրագրերով։ Այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»։

Վարչապետը նշում է, որ այս ծրագրերը Հայաստանին և մյուս երկրներին բերելու են մեծ եկամուտներ, բայց հստակեցնում է՝ անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն։  

Վարչապետի ձևակերպմամբ՝ բառացիորեն վաղը Հայաստանը կարող է սկսել աշխատանքները նշված ծրագրի ուղղությամբ։

«Արդեն երկար ժամանակ Հայաստանի կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան–Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին»։

Վարչապետը հստակեցնում է, որ մենք «միջանցք» ձևակերպումն ընկալում ենք եռակողմ հայտարարության շրջանակում, որտեղ ընդամենը մեկ միջանցքի՝ Լաչինի մասին է խոսվում։ Հայաստանի տարածքով անցողն որևէ միջանցքի մասին խոսք չկա։ Փաշինյանն օրինակ է բերում՝ Հյուսիս–Հարավ ճանապարհը նույնպես երբեմն ձևակերպվում է որպես միջանցք, բայց այն փաստացի հատուկ կարգավիճակ չունի։

Խնդրահարույց մեկ այլ հարցի վերաբերյալ նախապես պատրաստված փաստաթղթերով  էր ԱԺ եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա համոզված է, որ Ալմաթիի հռչակագրի մասին վարչապետ Փաշինյանի պնդումները սխալ են․

«Որևէ երկիր չի վավերացրել այդ հռչակագիրը՝ ոչ վերապահումներով, ոչ էլ առանց։ Ըստ այդմ՝ այն չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս։ Հայաստանը 1992–ին վավերացրել է Ալմաթիում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ՝ արձանագրություն, որով Հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին։ Սա է փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը Ադրբեջանը չի վավերացրել և միացել է ԱՊՀ–ին 1993–ի սեպտեմբերի 24–ին։ Սա էլ այս մյուս փաստաթուղթը։ Կասկածում եմ, որ երկրի 5 տարվա ղեկավարը այս հույժ կարևոր մանրամասներին տեղյակ չլինի։ Ուստի, ըստ իս՝ իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չընդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար մեղավորներ փնտրել։ Խնդրում եմ տեղեկացնել, թե երբ Ալմաթիի հռչակագիրը դարձավ արցախյան հակամարտության կարգավորման հիմք, և ով է դրա նախաձեռնողը»։

Նախաձեռնողի մասին հարցին վարչապետ Փաշինյանը նախընտրեց պատասխանել՝ մեջբերելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված․  

«Ես հիմա այդ հարցազրույցը բացել եմ և Տեր–Պետրոսյանի պատասխանը մեջբերեմ․ «Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակը այսօր այնպիսին է, որ կարծում եմ, լիովին կբավարարեր ԼՂ բնակչությանը։ Ավելին մենք չենք էլ ցանկանում»։ Ահա այս պահից է, որ Ալմաթիի հռչակագիրը, սա 1991 թվականի դեկտեմբեր ամիսն է, հայտնվել է ԼՂ հարցի կարգավորման համատեքստում։ Հարցը ոչ մեղադրելու, ոչ չմեղադրելու։ Դուք ասացիք՝ ո՞ր պահից է, որ Ալմաթիի հռչակագիրը հայտնվել է ԼՂ հարցի համատեքստում, ես պատասխանում եմ՝ հենց ստորագրման պահից»։

Back to top button