Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի խորհրդարանը նախագահ կընտրի: Արայիկ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնը թողել է սեպտեմբերի 1-ին: Արցախի փոփոխված Սահմանադրությամբ՝ հրաժարականն ուժի մեջ է մտնում այն ներկայացնելուց 3 օր հետո, իսկ նոր նախագահն ընտրվում է հրաժարականից առնվազն 7, բայց ոչ ուշ քան 10 օր հետո: Կանխատեսելով ճգնաժամային իրավիճակների հնարավորությունը՝ Արցախի Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությամբ ամրագրվեց, որ երկրի ղեկավարն ընտրվում է ոչ թե համապետական ընտրությամբ, այլ խորհրդարանի կողմից: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 8-ն Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման, իսկ 9-ը քվեարկության և ընտրության օրն է:
Մինչև վերջին պահն Արցախի խորհրդարանական ուժերը չբացահայտեցին մտադրություններն ու Արցախի նախագահի պաշտոնի համար քննարկված հնարավոր թեկնածուների անունները: Այժմ հայտնի է ընդամենը մեկ թեկնածուի առաջադրման մասին: 8 օր առաջ Արցախի պետնախարար, ընդ որում՝ լայն լիազորություններով, նշանակված Սամվել Շահրամանյանը, ըստ էության, խորհրդարանական ուժերի կոնսենսուսային թեկնածուն է: Նրան աջակցելու մասին հայտարարել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք — ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները: Շրջանառվող վարկածների համաձայն՝ Շահրամանյանը համարվում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմը, քանի որ հենց նրա պաշտոնավարման տարիներին է զբաղեցրել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:
Սակայն Արցախի խորհրդարանում կոնսենսուսն ամբողջական չէ: Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» խմբակցությունը, որը մեծությամբ երկրորդն է խորհրդարանում, մտադրված է մասնակցել քննարկումներին, բայց ոչ քվեարկությանը: Այս խմբակցությունն առաջադրել էր Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել, քանի որ չեն համապատասխանել օրենսդրական պահանջին: Մասնավորապես՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Սամվել Բաբայանը լուծումներ է առաջարկում, որոնք էականորեն տարբերվում են քաղաքական մյուս ուժերի դիրքորոշումներից: Նա Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների կողմից է, 15-ից 20 քայլերից կազմված առաջարկներ ունի, որոնց թվում Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի միաժամանակյա գործարկումն է։
«Հնարավորություն ստեղծել, առևտուր սկսեն և այլ, և այլ բոլոր լուծումները մեկ փաթեթով լուծում տալ: Սա է լինելու տարբերակը, և դա մենք ցանկանում ենք, թե՝ ոչ, դա իրականությունն է»:
Բաբայանն արդեն հայտարարել է, որ Արցախի նախագահի ընտրության օրը դրսում ժողովրդի կողքին է լինելու, իսկ նրան սատարող ուժերը սեպտեմբերի 9-ին նախաձեռնել են հանրահավաք Վերածննդի հրապարակում: Հայտարարում են, թե 22 հոգին, այդքան է քվեարկությանը մասնակցող պատգամավորների թիվը, չպետք է որոշեն, թե ով պետք է լինի Արցախի հաջորդ նախագահը: Պնդում են, որ ժողովուրդը պետք է թելադրի իր ցանկությունը:
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն արդեն զգուշացրել է՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի դեպքում կդիմեն վճռանական գործողությունների: Ոստիկանությունը հորդորել է չտրվել սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր: Վերլուծաբանները բազմիցս նշել են, որ ներքին ապակայունացման դեպքում բարձր է վտանգը, որ Ադրբեջանը կփորձի օգտվել իրավիճակից:
Քաղաքական ակտիվ դերակատարներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն հայտարարել է իր դիրքավորման մասին: Թեև 2020-ին նա ընտրողներին հորդորել էր քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին, բայց վերջին շրջանում առաջիններից էր, որ բարձրաձայնեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Ի տարբերություն Բաբայանի՝ Վարդանյանը չի պատրաստվում գնալ իրավիճակի սրման: Համենայնդեպս հայտարարում է, որ առաջադրված թեկնածուն իրենց համար ընկալելի է և հետագա համագործակցության համար ընդունելի:
«Ես որպես մարդ իրեն ճանաչում և հարգում եմ: Որպես «Անվտանգության և զարգացման» շարժման համակարգող մենք շատ պարզ դիրքորոշում ունենք. բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ ընդունելի է մեր կողմից: Մենք կոնստրուկտիվ համագործակցությամբ աշխատելու ենք պետության հետ, որ այս ճանապարհը միասին անցնենք այս իրավիճակում: Այն ուժերը, որոնք ուրիշ ճանապարհ են առաջարկում, մենք իրենց հետ չենք կարող համագործակցենք: Ես կարծում եմ, իրենք վտանգավոր դեր են խաղում: Հարգանքով վերաբերվենք մեր Արցախ պետության նկատմամբ, ժողովրդին, որ իսկապես շատ ծանր վիճակում ենք և թողնենք, որ ամեն ինչը գնա սահմանադրական ճանապարհով, օրենքով ընդունված կարգով: Եվ մենք կունենանք նոր նախագահ, նոր պետնախարար, արդեն ունենք Աժ նոր խոսնակ: Փորձենք ամեն ձևով աջակցենք, որ Արցախը պահպանվի որպես պետություն, ոչ թե քանդենք մեր խոսքերով, քննադատությամբ կամ բամբասանքով ավելի մեծ վնաս հասցնենք Արցախին»:
Արցախի ԱԺ-ում նախատեսված գործընթացը, ըստ էության առաջին փորձն է, երբ կիրառվելու է Արցախի Սահմանադրության՝ ճգնաժամային պայմանների համար նախատեսված նոր դրույթը: Վերջին փոփոխություններով դա արվել է պետական ինստիտուտների բնականոն աշխատանքը ապահովելու և դրանց լուծարումը թույլ չտալու համար:
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ ընտրություններով ընտրվել էր 2020 թվականին՝ պատերազմից առաջ: Իսկ օրեր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, հրաժարական էր ներկայացրել՝ ասելով, թե դա իր անձնական որոշումն է:
Արցախի համար բարդագույն շրջանում նախագահի հրաժարականը հակասական գնահատականների է արժանացել: Մի կողմից նշվում է, որ քայլը պետական ինստիտուները հարվածի տակ է դնում, մյուս կողմից՝ ակնարկվում է, թե փոփոխությունը Արցախի համար կարող է շրջադարձային լինել: «Այլընտրանքային նախաձեռնություններ» խմբի համահիմնադիր, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, սակայն, դեռևս զգուշավոր կանխատեսումներ է անում.
«Արցախում պետք է նոր ինչ-որ գաղափար ծնվի միջնաժամկետ, ժամանակավոր մի լուծման՝ անվտանգային և արժանապատիվ ապրելու նորմերը պահող միջազգային մի մեխանիզմ: Ես հուսով եմ, որ Արցախում սկիզբ առած իշխանության սահուն փոփոխությունը, ինչը ես շատ կարևորում եմ, այդ նոր իշխանությունը Արցախի հասարակության հետ և Արցախի ազդեցիկ դեմքերով կգան ինչ-որ մի ճիշտ ձևակերպման և կփորձեն իրենց ձայնը լսելի դարձնել միջնորդների համար»:
Արդեն հրաժարականից հետո Արայիկ Հարությունյանը նախագահի ընտրության հարցում քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածության կոչ արեց, հորդորեց «առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների», իսկ այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ Հայաստանից հնչող հայտարարություններին, Հարությունյանը «պարզապես խնդրել է չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը»: