ԿարևորՀասարակություն

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն. մեդիաֆորում՝ Երևանում

Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում կայացել է հայ–ռուսական մեդիաֆորում, որին մասնակցել են ՌԴ և ՀՀ ԶԼՄ ներկայացուցիչներ, առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ, քաղաքագետներ: Ֆորումի նպատակն է նպաստել երկու երկրների լրատվամիջոցների համագործակցության խորացմանը։ Այն կազմակերպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը:

Հայաստանն ու Ռուսաստանը դժվար ժամանակներ են ապրում, ինչը չի կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, և լրատվամիջոցները կարևոր դերակատարում ունեն երկու երկրների հարաբերություններում զարգացում և կայունություն ապահովելու հարցում․ սա հիմնական միտքն էր, որ ներկայացվեց Երևանում ընթացող հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչներ, քաղաքագետներ ու փորձագետներ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանի կարծիքով` ռուսական տարբեր լրատվամիջոցների, հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելությունները մշակութային օջախներ, ինչպես նաև քննարկումները հայ գործընկերների հետ հնարավորություն կտան ճիշտ հասկանալու Հայաստանում քաղաքական, տնտեսական և սոցիալական իրողությունները, հնարավորություն կտան նաև հաստատելու մասնագիտական կապեր:

«Զանգվածային լրատվության միջոցները կարևոր դերակատարում ունեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և կայունության ապահովման գործում: Ընդգծելով լրատվամիջոցների և փորձագիտական ​​շրջանակների կարևորությունը` մենք նշում ենք, որ այս ոլորտում համագործակցությունը նույնքան կարևոր է, որքան մեր երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Նախաձեռնությունը հենց այդ կապերն ամրապնդելու նպատակաուղղվածություն ունի»։

ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Բելլա Չերքեսովայի համոզմամբ` ԶԼՄ–ները՝ որպես չորրորդ իշխանություն, հասարակական կարծիք են ձևավորում, ազդեցություն ունենում հասարակական կարծիքի վրա, և չպետք է մոռանալ, որ ամեն բառ զգուշորեն պետք է արտաբերել, քանի որ այն կարող է և կործանարար լինել։

«Գազպրոմ Մեդիա Ռադիոյի» նախագահ Յուրի Կոստինը ավելի սուր պատկերեց Հայաստանի և Ռուսաստանի մեդիա դաշտում ընթացող պայքարը, ընդգծեց, որ երկու երկրների մեդիա հարթակներում մարտական գործողություններն անողոք են ընթանում, սակայն ցանկացած անզգույշ խոսք կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ըստ այդմ՝ շատ դեպքերում հենց լրատվամիջոցների մոտեցումից է կախված, թե ինչպիսին կլինեն երկու ժողովուրդների հարաբերությունները ապագայում, ասաց․

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները պետք է օրինակ լինեն հետխորհրդային տարածքի մյուս պետությունների համար, օրինակ` այն բանի, թե ինչպես կարելի է ինքնիշխանության պահպանման անվերապահ հարգման պարագայում պահպանել բարիդրացիական հարաբերությունները, բացասականն առանձնացնել հիասքանչից և դրա վրա կառուցել հարաբերություններ ժողովուրդների միջև»։

«Սպուտնիկ-Արմենիայի» ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էլ շեշտեց, որ ռուսական մեդիայում պետք է Հայաստանի նկատմամբ ուշադրության պակասը լրացվի։

«Ուշադրությունը հույս է ներշնչում և ի՞նչ ենք մենք հիմա տեսնում. տեսնում ենք, սպասում, թե երբ է վերջապես այդ պակասը լրացվելու, թե երբ է ռուսական ալիքներով խոսվելու Հայաստանի մասին։ Հիմա մշակվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներով նպատակային հեռարձակման գործարկման գաղափարը։ Դրանով ռուսական ալիքներով Հայաստանի մասին տեղեկատվության պակասը կլրացվի: Հայ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ է հետևում ռուսական լրատվամիջոցներին, որոնք խոսում են մեր երկրի մասին»։

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Դավիթ Ալավերդյանն էլ ավելացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կարծես կտրվել է տեղեկատվական գիծը, և կարիք կա վերաիմաստավորելու տեղեկատվական դաշտում փոխգործակցությունը։ Նա առաջարկեց վիճակը շտկելու համար վերսկսել լրագրողական շփումները, պրեստուրեր կազմակերպել։

Նա ամեն դեպքում նկատեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեծ հիասթափություն է ապրել` տեսնելով, թե ինչպես են որոշ ռուսական լրատվամիջոցներ լուսաբանում արցախյան հակամարտությունը, ինչը, նրա կարծիքով, միակողմանի էր և հակասում էր դաշնակցային գործընկերության տրամաբանությանը։

Երևանում ընթացող հայ-ռուսական մեդիա ֆորումին տեսակապով միացած ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Հայաստանում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների մասին, նշեց, որ Մոսկվան և Երևանը տասնամյակներ շարունակ արդյունավետ համագործակցել են, որ ամենադժվար օրերին օգնել են հայ ժողովրդին, և ՌԴ նախագահի շնորհիվ է կանգնեցվել 44-օրյա պատերազմը։

Նա անընդունելի որակեց երկու ժողովուրդների միջև թշնամություն և ատելություն սերմանելու փորձերը և սադրանք անվանեց «Սպուտնիկ–Արմենիայի» լրագրող Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալությունը Սյունիքում։

Երևանում կայացած ռուս-հայկական առաջին մեդիա ֆորումի ավարտին ստորագրվեց համագործակցության հայտարարություն։

Back to top button