ԿարևորՀասարակություն

Երևանում փոշու թույլատրելի մակարդակը չափազանց բարձր է. ի՞նչ լուծումներ ունեն քաղաքապետի թեկնածուները

Ուսումնասիրությունները վկայում են, որ մայրաքաղաքում փոշու թույլատրելի մակարդակը չափազանց բարձր է սահմանված նորմերից։ Դա դարձել է Երևանի ցավոտ խնդիրներից մեկը, որն ավելի է բարդանում լայնածավալ շինարարության պայմաններում։ Շուրջ 900 բազմաբնակարան շենք է այս պահին կառուցվում Երևանում, բացի այդ մայրաքաղաքի մերձակայքում շահագործվում են ավազի մի քանի տասնյակ բաց հանքեր։ Քամին նաև այդ շինհրապարակների ու հանքերի փոշին և թունավոր մասնիկներն է օդ բարձրացնում ու տարածում։ Քաղաքը փոշուց փրկելու ծրագրեր են նաև առաջարկում ու խոստումներ տալիս սեպտեմբերի 17-ին ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։

Գերկառուցապատման հետևանքով է փոշու մակարդակը անկառավարելի դարձել Երևանում՝ համոզված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Ավագանու անդամի տարիների իր փորձով համոզվել է՝ կառուցապատողները սովորաբար խախտում են բոլոր նորմերը։ Դրան գումարվում է գլոբալ տաքացումը։

Խաժակյանը խոստանում է, որ իրենց ընտրվելու դեպքում բաց հանքավայրերը այլևս չեն գործի․

«Երբ մենք խոսում ենք փոշու պաշտպանիչ ցանցերի ներդրման անհրաժեշտության մասին, դա որպես նորմ դեռևս չկա, և այն ենթադրում է ոչ միայն առաջին հարկի սահմանազատում ֆիզիկապես, այլև ամբողջ շինարարության կանաչ, պաշտպանիչ շերտերով սահմանազատում, որը թանկ լուծում չէ, բայց անվտանգային է այն իմաստով, որ աշխատակիցները ցած չեն ընկնի և փոշու տարածման իմաստով լուրջ զսպող գործոն է»։

Խաժակյանն ասում է, որ շինհրապարակները պետք է խոնավ մնան, աշխարհը դրա լուծումը վաղուց գտել է՝ ջրի տարածվող շիթը պարտադիր պիտի լինի։ Սա, ի դեպ, գործող իշխանությունն էլ է արդեն պահանջում՝ սեպտեմբերի մեկից։ Առաջին բանը, որ շեշտում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, դա այն է, որ սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Երևանի ավագանու ընդունած ավելի խիստ որոշումը։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որ վերջին մեկ տարին նաև Երևանի փոխքաղաքպետն է, մանրամասնում է. 

«Փոշու որսիչ ցանցերի պարտադիր պահանջ է դրվել պատասխան սարքերի տեղադրման, լրամշակման պահանջները արդեն կոնկրետ նորմատիվների մասին, չափիչ սարքեր ունենալու մասին են, որոնք հստակորեն Երևանի քաղաքապետարանին արդեն ամեն շինհրապարակից տեղեկատվություն կտան, թե ինչքան է խախտվում փոշու սահմանաչափը, և համապատասխանորեն Երևանի քաղաքապետարանը կարձագանքի»։

Այսինքն՝ նոր համակարգ է ներդրվվել սեպտեմբերի 1-ից և առաջին օրինակները աստիճանաբար արդեն պետք է տեսանելի լինեն՝ նաև իրենց որոշակի արդյունքներով։ Քաղաքապետարանն էլ տեսչական մարմնին զուգահեռ կվերահսկի շինհրապարակները։ Բացի այդ՝ ՔՊ-ում հիշեցնում են, որ այս ընթացքում տնկել են արդեն 35 հեկտար անտառ։ Խոստանում են՝ անտառտնկման աշխատանքները շարունակվելու են։ Որոշ ծրագրեր այս պահին էլ ընթացքի մեջ են, մյուսները՝ կյանքի կկոչեն ընտրվելուց հետո։

Կանաչապատ տարածքներից բացի, ջրային հայելիներ ու շատրվաններ է Երևանում խոստանում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյլանյանը։ Եթե ընտրվի, շինհրապարակների միջազգային ստանդարտներով վերահսկողությունից բացի, Զեյնալյանը անմիջապես բնակիչներին էլ կօգնի, որ տներում չխեղդվեն փոշուց։ Առաջարկում է գազից հրաժարվել։ Խոստանում է եռաշերտ, հերմետիկ փակվող պատուհանների ու նոր որակի օդորակիչների արտադրությոուն հիմնել. համակարգ ներդնել, որի շնորհիվ ամռանը տունը զով կլինի, կենարար օդ կունենա, իսկ ձմռանը կջեռուցի տունը։ Այդպես գազից էժան կլինի, օդն էլ՝ մաքուր․

«Ունենալով հանդերձ գազի կաթսա՝ չեմ միացնում դա, որովհետև երեք անգամ ավելի թանկ եմ վճարում գազի համար, քան նույն կոմֆորտն ստանում եմ օդորակիչներով՝ ջերմային պոմպերով։ Երկրներ կան, որտեղ արդեն իսկ ջեռուցումը ջերմային պոմպերով է իրականացվում, և մենք նաև նախաձեռնելու ենք, որ Երևանում պղնձի հիմքի վրա խողովակաշարն ամբողջությամբ պնձով է, նաև լինեն ջերմային պոմպերի արտադրություն»։

«Վիկտորի ծրագրով» էլ՝ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որ «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է համարվում։ Որ շինհրապարկները պետք է խոնավ պահվեն, փոշին որսացող ցանցեր լինեն՝ բոլորն են ասում, ինքն էլ գիտի, բայց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, եթե ընտրվի քաղաքապետ, մի ուրիշ առաջարկ էլ ունի, որը կյանքի կկոչի՝ Երևանում ոչ մի բաց հողի շերտ չի թողնի․

«Երևանում բաց հողային շերտ չի լինելու, սկսելու ենք կենտրոնից, որովհետև թե մարդկային հոսքերի, թե մեքենաների թրաֆիկը հիմնականում կենտրոնում է առաջանում, հիմա այս բոլոր բնակարանների տան փոշին մենակ կարող է առաջանա այս այգու բաց հողաշերտից։ Նայեք, ջուրը գալիս է, ցեխը տանում է մայթերին, ջուրն անջատում են, հետո ցեխը մնում է, մարդիկ ոտքերի հետ սկսում են տանել»։

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը նաև կարծում է, որ հիմա գազոնները սխալ տեղերում են ցանում, ծառատունկը ծայրից ծայր սխալ է իրականացվում, տնկիները ջրվում են տնավարի, հետո այդ ամենը կամ ցեխ է դառնում, կամ փոշի։

«Երևանի, որ ասում եմ սխալ կառավարման մոդելի մեջ, նույն կանաչապատման կամ աղբահանության սեկտորի, մենք փողոցները իբր լվանում ենք, բայց չենք լվանում մայթերը»։

Ինչ վերաբերում է Երևանին մոտ ավազի բաց հանքերին, ապա, եթե ինքը դառնա մայրաքաղաքի ղեկավար, դրանք կբոյկոտի, եթե նորմերը խախտվեն․

«Երևանն այլևս չի փրկվի պուրակների, թեթև կանաչապատումների միջոցով, Երևանի օդին անհրաժեշտ են անտառներ։ Նախատեսում ենք Երևանը շրջագծով ուրբան անտառների տնկման նախաձեռնություն, նախագիծ»։

Նաև անտառներ տնկելով Երևանն ապրելու քաղաք դարձնել է խոստանում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Իրենք էլ են նախատեսում օդի մաքրման ֆիլտրեր տեղադրել ամենաաղտոտված վայրերում՝ խաչմերուկներում, շինհրապարակներում։ Երկարաժամկետ ծրագրով էլ՝ ճոպանուղի կկառուցեն, որ խեղդվող Երևանում երթևեկությունը կրճատվի ու մթնոլորտ արտանետվող գազը պակասի։

«Ոչ միայն պիտի տուգանենք, այլև այդ գումարները պիտի համարժեք լինեն նրանց տված վնասին, որը միայն կկարողանա ապահովել, զսպել, որպեսզի տնտեսվարողը հետևի այդ կանոններին։ Ընդ որում, եթե չանի ինքը, մենք կանենք այդ գումարներով, կներդնենք իմ ասած ֆիլտրերը, պաշտպանիչ ցանցերը»։

Իրենց նախընտրական ծրագրերում որոշ թեկնածուներ նաև նախատեսել են, որ Երևանը, նրա շրջակայքն ու մթնոլորտը մաքուր պահելու համար, պետք է նաև վերամշակող գործարան կառուցեն ու աղբը որպես երկրորդային հումք օգտագործեն։ Դրա համար էլ փող ու ներդրողներ կճարեն։ Հնարավոր է, ցանկություն է պետք՝ վստահեցնում են։

 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունում կարծում են, որ Երևանի մթնոլորտը, օդը մաքրելն անհնար է, քանի դեռ առաջնահերթ չի կառուցվել աղբավերամշակման գործարան, որտեղ աղբից կստացվեն նաև կենցաղում օգտագործելի ապրանքներ։ Աշխարհի շատ քաղաքների օրինակն էլ ուսանելի կարող է լինել՝ ասում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, ընտրական ցուցակի երկրորդ համար Ծովինար Կոստանյանը։ 

«Հնարավորությունները շատ են, պետք է, ուղղակի, այդ ուղղությամբ աշխատել։ Այո, պահանջվող ներդրումը իսկապես մեծ է։ Մեր մասնագետների հաշվարկով՝ մոտավորապես խոսքը 100 մլն դոլարի մասին է, բայց այդ ներդրումը որոշ ժամանակ հետո կարող ենք հետ բերել, որովհետև այդ արտադրանքը հնարավոր է նաև դրսում վաճառել»։ 

Համակարգային մոտեցումներով է հնարավոր մայրաքաղաքի մթնոլորտի մաքրության խնդիրն իրապես լուծել, ոչ թե կոսմետիկ, — այս համոզմամբ եզրափակեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը։

Back to top button