Սփյուռքի ձայնը

Հայաստանում հեղափոխություն եղել է, Սփյուռքում ՝ դեռ ոչ․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի քանի օր առաջ Կիպրոսում մասնակցում էր կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։ Որո՞նք են միանման խնդիրներ, նմանություններ ու տարբերություններ ունեցող երկրների՝ Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի սփյուռքերի առանձնահատկությունները, պետության հետ աշխատանքների մոդելներն ու փոխգործակցության հնարավորությունները, գլխավոր հանձնակատարը նշում է, որ Կիպրոսի և Հունաստանի հետ Հայաստանը ունի եռակողմ և երկկողմ  ձևաչափով  պայմանագրեր։

«Այս համաժողովներին բացի պետական պաշտոնյաներից պետք է մասնակցեն նաև սփյուռքի ներկայացուցիչները։ Այդ գործընթացը դեռևս սաղմնային փուլում է։ Բացի այս երկու երկրները, նախատեսում են նաև համագործակցություններ Լեհաստանի, Եգիպտոսի սփյուռքի գործերով զբաղվող գերատեսչությունների հետ»,-ասում է հանձնակատարը։

Զարեհ Սինանյանը նշում է, որ մեր երկրի նման ազգային անվտանգային մարտահրավերներ ունեն նաև Կիպրոսը և Հունաստանը։ Դրանք կապված  են Թուրքիայի, Պակիստանի հետ ունեցած հարաբերություններով։ Կան նաև տարբերություններ, նշում է․ «Հունական սփյուռքը, օրինակ, շատ ավելի ինտեգրված ու տնտեսական միջոցներ տնօրինող սփյուռք է։ ԱՄՆ-ի և այլ երկրների բարձր ատյաններում շատ են ծագումով հույն կոնգրեսականները, այլ պաշտոնյաները և այլն։ Շատ են նաև հույն մեգամագնատները, բայց կա մի խնդիր՝  նրանք մոտիվացիայի պակաս ունեն։ Թե՛ Կիպրոսի, թ՛ե Հունաստանի սփյուռքի ներկայացուցիչները շատ առնչություններ չունեն իրենց համայքների հետ։ Հենց այդ պատճառով, օրինակ, ԱՄՆ-ի  հույները հաճախ ակնածանքով են նայում մեր սփյուռքին, մեր միասնականությանը, ինչը, իրականում, այնքան էլ այդպես չէ։ Տարբեր են նաև նրանով, որ հունական ու կիպրական սփյուռքերը կենտրոնացած են անգլախոս երկրներում, մեր սփյուռքն ավելի մեծ տարածում ունի»։

Սփյուռքի հետ հարաբերություններին ու տարբեր երկրների տարիների փորձի մասին խոսելով՝ գլխավոր հանձնակատարը առանձնացնում է հետևյալը․ մեր խնդիրը պետք է լինի այն, որ կարողանանք մեր երկիր շատ թվով հայերի բերենք, ինչպես դա արել են հրեաները։ Իսկ դա կարող ենք անել սփյուռքում հեղափոխություն անելուց հետո և սփյուռքի հետ ավելի անկեղծ լինելով։ Սփյուռքի հետ աշխատանքի այն փորձը, որ ունեն հրեաները՝ ամենաարդյունավետն է, փաստում է։

Back to top button