Կուսակցական պատասխանատվությունը կբացառի ավագանու ձախողումները. 9-րդ քվեաթերթիկը «Հանրապետություն» կուսակցությանն է
Ավագանիում պետք է լինեն պատասխանատու ու կարող մարդիկ, որոնք մասնագիտացված են որոշումներ կայացնելու, իրականացնելու ու վերահսկելու դրանց կատարումը՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ կուսակցության պատասխանատվությունն ավելի բարձրացնելու համար նախընտրական ցուցակը «Հանրապետություն» կուսակցությունը ձևավորել է բացառապես կուսակցության անդամներից։ Զեյնալյանը վստահեցնում է՝ ցուցակում ընդգրկված են ամենատարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, որոնց վրա հույս դնելով հնարավոր է բացառել որևէ ձախողում մայրաքաղաքի կառավարման գործում։
«Պետք է կատարեք ընտրություն, թե ով է առաջիկա 5 տարում կառավարելու համայն հայության մայրաքաղաք Երևանը։ Սիրելի՛ երևանցիներ, ընտրելով թիվ 9-ը քվեաթերթիկը, դուք ընտրում եք անվտանգություն»։
Երևանի ավագանու ընտրություններում թիվ 9-ը քվեաթերթիկը «Հանրապետություն» կուսակցությանն է։ Կուսակցության ընտրացուցակի առաջին համարը քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն է՝ բժիշկ, իրավապաշտպան, կամավորական, քաղաքական գործիչ։ Բակային հանդիպումներում որոշ ընտրողներ նրան համարում են խարիզմատիկ կերպար և ասում, որԵրևանին հենց նրա պես՝ հայրենիքի ու պետականության արժեքն իմացող ղեկավար է պետք․
«Արժանի ես դու։ Բոլորս կուզենանք, որ դու անցնես։ Մենք քեզ ենք ընտրելու։ Դու ավելի բարձր պաշտոնի ես արժանի։ Մենք կուզենք՝ Դուք լինեք»։
Արտակ Զեյնալյանը շնորհակալ է բակային հանդիպումներում ընտրողների կողմից բարձր գնահատականների արժանանալու համար։ Կարծում է, որ ընտրողներն իրենց ներկայացրած նախընտրական ցուցակի օգտին պետք է քվեարկեն ոչ թե միայն այն բանի համար, որ ցուցակը հենց ինքն է գլխավորում․
«Ես այս ընտրություններին մասնակցում եմ կուսակցությամբ, որը հիմնադրվել է 22 տարի առաջ, նրա անդամները կրթված մարդիկ են, գրագետ են, դաստիարակված են։ Կարծում եմ՝ մեծապես այդպես է։ Եվ նաև ունեն փորձ, հոգի ունեն ու սիրտ ունեն, ինչը ցույց ենք տվել բազմիցս»։
«Հանրապետություն» կուսակցությունը 68 հոգանոց նախընտրական ցուցակ է ներկայացրել։ Ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը նաև վստահեցնում է, որ բոլորն էլ հասարակական ակտիվություն են դրսևորել, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչներ են՝ շատերը հրապարակային դիրքորոշումներով հաճախակի աչքի ընկած։
«Մասնագիտացված են որոշումներ կայացնելու, որոշումներ ի կատար ածելու և դրանց նկատմամբ հսկողություն, վերլուծություն կատարելու մեջ»։
Այս պահի դրությամբ ասպարեզում ամենաակտիվ, բազմազան քաղաքական ուժն ենք՝ ասում է Զեյնալյանը, հստակեցնում՝ եթե հաշվի չառնենք այն ուժերին, որ ի պաշտոնե ունեն գործող անձինք և ի պաշտոնե են հրապարակային դիրքորոշումներով հանդես գալիս։
«Մեր մրցակիցը քաղաքական մեծամասնությունն է։ Մենք հավակնում ենք այդ մեծամասնությունը ստանձնել ինքներս»։
Մնացածը՝ կորոշի երևանցի ընտրողը, որին Զեյնալյանը միաժամանակ հորդորում է 50 տոկոսից ավելի ձայն տալ «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած ավագանու ցուցակին, որպեսզի իրենց կարող ու փորձառու մասնագետները զբաղվեն մայրաքաղաքի ճիշտ կառավարմամբ, դրանով իսկ նպաստելով խնդիրների համակարգային ու հիմնավոր լուծմանը։ Իսկ որ իրենց ներկայացրած ցուցակը մրցունակ է՝ պետք չէ կասկածել։
«Գրագետ, կրթված, փորձառու անձինք են ներգրավված և նրանց վրա մենք հենվելու են, երբ ես կընտրվեմ քաղաքապետ»։
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված գործիչներն էլ չեն կասկածում, որ իրենք վստահաբար գնում են մեծամասնություն կազմելու։ Կուսակցության ավագանու թեկնածուներից 3-րդ համարն զբաղեցնող Անի Խաչատրյանն ասում է, որ իրենց ցուցակի մրցունակության մեջ համոզվել է նաև քարոզարշավի անցած շրջանում ունեցած բազմաթիվ հանդիպումների ու երևանցիների հետ զրույցների արդյունքում։
«Այն, ինչ սկզբում ես ասում էի, հաստատեցին Երևանի բնակիչները, որ միակ այլընտրանքը այս պահին «Հանրապետություն» կուսակցությունն է, «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն է, ով ներկայացված է 14 քաղաքական ուժերից ամենալուրջ, ամենածանրակշիռ և կենսագրություն ունեցողը։ Դա հաստատում են նաև փողոցներում Երևանի բնակիչները»։
Անի Խաչատրյանը գործող ավագանու անդամ է։ Որպես Երևանի ավագանու թեկնածու, արդեն երրորդ անգամ է մասնակցում քարոզարշավի։ Ասում է, որ նախորդ երկու քարոզարշավների և ընթացողի ժամանակ երևանցիների բարձրաձայնած խնդիրներն ի մի բերելով, կարող է արձաագրել, որ Երևանի խնդիրները չեն փոխվել, պարզապես՝ ծրագրից ծրագիր են փոխադրվել, ինչը, նրա խոսքով, վկայում է մայրաքաղաքի կառավարումը ձախողված լինելու մասին։ Երևանի ղեկը ամբողջությամբ ստանձնելու պարագայում «Հանրապետություն» կուսակցությունը ձախողումները բացառում է՝ վստահեցնում է կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Ժողովրդին հորդորում ենք, որ 50-ից ավելի ձայն տա մեզ, որ այդպիսի խնդիր չառաջանա»։
Դրա համար, Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ, իրենք նախընտրական ցուցակը կազմել են հենց կուսակցության անդամներից, որոնք ամենատարբեր ոլորտների մազնագետներ են, հարգված մարդիկ, ինչը ավելի է բարձրացնում պատասխանատվությունը ու բացառում հնարավոր ձախողումները։