ԿարևորՀասարակություն

Նվազեցնել կորուստները, լուծել պարենային անվտանգության հարցրերը

Հայաստանում պարենային անվտանգության խնդիրներն ավելի են սրվել արցախյան վերջին պատերազմից հետո։ Հողատարածքների կորստից զատ նաև ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական ներուժի կորուստ ենք ունեցել։ Կտրուկ կրճատվել է անասնագլխաքանակը, այսինքն՝ կաթն ու միսը։ Թռչնամսի ինքնաբավությունը վերջին տարիներին փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 24 տոկոսի։ Ցորենի մասով էլ պատկերը հուսադրող չէ։ Կառավարությունում սակայն, պնդում են՝ աջակցության ծրագրեր իրականացնում են։

Հայաստանը ներկրվող ցորենի ավելի քան 99 տոկոսը բերում է ՌԴ-ից․ իսկ միայն 2020 թվականին ցորենի ներմուծումն ավելացել է 40 տոկոսով։ Շատ փոքր քանակությամբ ներմուծվել է նաև Ուկրաինայից, Ղազախստանից։ Ցորենի ներկրման աշխարհագրությունը դիվերսիֆիկացված չէ, ինքնաբավության մակարդակն էլ տարեցարի, վիճակագրության համաձայն, նվազում է։ Եթե անգամ Հայաստանը շատ մեծ գումար ունենա, նրա մատակարար գործընկերները վստահելի չեն՝ ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավեիտյանը՝ հիշեցնելով՝ երբ ռուս–ուկրաինական պատերազմը սկսվեց, ՌԴ–ն սահմանափակեց ցորենի արտահանման թույլտվությունը․

«ՌԴ քաղաքականությունը պարզ է, նրա տնտեսական քաղաքականությունը քաղաքականի հետ է կապվում։ Չի բացառվում, որ մի օր ասի՝ չի կարող մեզ ցորեն տալ։ Դրա համար գոնե մեր նվազագույն պահանջարկը պետք է կարողանանք սեփական արտադրությամբ լրացնենք»։

2022–ին կառավարությունը ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կոնկերտ ծրագիր սկսեց։ Յուրաքանչյուր 1 հա–ի դիմաց ծախսերի փոխհատուցում էր տրամադրում 70 հազար դրամ սովորական, 120 հազար դրամ էլ՝ հավաստագրված սերմացուով մշակություն իրականացնելու դեպքում։ 2022–ին մեկնարկած կառավարության ծրագիրը արդյունք տվեց, բայց այն նաև հարցեր առաջացրեց՝ գուցե ջրագիծ կամ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգ էր պետք ունենալ՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Բայց այս ծրագիրն էլ Հայաստանի պարենային անվտանգության հարցը ամբողջությամբ լուծել չի կարող։ Պարենային անվտանգության խնդրի լուծման համար կորուստները նվազեցնելն է՝ ասում է․

«Ամբողջ  աշխարհում արտադրված սննդամթերք 1/3–ը դիտարկվում է որպես կորուստ։ Այդ նույն համատեքստում, երբ նայում ենք ու տեսնում, որ ամբողջ աշխարհում 800 մլն թերսնված մարդ կա, դուրս է գալիս, որ անթույլատրելի մակարդակում են սննդի կորուստները։ Զարգացած երկրներում այդ սննդի կորուստը հիմնականում տեղի է ունենում արդեն վերջնական սննդի տեսքով, իսկ զարգացող ու թերզարգացող երկրներում ՝ բերքահավաքի ու հետբերքահավաքային մակարդակներում»։

Հայաստանի պարենային զամբյուղում հացաբուլկեղենն ու կարտոֆիլն է։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ավելի մեծ ուշադրություն դարձնել սննդի այս տեսակների վրա։ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացնում է միջազգային փորձագետների կարծիքը․

«Ձեր քաղաքականությունը պետք է լինի ավելի բարձրարժեք մշակաբույսերի՝ միրգ–բանջարեղենի, մսի, կաթնամթերքի արտադրությանը, որի արդյունքում գները կնվազեն ու հասանելի կդառնան բոլորին։ Քաղաքականության մոտեցման առումով եմ սա ասում»։

Ինքնաբավության մասով տավարաբուծության, թռնաբուծության ու խոզաբուծության ոլորտներում ցուցանիշը ցածր է, ուստի կառավարությունը խոշոր ներդրողներին աջակցություն է տրամադրում։ Ծրագրերն արվում են, բայց Սամվել Ավետիսյանի մտահգությունները չեն փարատվում․

«Ի՞նչ ցանեն, օրինակ, Շիրակում կամ Գեղարքունիքում։ Այս մարզերն են մեր հացահատիկի հիմնական արտադրությունը։ Այլընտրանքը չեմ տեսնում ես։ Շիրակում, օրինակ, շատ լավ կուլտուրաշրջանառություն էր ձևավորվել։ Մեկ տարի ցանում էին ցորեն, հաջորդը՝ կարտոֆիլ։ Ստանում էին լավ արդյունք, այժմ այդ տրամաբանությունը կարծես թե փոխվում է»։

Սերմերի արտադրությունը  Հայաստանում չի զարգանում, տեխնոլոգիաների թարմացումն ու նորացումը՝ նույնպես։ Վերջին հետազոտություններն առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության մասով լավատեսություն չեն ներշնչում․ «Ամբերդ» կենտրոնի հետազոտություններն են փաստում։ Կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանն առանձնացնում է հատկապես հացահատիկը, բուսական յուղը, հատիկընդեղենային մշակաբույսերը․

«Խոսքը վերաբերում է նաև շաքարին, խոզի մսին, իսկ հատկապես թռնչամսի ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է։ Չունենք սեփական հումքի արտադրություն, և ինչ էլ արտադրում ենք, ներկրված հումքով է։ Եթե ինչ-որ լոգիստիկ խնդիրներ առաջանան, կկանգնենք փաստի առաջ։ Ամենակարևորը հացն է, որի ինքնաբավության մակարդակը տարեցտարի իջնում է՝ 2016-ին 53 տոկոս էր, 2020-ին՝ 24․4 տոկոս։ Կանխատեսում եմ, որ 2021-ին ավելի ցածր է եղել» ։

Հայաստանը բուսական յուղի առումով անգամ 1 տոկոսով ինքնաբավ չէ՝ նկատում է Ավետիսյանն ու հիշեցնում՝ կրճատվել են նաև յուղատու մշակաբույսերի ցանքերը։

«Ունենք սոյա աճեցնելու հնարավորություն, բայց մեր բնակչությունը սոյան կենցաղում չի օգտագործում, մինչդեռ հայ գիտնականները սոյայի բավականին լավ սորտեր են ստացել, որոնք բավականին բարձր բերքատվություն կարող են ապահովել»,-ասում է Ավետիսյանը։

Հայաստանում պարենային անվտանգության խնդիրները, փորձագետի գնահատմամբ, ավելի են սրվել արցախյան վերջին պատերազմից հետո։ Հողատարածքների կորստից զատ նաև ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական ներուժի կորուստ ենք ունեցել։ Կտրուկ կրճատվել է անասնագլխաքանակը, այդպիսով՝ կաթն ու միսը։ Թռչնամսի ինքնաբավությունը վերջին տարիներին փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 24 տոկոսի, բայց Սամվել Ավետիսյանը հիշում է այն տարիները, երբ Հայաստանն անգամ թռչնամիս էր արտահանում․ «Հիմնական պատճառն, ըստ էության, կերի խնդիրն է։ Ունեցել ենք ժամանակներ, երբ թռչնամսի ավելցուկ կար, ու անգամ արտահանում էինք»։

Փորձագետների հայացքը հիմա դեպի հնարավոր այլընտրանքային շուկաներն է, թեև նաև հաշվարկում են, որ տեղափոխման ծախսը կավելանա, ներկրվող ապրանքի գինը՝ ևս։ Ելքը սեփական արտադրության ավելացումն է, բայց գյուղացիների թվարկած խնդիրների շարքն էլ սկսվում է ու չի ավարտվում։ Կառավարությունն էլ՝ միջազգային փորձը մատնանշելով, աջակցության ծրագրեր է իրականացնում։ Բայց ոլորտի խնդիրները չեն ավարտվում։

Back to top button