ԿարևորՀասարակություն

Քարոզարշավ ձիով, ընտրությունների անակնկալը դառնալու խոստում․ 8-րդ քվեաթերթիկը ՀԱՍԱԿ-ինն է

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին «Դու կարող ես» կարգախոսով մասնակցող «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունում համոզված են՝ երևանցին կարող է իր քաղաքի ճակատագիրը որոշել։ Ընտրողներին կոչ են անում ոչ թե պոպուլիզմի, այլ իրատեսության օգտին քվեարկել։ Խոստանում են այս ընտրությունների անակնկալը լինել ու հայտարարում են՝ քաղաքապետի իրենց թեկնածուն պատրաստ է ընդդիմության միասնական թեկնածուն դառնալ և այս հարցով ընդդիմադիր մյուս ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ սկսել: «Ռադիոլուրը» շարունակում է ներկայացնել երևանյան ընտրարշավի մասնակիցներին։ Այսօր հերթը 8-րդ քվեաթերթիկինն է։

«Սիրելի երևանցիներ, այսօր մենք իրականացնում ենք ձիով երթ, քարոզարշավ, նաև շրջում ենք Կենտրոն վարչական շրջանում»։

Քարոզարշավի ձիով տարբերակն ավագանու ընտրություններին 8-րդ համարով մասնակցող «Հանուն սոցիալական արդարության» ընտրությունն է։ Կուսակցության  քաղաքապետի թեկնածուն՝ Արման Ղուկասյանը երևանցիներին կառքից է կոչ անում քվեարկել 8-րդ համարի օգտին և  բացատրում, թե ինչու են «ձիով քայլ» անում։

 «Ինչու ձիով, ասեմ։ Քանի որ այս ընտրությունները վերածվել են երգի ու պարի փառատոնի, մենք որոշել ենք հեռու չմնալ դրանից և նման ակցիա իրականացնել։ Չկա այս ընտրություններում որևէ քաղաքական պայքար, այդ իսկ պատճառով որոշել ենք այսպես մեր վրդովմունքն արտահայտել ընտրությունների նկատմամբ»։

8-րդ համարով ընտրություններին մասնակցող կուսակցությունն ընտրողներին խոստացել է առնվազն 8 պատճառով հիմնավորել, թե ինչու է պետք հենց իրենց օգտին քվերակել։  Առայժմ այդ պատճառներից մի քանիսն են ներկայացրել․ՀԱՍԱԿ-ը պոպուլիզմով չի զբաղվում, քաղաքական նեղ շահեր չի սպասարկում, բացառում է գործող իշխանության հետ համագործակցության որևէ ձևաչափ։ 

Կուսակցությունն ավագանու ընտրություններին մասնակցում է գաղափարակիցների համեստ կազմով։ 28 հոգանոց ցուցակում և երիտասարդներ, և թոշակառուներ կան, մասնագիտական կազմն ավելի բազմազան է՝ կահույքագործից մինչև քաղաքագետ ու անհատ ձեռներեց։

«Ներկայացել ենք 28 հոգանոց ցուցակով, ոլորտային մասնագետներով, որոնք ոչ միայն կիսում են մեր կուսակցության գաղափարները, այլ նաև մարդիկ են, որոնք պատասխանատու են ոլորտների համար։  03+16 Կան երիտասարդներ, բայց տեղը չեն զիջում մեր ավագ գործընկերները, որոնք ունեն փորձ և անցած ճանապարհով կարող են ուղղորդել երիտասարդներին։ Սա մեր կուսակցության սկզբունքն է։ Երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչների համագործակցության տեսքով ենք ներկայանում»։

Ցուցակում գենդերային անհավասարություն չկա․թեկնածուների գրեթե կեսն արական, կեսն իգական սեռի ներկայացուցիչներ են։ Ցուցակում երկրորդը կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն է։ Խոստովանում է՝ քաղաքագետի մասնագիտությունը  քաղաքականությամբ զբաղվելը հեշտ չի դարձնում։

«Ես կարող եմ օրինակ լինել այն աղջիկների համար, որոնք վախենում են այս ոլորտ մտնել։  Ես երբեք չեմ ունեցել  քաղաքական  կին գործչի իդեալ։ Մտածել եմ այդ կերպարը կերտելու մասին։ Ես ինքս պետք է օրինակ դառնամ։ Մեր կուսակցության գաղափարն այն է, որ մենք նոր քաղաքական մշակույթ ենք ուզում ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ և մեր օրինակով ցույց  տանք, որ հնարավոր է զբաղվել քաղաքականությամբ»։

7–ամյա կենսագրություն ունեցող կուսակցության համար Երևանի ավագանու ընտրություններն ուժերի առաջին լուրջ ստուգատեսն են։ Քաղաքական փորձառության պակասը կուսակցության նախագահին չի անհանգստացնում։ 

«Սոցիալական հարթակներում շատ ակտիվ եմ։ Մենք ընտրությունից ընտրություն չենք խոսել, մենք միշտ ենք բարձրաձայնել մարդկանց խնդիրների մասին։ Ճիշտ է՝ ամբողջ ցուցակը հայտնի չէ, սակայն  հայտնիության սկզբունքը չպետք է դառնա մատի փաթաթան»։

Ինչպես ավագանու թեկնածու անդամներն են ասում՝  քաղաքական բովանդակություն ու օրակարգ ունեցող ուժ են, որը քաղաքականության  իմիտացիայով չի զբաղվելու։  «Դու կարող ես» կարգախոսով ընտրություններին մասնակցող կուսակցությունը վստահ է, որ երևանցին կարող է իր քաղաքի ճակատագիրը որոշել և տեր կանգնել իր քվեին:

«Այս ընտրություններում մենք լինելու ենք անակնկալ։  Սեպտեմբերի 17–ին մենք ստանալու ենք մեր քաղաքացիների քվեն, վստահ ենք, որովհետև մենք անկեղծ ենք, իրատեսական ենք և  չենք ստում երևանցուն։ Ներկայացնում ենք նրա իրական շահը։ Մենք չենք ասում, որ մեկ ամսում ֆանտաստիկ բարեփոխումներ ենք անելու, որովհետև ոչ մի քաղաքական ուժ այդ բարեփոխումները չի կարող անել այն ժամանակահատվածում, որը ներկայացվում է։  Երևանցուն փորձում են մոլորեցնել՝ ուղղակի քվե ստանալու համար։  Երևանցին ընտրելու է իրատեսական ծրագիր»։

Իրատեսական ծրագրով խոստանում են վերջնականապես կարգավորել աղբահանության խնդիրը, աղբի վերամշակման գործարանի կառուցել, քաղաքի լայնամասշտաբ կանաչապատում իրականացնել, ուսանողներին և թոշակառուներին 50% զեղչ տրամադրել հանրային տրանսպորտից և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններից օգտվելիս։ Խոստումների շարքում նաև համայնքային սոցիալական ճաշարանների հիﬓումն է, ճոպանուղու նախկին երթուղու վերականգնումն ու ընդլայնումը։

Back to top button