ԿարևորՀասարակություն

Պայքարի նոր օրակարգ՝ բացառել հայրենասիրական նոր հուշ-երգերը. թիվ 12 քվեաթերթիկը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանն է

Երևանի ավագանու ընտրություններում թիվ 12 քվեաթերթիկը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանն է: Այս կուսակցության քարոզարշավը առաջին իսկ օրվանից տարբերվել է մյուսներից, քանի որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչների ասելիքը հանրությանը, ինչպես իրենք են պնդում, այլ է: Այս ուժի քաղաքապետի թեկնածուն հրաժարվում է խոսել քաղաքային խնդիրներից, չունեն հատուկ երևանյան ընտրությունների համար մշակված նախընտրական ծրագիր, և անգամ նպատակը Երևանի քաղաքապետի աթոռը չէ: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը հայտարարում է, որ այս փուլում փորձում է հեղափոխություն անել քաղաքացիների ուղեղներում:

«Աղավնոյի այն տղան». ահա այսպես են միանգամից հիշում Սուրեն Պետրոսյանին, որին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը տեսնում և առաջարկում է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Անցյալ տարի օգոստոսին Սուրեն Պետրոսյանը Արցախի Աղավնո գյուղում էր իր ընտանիքով, փորձում էր այնտեղից արթնացնել մարդկանց  պայքարի ոգին.

«7 ամսական Սոֆին է, 1 տարեկան 10 ամսական էլ՝ Մարին: Մար, արի՛: Գոնե այստեղ հավաքվեր 500 հոգի, էական խնդիրներ են լուծվելու ու ոչ միայն գյուղը պահելու հարցում, այլ ընդանրապես, հասարակության դիմադրողականության բարձրացման հարցով»:

Այսօր արդեն Երևանի համայնքից համայնք շրջելով գաղափարակիցների հետչի հոգնում կրկնել «Պայքարի՛ր, Երևան» կարգախոսը: Պնդում է՝ նախ անվտանգային խնդիրները պետք է լուծել, հետո անցնել քաղաքային հարցերին: Երևանի քաղաքապետի այս թեկնածուն օրեր առաջ դիմեց ընդդիմադիր դաշտում դիրքավորված մրցակիրցներին՝ առաջարկելով դադարեցնել քաղաքային խնդիրներով քարոզարշավը: Այդ սկզբունքից ելնելով էլ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը երևանյան խնդիրների լուծում առաջարկող նախընտրական ծրագիր չի մշակել և չի ներկայացրել:

«Որովհետև մեր խնդիրները իրականում ամենևին էլ քաղաքային չեն, ինչպես նաև հասարակության մեծամասնության խնդիրները քաղաքային չեն: Մեր իրականությունը, շրջապատը, տարածաշրջանը, մեզ նետված սպառնալիքներն ու մարտահրավերները անճանաչելիորեն փոխվել են, բայց մեր վարքը որպես հասարակություն չի փոխվել: Սա մի իրականություն է: Երկրորդ իրականությունը իշխանության կողմից տրված իրականությունն է, որտեղ մենք ապրում ենք մեր բնականոն կյանքով և ունենք այնպիսի խնդիրներ, ինչպես անվտանգ միջին եվրոպական ինչ-որ մի փոքր պետություն: Այն ուժերը, որոնք այս օրակարգով մասնակցում են քաղաքային խնդիրներով կամ դրանց մեջ կա ինչ-որ տոկոս քաղաքային բովանդակություն և դրանք դա հրամցնում են հասարակությանը, նրանք սպասարկում են խիստ իշխանական օրակարգ: Որովհետև հնարավոր չէ լինել ընդդիմադիր, բայց մնալ իշխանական օրակարգում։ Ընդդիմադիրը ամեն կերպ ինչ-որ մեկին դեմ լինելը չէ: Ընդդիմադիրը առաջին հերթին այլընտրանքային, խորքային օրակարգ ունենալն է և կամք՝ այդ օրակարգը կյանքի կոչելու»:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունում համարում են, որ քարոզարշավը քաղաքացիների հետ շփվելու լեգիտիմ տարբերակ է ներկայացնելու իրենց մոտեցումներն ու պայքարի օրակարգը քարոզելու համար: Այս ամենում առաջնայինը Երևանի քաղաքապետի աթոռը կամ Երևանի ավագանիում տեղեր զբաղեցնելը չէ՝ ասում են:

Այնուամենայնիվ, ներկայացրել են ավագանու 33 թեկնածուից բաղկացած ցուցակ, որի առաջին համարը Սուրեն Պետրոսյանն է: ԿԸՀ ներկայացված հայտարարագիրը հուշում է, որ նա Կառավարման ակադեմիայի դասախոս է, հանրության լայն շրջանակներին հայտնի է որպես քաղաքագետ։ Ունի բնակարան Քանաքեռում և «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: Պետրոսյանն ակադեմիայից ստացել է 25 հազար դրամ աշխատավարձ և «Էդելվեյս Գրուպ» ՍՊԸ-ից՝ 9000 եվրո շահաբաժին։ Ունի 5․6 մլն դրամ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ցուցակը թերևս հետաքրքիր է նրանով, որ ավագանու 33 թեկնածուից 10-ը գործարարներ են՝ տնօրեններ, փոխտնօրեններ, ցուցակում կա 6 գործազուրկ, 5 ուսուցիչ ու դասախոս, 1 դոցենտ, հաշվապահ, փաստաբան, ծրագրերի համակարգող, ռենտգեն տեխնիկ և անգամ Ուշու-Քունգֆու ֆեդերացիայի նախագահը՝ Տիգրան Չոբանյանը, որը փորձում է իր սկզբունքները հանրությանը փոխանցել նաև սոցցանցերի միջոցով:

«Էս ի՞նչ ենք անում, ժողովուրդ, էս ո՞ւր ենք գնում, ինչի՞ համար: Որ հետո գնանք աշխարհի եսիմ որ ծայրամասերը ու սկսենք երգեր գրել, որ ինչ լավն էր մեր Հայրենիքը, ինչ սիրուն էին մեր սարերը, վայ ոնց էի սիրում ես Սևանը: Սա՞ ենք ուզում, սրա՞ն ենք գնում, սա՞ է մեր վերջը»:

Քարոզարշավի համար «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ընտրել է յուրօրինակ տարբերակ: Համայնքներում շրջում են քայլարշավով, շփվում քաղաքացիների հետ և փորձում բացարտել, թե ինչու չունեն քաղաքային ծրագիր, բայց ունեն բոլորին հանձնելու թիվ 12 թերթիկի բուկլետը: Ինչ է գրված այնտեղ, պարզաբանում է կուսակցության խորհրդի անդամ Վահե Թորոսյանը.

«Փորձում ենք հասարակության ներկայացուցիչների հետ անմիջական շփման արդյունքում նրանց բացատրել, նրանց հետ զրուցել, անկեղծորեն ասել, որ այսօրվա քո հիմնական խնդիրը, հարգելի հայրենակից, սիրելի երևանցի, դա ոչ թե աղբահանությունն է, ոչ թե կանաչապատումն է, այգիներն են, պուրակներն են, այլ այդ խնդիրները, ըստ էության, համահայկական են, վերաբերում են արժանապատիվ գոյությանը և նրա կենսական իրավունքների հաստատմանը: Տվյալ պարագայում դա առաջին հերթին արցախահայության լինելիության հիմնահարցն է: Որովհետև առանց Արցախի՝ աքսիոմատիկ իրողություն է և պատմական ճշմարտություն է, որ չի կարող լինել ոչ ՀՀ և բնականաբար նաև Երևան քաղաքը»:

Քարոզարշավի միջոցով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը փորձում է հերքել քաղաքացիներին մոտ ձևավորված այն համոզմունքը, թե հանրությունից այլևս ոչինչ կախված չէ և ապագան որոշվել և որոշվում է առանց նրանց կարծիքը հարցնելու:

Սուրենն եք հա՞: Ձեր մասին լավ-լավ բաներ ասացին: Սուրեն ջան, իսկ հիմա ինչպե՞ս կարող ենք Արցախի …

Մի հատ Երևանից թող խոսի, նոր Արցախի …

Չէ-չէ, ես Արցախից եմ հարցնում: Ինչպե՞ս հիմա կարելի է այդ մարդկանց հարցը լուծել:

Այնքան բան է հնարավոր, որ չենք էլ կարող պատկերացնել: Բայց այդ փոփոխությունները, ինչքան էլ շատ եք լսել, շատ-շատ հոգնել եք այդ բառերից, այդ փոփոխությունները մինչև այստեղ չլինի, որովհետև եթե այստեղ իշխանությունը չունի նպատակ Արցախը պահելու, ոչ ոք չի կարող պահել,  եթե դու ինքդ նպատակ չունես քոնը պահելու: 

Ինքնության հեղափոխությանը և հեղափոխական օրակարգին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը խոստանում է վերադառնալ նաև ընտրություններից հետո: Պարզապես, արդյունքներից է կախված, թե որ կետից են շարունակելու:

Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա քաղաքական այս միավորը համեմատաբար նոր է Հայաստանի քաղաքական դաշտում: Գրանցվել է 2021-ի հունիսին: ԿԸՀ ներկայացված հայտարարագիրը փաստում է, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը չունի անշարժ, շարժական և թանկարժեք գույք, ինչպես նաև չունի դրամական միջոցներ, բաժնեմաս, փայաբաժին և եկամուտ: ԿԸՀ ներկայացված փաստաթղթում այս բոլոր տողերը դատարկ են:

Back to top button