

Ազգային երաժշտության ժառանգության «կենդանի» լինելու, պահելու գործում մեծ է ոչ միայն կատարողների, կրթական ծրագրերի, ֆոլկլորիստ երաժշտագետների, բանահավաքների, այլ նաև վարպետների ավանդը։
Մեր հաղորդման հյուրը՝ ճանաչված և սիրված կատարող Նորայր Քարտաշյանը, բացի նրանից, որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչված է որպես ավանդական փողային նվագարանների լավագույն կատարողներից մեկը, այլ նաև որպես նոր նվագարանների վարպետ և գյուտարար։
Նա ստեղծել է հայկական դուդուկի և բլուլի նվագարանների ընտանիք, լայնացնելով գործիքների դիապազոնը, հարստացնելով տեմբրային հնարավորություններն ու կատարելագործելով նվագարանների մեխանիկական բաղադրիչը։
Նորայր Քարտաշյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 18-ին Այգեձոր գյուղում (ներկայում՝ Հայաստանի Տավուշի մարզ)։
1979-1988 թվականներին սովորել է Դիլիջանի Ա. Բաբաևի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի դուդուկի բաժինը (դասատուներ՝ Ռ. Հարությունյան, Գ. Բաղդասարյան)։
1986 թվականին մասնակցել է երաժշտական ուսումնարանների հանրապետական մրցույթին (սրինգ), որտեղ դարձել է 1-ին կարգի դափնեկիր։
1988-1992 թվականներին աշխատել է Տավուշի մարզում, երաժշտական դպրոցում բացել և ղեկավարել է դուդուկի, սրինգի դասարաններ։
1992-1996 թվականներին դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես դուդուկի և շվիի ուսուցիչ։ Թողարկել է Hot Sax (1993, սաքսոֆոնի կատարումներ), Melodies from Antiquity (2004, սրինգի կատարումներ) ձայներիզները։
Նորայր Քարտաշյանը (ընկերների հետ) 2000 թվականին հիմնադրել է «Կատուներ» խումբը, որի Norewan ձայներիզը թողարկվել է 2007 թվականին։ Կատարումներով մասնակցել է Navy Band խմբի «Որքան է քոնը» ձայներիզի ստեղծմանը, որը BBC-ի Music Awards մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույնն աշխարհում։
Քարտաշյանի «Ծառաստան» անհատական ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականին, ընդգրկում է 12 ստեղծագործություն։
1999 թվականից համագործակցում է Armenian Navy Band խմբի և Արտո Թունջբոյաջյանի հետ։ Ղեկավարում է «Վան» նվագախումբը (առաջին ելույթը՝ 2011 թվականին, Երևանում)։
Նորայր Քարտաշյանը ներկայացնում է հայկական ավանդական և իր հեղինակային երաժշտությունը Հայաստանում և արտերկրի ամենահեղինակավոր բեմերում և փառատոներում։
Հաղորդման ընթացքում, առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում, հնչում են Նորայր Քարտաշյանի նվագախմբի՝ Բոստոնի հայկական թանգարանի պատվերով կազմակերպված համերգից գործիքային ստեղծագործությունների կատարումները։