ԿարևորՏնտեսական

Գնաճը կարգավորվում է, ԿԲ–ն հրաժարվում է «թանկ փողի» քաղաքականությունից

Կենտրոնական բանկի խորհուրդը տարեսկզբից մի քանի անգամ անփոփոխ թողնելուց հետո, արդեն երրորդ անգամն է նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս պահին այն սահմանվել է 9․75 տոկոս։ Գլխավոր դրամատունը մի փոքր բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 6․9 տոկոսի փոխարեն սահմանելով՝ 7․2 տոկոս։ Հիմնական պատճառը ծառայությունների ու շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճն է։

Վերջին շրջանում արդեն երրորդ անգամն է ԿԲ խորհուրդը նվազեցնում վերաֆինասավոման տոկոսադրույքը՝ սահմանելով 9․75 տոկոս։ Սա հիմնականում պայմանավորված է միջազգային շուկաներում տիրող իրավիճակով։ Որոշակի գնաճային ռիսկեր իհարկե կան, բայց ընդհանուր առմամբ, նախորդ որոշումներն ու կոշտ քաղաքականությունը արդյունք տվել են՝ արձանագրում է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը․

«Կարծում եմ, որ մեր շրջահայաց քաղաքականության արդյունքն է, որ այսօր ԿԲ–ն կարողանում է իջեցնել տոկոսադրույքը։ Մինչդեռ աշխարհի շատ երկրներ կան, որոնք դեռ բարձրացնում են այն։ Եթե այս մեր իջեցումները կնախեստեն տնտեսական ակտիվության որոշակի զրագացմանը, դա նույնպես դրական ենք դիտում»։

Դրամավարկային քաղաքականության խստացումը Հայաստանում մոտ 2 տարի տևեց, տնտեսական զարգացումները այժմ հակառակն են հուշում՝ արձանագրում է գլխավոր դրամատան տնօրենը։ Հայաստանի Կենտրոնական բանկը ըստ էության հրաժարվում է «թանկ փողի» քաղաքականությունից՝ ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նկատում է՝ այստեղ էական ազդեցություն ունեն իհարկե արտաքին գործոնները, բայց փաստացի տարեկան գնաճը դիտարկելիս՝ արձանագրում ենք, որ գների որոշակի նվազում կա։ Սա ԿԲ–ի համար բավարար հիմք է, որ դիտարկի՝ գները վերադառնում են թիրախային միջավայր

«Փողի էժանացման քայլ է արվում, ինչը տրամաբանական է, ադեկվատ է առկա իրողություններին։ Ըստ էության պետք է հասկանանք, որ «թանկ փողը» այնքան էլ ցանկալի իրավիճակ չէ տնտեսական ակտիվության տեսանկյունից։ ԿԲ–ն ոչ թե փողն է թանկացնում, այլ դրանով փորձում է զսպել տնտեսական ակտիվությունը, դրանով էլ որոշակիորեն զսպել ինչ որ չափով գնաճի վրա ճնշումները։ Եթե գնաճն իր բնականոն միջակայքում է գտնվում, ապա տնտեսական ակտիվությունը զսպելու, գործիքակազմ կիրառելու կարիք չկա, կամ կարելի է դրանք թուլացնել»։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ-ում սննդամթերքի գները նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել են 4%-ով: Գների ամենաբարձր աճն արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում՝ 8.6%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Դրամի էժանացումը վարկերի տոկոսադրույքների նվազում, փոխառու միջոցների ավելի հասանելիություն են ենթադրում։ Բացի այդ, տարբեր ներդրումային նախագծերի շահույթի մարժան կմեծանա՝ արձանագրում է փորձագետը, նկատելով՝ սրանք էլ տարբեր ուղղություններով տնտեսական զարգացումների վրա կազդեն, խթանելով ակտիվությունը։ Կոնկրետ ապրանքատեսակների գները ներքին շուկայում կտրուկ բարձրանում կամ իջնում են՝ հնդկաձավարը, հեղուկ գազը, բենզինը․․․ Արդյո՞ք այս երևույթն ազդում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման վրա․

«ԿԲ–ն կողմնորոշվում է գնաճի ընդհանուր մակարդակով՝ սպառողական գների ինեդքսով, որը հաշվարկվում է 400 անուն ապրանքների ու ծառայությունների գների հիման վրա։ Մեկ–երկու ապրանքատեսակ, եթե շատ նշանակալի է, գնաճը որոշ ազդեցություն կարող է ունենալ, բայց ինդեքսի տեսանկյունից ազդեցությունը մեծ չէ։ Վերջին ամիսներին ունենք գների մակարդակի նվազում, բայց դա չի նշանակում, որ չեն լինի ապրանքների տեսակներ, որոնք թանկացել են նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ»։

Կենտրոնական բանկի նախագահի կանխատեսմամբ՝ եթե ռիսերը մեղմվեն, ապա ժամանակի ընթացքում վարկերի տոկոսադրույքները գուցե նվազեն։ Կենտրոնական բանկը փոխել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 6,9 փոխարեն կանխատեսելով 7,2 տոկոս։ Լավատեսական սցենարի հիմքում ծառայությունների ու շնարարարության ոլորտների բարձր աճն է։ Տրանսֆերտների ազդեցութունը ՀՆԱ–ի վրա էականորեն նվազել է՝ արձանագրում է Մարտին Գալստյանը։ Նա նաև չի բացառում՝ գուցե փոխարժեքի շուկայում փոփոխություններ արձանագրվեն։ Բայց ԿԲ–ի հիմնական գործառույթը գների կայունությունն է՝ հիշեցնում է գլխավոր դրամատան տնօրենը։

Back to top button