Հասարակություն

Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ բանաձև է ներկայացրել Էլիոտ Էնգելը

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և այդ հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը ներկայացրել են Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևը: Այս բանաձևը Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից պահանջում է տարեկան զեկույց Թուրքիայի ղեկավարած տարածքներում քրիստոնեական ունեցվածքները կողոպտելու, բռնագրավելու կամ չվերադարձնելու կարգավիճակի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

«Այս օրենսդրական քայլը Թուրքիային հաշվետու է դարձնում իր` մարդու իրավունքները պաշտպանելու միջազգային պարտավորությունների համար, և այն կոչ է անում ուշադրությունը հրավիրել թուրք առաջնորդների կողմից խախտված խոստումներին, թե իբր եկեղեցիների ունեցվածքները կվերադարձվեն իրենց իրական սեփականատերերին»,- հայտնել է Ռոյսը:

Նաև հավելել. «Տասնամյակներից ավել քրիստոնեական եկեղեցու ունեցվածքները, հատկապես նրանք, որոնք պատկանում էին հայկական, սիրիական և հունական ուղղափառ համայնքներին, կամ բռնի ուժով վերցվում էին, կամ տարբեր պատճառաբանություններով ապօրինաբար բռնագրավվում թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի վերահսկողության տակ այս եկեղեցիները կողոպտվեցին, վերածվեցին մզկիթների, խանութների, խաղատների, պղծվեցին և հաճախ անդառնալիորեն վնասվեցին»:

Նմանատիպ բանաձև (306 բանաձևը) ընդունվել է 2011թ. Ներկայացուցիչների Պալատի կողմից: Համագումարը ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան և Արևմտյան թեմերի հետ մեկտեղ լոբբիստական ջանքեր է գործադրել այն ընդունելու 112-րդ Կոնգրեսում: Սենատում նույն բանաձևը սենատորներ Սքոթ Բարունի, Դայան Ֆայնշթայնի ու Մարք Քիրքի կողմից դրվել էր քվեարկության 392 բանաձև անվան տակ, սակայն այն կասեցվել է հանձնաժողովում: Ռոյս-Էնգելի` Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության բանաձևի հայելային տարբերակը Սենատում դեռ չի ներկայացվել:

«Մենք ողջունում ենք Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և այդ հանձնախմբի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելի` այս կարևոր նախաձեռնությունը ներկայացնելու համարձակությունը: Հույս ունենք, որ այն Թուրքիային հաշվետու կդարձնի իր միջազգային պարտավորության համար` պաշտպանելու քրիստոնյա հայ փոքրամասնության իրավունքները, պատմությունը, մշակույթը և պաշտամունքի վայրերը»,- հայտնել է ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը:

Back to top button