ԿարևորՏնտեսական

Ինչպե՞ս կազմակերպել խաղողի մթերումն առանց խնդիրների․ կառավարությունը կաջակցի ընկերություններին

Փաթեթ՝ խաղողի մթերման գործընթացը հնարավորինս սահում կազմակերպելու համար։ Կառավարությունում վստահեցնում են՝ հաշվի են առել դրամի արժևորման հետ կապված բոլոր դժգոհությունները։ Գործադիրում որոշել են, որ այս տարի առաջին անգամ պետական ընկերությունը կոնյակ կգնի մթերողից։ Սա, ըստ նախաձեռնողների, թույլ կտա նախ հասկանալ խաղողի կոնյակի արտահանման հետ կապված դժվարությունները, մյուս կողմից էլ լրացուցիչ դրամական հոսքեր ապահովել խաղող մթերող ընկերությունների համար։

Բյուջետային երաշխիքներ՝ խաղողի մթերման գործընթացն ավելի արագ կազմակերպելու համար, արդյունքում՝ մթերող կազմակերպությունները ավելի արագ կկարողանան վճարել գյուղացուն։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է մանրամասնում․

«Մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: Այսինքն՝ 5 հազար տոննայից ավել խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ մեկ կգ խաղողի համար սուբսիդավորում: Իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար՝ 50 դրամ սուբսիդավորում»: 

Այս տարի առաջին անգամ նոր գործիքակազմ կկիրառվի՝ խաղողի կոնյակի գնում պետական ընկերության կողմից։ Սա թույլ կտա նախ՝ հասկանալ խաղողի կոնյակի արտահանման հետ կապված դժվարությունները, մյուս կողմից՝ տալ լրցուցիչ դրամական հոսքեր մթերող ընկերություններին, ասում է էկոնոմիկայի նախարարը․

«Այս ամենը թույլ կտա ապահովել խաղողի ողջ ծավալով մթերումը, երկրորդը՝ կապահովենք նվազագույնը 110 դրամ մեկ կգ խաղողի համար գինը, ինչպես նաև այն, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց ապրանքի համար»:

5 հազար և 10 հազար տոննայից ավելի մթերողներին տրվող աջակցությունը տրվելու է պայմանով, որ այդ գումարով էլի խաղող մթերի: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցնում է․

«Եթե 13 հազար տոննա գնի, աջակցություն չի ստանա։ Պետք է 5 հազար տոննան լրացնի։ Առաջին 15 հազարը, երբ լրացավ, նոր կստանա 5 հազար լրացված տոննային համար, 250 մլն դրամ ենք տալիս։ Մեկ կգ հաշվով 50 դրամ է»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ նվազագույնը 5 հազար տոննա մթերող ընկերությանը ևս 1000 տոննա մթերելիս 30 մլն դրամ է տրամադրվում։

«Մենք պետք է տեսնենք, որ այդ 30 մլն–ը գնում է գյուղացուն։ Ինքը դրա համար ոչ տոկոս է տալիս, ոչ մայր գումար։ Եվս հազարը մթերեց, ևս 30 մլն ենք տալիս»։

Ռիսկ կա, որ եթե գործիքները չկիրառվեն, խաղողն ավելի էժան գնով կմթերվի՝ հստակեցնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետն արձանագրում է`

«Մեր խնդիրը գյուղացուն օգնելն է, որ կարողանա գոնե 110 դրամով խաղող մթերի»։

Կառավարությունում կարծում են, որ փոքր մթերող ընկերություններն իրենք պետք է խոշորանան։

Back to top button