ԿարևորՔաղաքական

Բանավիճում են Փաշինյանն ու Պուտինը, «շահում է» Ալիևը

Վերջին շրջանում հայ–ռուսական հարաբերություններում լարվածության աճի ֆոնին երկու երկրների առաջնորդները վստահեցնում են՝ Մոսկվան ու Երևանը լուրջ խնդիրներ չունեն։ Չնայած այս պնդմանը՝ Փաշինյան–Պուտին հեռակա բանավեճը չի շրջանցում հարցը՝ ով է մեղավոր տարածաշրջանը բարդագույն վիճակի հասցնելու մեջ։ Ամեն դեպքում, Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հավաստիացնում են՝ երկու երկրների հարաբերությունները չեն խաթարվել, և Հայաստանը քաղաքական կուրսի առումով շրջադարձ չի արել։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում խզում չկա՝ անձամբ վստահեցնում են երկու երկրների առաջնորդները։ Վերջին օրերին հանրության ուշադրությունից չէր վրիպել այն փաստը, որ ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել օտարերկրյա գործընկերների հետ, բայց չի խոսել ՌԴ նախագահի հետ: Անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում պարզաբանում է՝ Լաչինի միջանցքի փակման պահից՝ 2022–ի դեկտեմբերից, տասնյակ զրույցներ է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Ասում է, որ «վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն առաջանա»: Պուտինն իր հերթին է հաստատում՝ Հայաստանի վարչապետի հետ հարաբերությունները վատ չեն, և հաճախակի շփումը պահպանվում է․

Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահին հարց է ուղղվել նաև Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Ուկրաինա կատարած այցի մասին, ինչին ի պատասխան Պուտինը նշել է, որ չի կարծում, թե որևէ շրջադարձ է տեղի ունեցել։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Պուտինը նշել է, թե Ռուսաստանը` որպես միջնորդ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման մի քանի տարբերակներ է առաջարկել և շուրջ 10–15 տարի համոզել ընդունել դրանցից որևէ մեկը։ Այժմ,  ասում է, խոսքերն արդեն ավելորդ են։ Պնդում է, որ Հայաստանն ինքն է հրաժարվել Արցախի կարգավիճակից Պրահայի պայմանավորվածություններով, Ալմաթիի հռչակագրին հղումներ անելով և Ադրբեջանի ու Հայաստանի տարածքների մասին  հստակ թվերով խոսելով։

Ասում է՝ սրանով Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի իշխանությունն Արցախի նկատմամբ։ Իսկ սա ձևավորել է Ադրբեջանի նախագահի այն ընկալումը, թե Արցախի կարգավիճակի հարց այլևս չկա։ Այդ դիտարկումներն անելով՝ Պուտինը փաստացի խոստովանել է, որ հարցերը քննարկվում են Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով։

Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատճառահետևանքային նման կապը սխալ է համարում։

«Ալմաթիի հռչակագիրը փորձ անել ներկայացնել որպես նոր գործոն կամ նոր հանգամանք, որը վատթարացրել է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև Ալմաթիի հռչակագիրը 1991–92 թթ–ից եղել է և շարունակում է մնալ Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասը։ Եվ դա համարել արտառոց մի բան առնվազն ճիշտ չէ։ Ալմաթիի հռչակագիրը դեմոնիացնելը շատ վտանգավոր է, որովհետև դե յուրե և, ինչ–որ տեղ նաև դե ֆակտո, ՀՀ–ն և հետխորհրդային մյուս պետությունները անկախություն ստացել են նաև Ալմաթիի հռչակագրով»։

Երկու երկրների ղեկավարների խոսքում առկա վտանգներն առանձնացրել է նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ Պնդում է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարության պահով Փաշինյանը վտանգավոր քայլ է արել: Բայց նաև ուշադրություն է հրավիրում փաստին, որ խոսքն ընդամենը  քաղաքական հայտարարության մասին է, իսկ այն  չի չեղարկում նոյեմբերի 9–ի փաստաթուղթը, որի երաշխավորը Վլադիմիր Պուտինն է։ Իսկ Պուտինի խոսքում վտանգավորն, ըստ փորձագետի, առաջարկված լուծումների մասին թեզն է։

«Նա պնդում է, որ իրենք տասնամյակներով հայկական կողմին առաջարկել են լուծումներ, որոնցից իբրև հայկական կողմը հրաժարվել է: Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան թուղթը, որը մերժեց Ալիևը: Բացի նրանից, որ Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը, դրա վտանգն այն է, որ այստեղ պատերազմի մեղավորությունը բարդվում է հայկական կողմի վրա: Ու ի՞նչն է ուշագրավ ու խնդրահարույց, որ և՛ Ռուսաստանի ղեկավարությունը, և՛ Հայաստանի ղեկավարությունն իրենց հայտարարություններով՝ իրար հաշվին ալիբի ստեղծելով, մաքրել են Ալիևին ագրեսորի պիտակից, դա էլ այն դեպքում, երբ Ալիևը պարզ տեքստով խոստովանել է, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը»:  

Այս ամենով հանդերձ խորհրդարանական ընդդիմությունը մեծ հույսեր է կապում Արցախում տեղի ունեցած ղեկավար կազմի փոփոխությունների հետ։ Ուշադրություն չդարձնելով ՌԴ նախագահի՝ Արցախի կարգավիճակի մասին հայտարարություններին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզված է, որ երկրների արձագանքները Արցախի նախագահի ընտրությանը հստակ ազդակներ են։

«Արձանագրենք, որ աշխարհաքաղաքական դերակատարներից երևի թե, ինչքանով ես եմ հետևել, միայն ՌԴ–ն է, որ որևէ բացասական արձագանք նախագահ Շահրամանյանի ընտրությանը չի արել։ Այստեղից կարող ենք անել հետևություն՝ ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, տարածել, թե Արցախը չունի դաշնակիցներ, Արցախը ունի դաշնակիցներ և դա տեսանելի է թե՛ հրապարակային և թե՛ ոչ հրապարակային հայտարարությունների և ելույթների մեջ»։

Պատգամավորը համոզված է, որ առաջիկա օրերին ավելի հասկանալի կդառնա և կհստակեցվի, թե ինչի համար և ինչ նպատակով Արցախում նախաձեռնվեց իշխանության փոփոխությունը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է, որ գլխավոր հարցը կառավարման համակարգում առաջացած խնդիրներն էին։

«Արցախի կառավարման համակարգում այս փոփոխությունները պետք է բերեն նրան, որ հստակ գնահատականների արդյունքում պետք է հստակ որոշումներ ընդունվեն, և այդ որոշումները պետք է իրագործվեն։ Ես նկատի ունեմ նախագահի, ԱԺ–ի կողմից որոշումները, և չպետք է թույլ տալ, որ անհատ մարդիկ, տարբեր անձինք խոչընդոտեն դրանց իրականացմանը»։

Ընդդիմադիր դաշտից այժմ հնչում են կարծիքներ, որ այս փոփոխությունով Արցախը դառնում է գործոն, ինչը թույլ կտա սեփական որոշումներն ընդունել։   

Back to top button