ՌԴ Կարմիր խաչի հումանիտար օգնությունը Ստեփանակերտում է


Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։
«Արցախպրեսը» հղում անելով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքին` գրում է , որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: