Այսօր լուսադեմին՝ Արցախի շրջափակման մեկնարկից ուղիղ 9 ամիս անց, Աղդամով Ստեփանակերտ է մտել ռուսական հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարը՝ առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Աղդամի ճանապարհով Ռուսաստանից հումանիտար օգնություն Արցախ ուղարկելու մասին հայտնի էր դարձել դեռ շաբաթ երեկոյան։ Ադրբեջանական կողմը, սակայն, խախտել էր պայմանավորվածությունը՝ լրացուցիչ պայմաններ առաջադրելով։ Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր՝ Բաքուն Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի համաժամանակյա օգտագործման որոշում է կայացրել՝ ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում։
1000 փաթեթ սնունդ, մեկ փաթեթի ընդհանուր քաշը՝ 11,4 կգ, 270 փաթեթ՝ անկողնային պարագաներ, 200 փաթեթ հիգիենայի պարագաներ և 192 փաթեթ մանկական պարագաներ։
Ասկերանով Ստեփանակերտ հասած ռուսական հումանիտար բեռների ցանկը հրապարակել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը՝ նշելով, որ օգնությունը տրամադրվելու է բնակչությանը, թե ինչ սկզբունքով, կտեղեկացնեն ավելի ուշ։
Ադրբեջանի արտգործնախարարությունը սա առաջընթաց է համարում և պնդում ՝ Աղդամի ճանապարհին զուգահեռ պատրաստ են նաև Լաչինի անցակետով Կարմիր Խաչի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել ՝ մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի տարածած հաղորդագրությունում ասված է.
«Փաստը, որ բեռը հասցվել է հենց Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, մենք գնահատում ենք որպես դրական քայլ եւ կարեւոր տեղաշարժ այդ ճանապարհի բացման ուղղությամբ։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել բեռների փոխադրման համար ԿԽՄԿ-ի միջոցով, «Լաչին» անցակետով՝ սահմանապահ եւ մաքսային ընթացակարգերի պահպանմամբ, զուգահեռաբար օգտագործելով Ակնա-Ստեփանակերտ» ճանապարհը»։
Լաչինի միջանցքն առայժմ փակ է, իսկ փորձագիտական շրջանակներում իրավիճակի գնահատականները տարբեր են։ Ոմանք կարծում են, որ Ստեփանակերտն այդպիսով տեղի է տվել Բաքվի պահանջին։ Որոշ փորձագետներ, մինչդեռ, նկատում են՝ Բաքվի պահանջներից էր, որ ադրբեջանական բեռները նույնպես անցնեն Աղդամով, ինչը տեղի չի ունեցել։ «Կովկասի» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյան.
«Սա կոմպրոմիս էր երկու կողմից էլ։ Մի կողմից՝ Ադրբեջանը չի ստացել իր ուզածը, մյուս կողմից էլ, ամեն դեպքում, հայկական կողմը չէր ուզում, որպեսզի այս ճանապարհը աշխատի, բայց կրկին ստիպված գնաց դրան՝ այն ձևակերպումով, որ դա միայն ռուսական կողմի համար ու միայն մեկ անգամ։ Թեև՝ չգիտենք, թե հետագայում ինչ զարգացում է լինելու»։
Ըստ որոշ փորձագետների՝ ռուսական խորհրդանշական օգնությունը գուցե և փոփոխություն մտցնի արցախյան իրավիճակում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Արցախի իշխանությունների և ռուսական կողմի, ինչպես նաև՝ Բաքվի ու Մոսկվայի միջև՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Լաչինի միջանցքը վերագործարկելու ուղղությամբ։
«Միայն վերագործարկում ասելը բավարար չէ հասկանալու համար, թե ի՞նչ է դա նշանակում։ Դա, օրինակ, ենթադրում է միայն Կարմիր Խաչի համար, դա վերաբերում է նաև ռուսական խաղաղապահներին, որոնք տարբեր փուլերում ապրանքներ էին տեղափոխում Արցախ։ Դա վերաբերում է նաև շարժերի վերականգնմանը և այլն։ Այսինքն՝ մեծ թվով բանակցային փաթեթ կա, որը, որքանով ես եմ տեղյակ, այս պահին էլ քննարկվում է և փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով նաև իրականացնել Լաչինի վերագործարկումը։ Միայն տեղյակ եմ, որ խոսքը գնում է շատ մոտ ժամանակում վերագործարկման մասին։ Ես այս պահին դժվարանում եմ ասել՝ դա կլինի 12 ժամվա ընթացքում, թե՝ 24 ժամվա ընթացքում»։
«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Աղդամով ռուսական օգնության մուտքը Ստեփանակերտ իրավիճակային, բայց ոչ երկարատև լուծում է։
«Սա ընդունվել է այն պայմանով, որ գոնե մասնակիորեն կապը շատ սահմանափակ վերականգնվի Լաչինի միջանցքով։ Սակայն, սա նաև իր հերթին վտանգներ է ներկայացնում։ Մի կողմից՝ պարզ է, որ սա մեկանգամյա ճանապարհի բացում է, բայց մյուս կողմից Ադրբեջանը կարող է ավելացնել ճնշումները, որպեսզի պարտադրի այն ձևակերպումը, որ եթե մեկ անգամ բացվել է, ապա թող երկրորդ անգամ էլ բացվի և այլն։ Այսինքն՝ այստեղ կան ռիսկեր և չեմ կարծում, որ սա էականորեն որևէ բան լուծում է»։
Այսպիսով, սա վատ լուծում է, բայց փաստ չէ, որ ավելի լավ լուծում կա՝ ասում է «Կովկաս» ինստիտուտի փորձագետը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Իքս»-ի /նախկին Թվիթերի/ իր միկրոբլոկում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նշանակալի արդյունքի հասնելու համար վստահություն է պետք։
«Խաղաղ գործընթացն ընդունելի փուլ վերադարձնելու համար միջազգային հանրությունն ու միջնորդները պետք է Ադրբեջանից պահանջեն համարժեք քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Հայաստանի՝ վստահության ամրապնդման քայլերի: Դրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակում, որը կերաշխավորի նրա ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ադրբեջանական բանտերից ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, սկսի սահմանազատման և սահմանագծման գործընթացը 1975 թվականի քարտեզի հիման վրա և ապաշրջափակի տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ կողմերի ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա»:
«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ միջազգային արձագանքը թեև հասունանում է, բայց չի հասել այն աստիճանի, որ առավել հստակություն դրսևորի՝ Ադրբեջանի վրա ազդելու առումով։ Հետևաբար, նրա կարծիքով, այս պահի դրությամբ պայմանավորվածությունն այնպիսինն է, որ Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը և ընդամենը թեթևացնում է Կարմիր Խաչի և ռուսական խաղաղապահների մուտքը և նրանց միջոցով որոշակի հումանիտար հարցերի լուծում է ապահովում։ Ադրբեջանի պնդում է, որ բացվելու դեպքում Լաչինի միջանցքում շարունակելու է գործել ադրբեջանական անցակետը։ Իսկ սա, փորձագետի կարծիքով, լավագույն լուծումը չէ։