

Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին զուգահեռ ակտիվացել են խոսակցությունները Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ռազմական ագրեսիայի մասին։ Նման վերլուծություններն ու հրապարակումները հատկապես շատ են հենց Ադրբեջանի մեդիատիրույթում։ Նման եզրակացությունների առիթ են դարձել Բաքվի գործողությունները Հայաստանի և Արցախի հետ սահմանին։ Սակայն, այս պնդումը միանշանակ չէ, նշում են վերլուծաբանները՝ վկայակոչելով գործընթացի քողարկված նրբություններն ու ազդակները։
ԵՄ դիտորդական առաքելությունը ականատես է եղել և փաստել, որ անցած մի քանի օրերի ընթացքում աճել է լարվածությունն ու կրակի ինտենսիվությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքներում։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն իրավիճակի մասին զեկուցել է Բրյուսել։
Այս ամենին զուգահեռ Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որով արձանագրվում է ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հրետանային միջոցների տեղաշարժն ու կենտրոնացումը։ Եթե սրան գումարենք Իսրայելից Ադրբեջան սպառազինության տեղափոխման մասին տեղեկություններն ու Ադրբեջանի մյուս սերտ շփումները, ապա ռազմական փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով պատկերը ամբողջանում է․
«Բավական ինտենսիվ են նաև Թուրքիա–Ադրբեջան կապերը ոչ միայն ամենաբարձր մակարդակում, այլև պաշտպանական գերատեսչությունների միջև։ Ակնհայտորեն Ադրբեջանը զինվում է, ակնհայտորեն դա բխում է ոչ միայն այդ սպառազինության ձեռքբերումներից, այլ նաև նրանց քաղաքական բառապաշարից։ Տարբեր տելեգրամյան ալիքներով և սոցիալական ցանցերում տարածվող ադրբեջանական շարասյուների մասին տեղեկություններով որոշակի ակտիվություն և ագրեսիվ գործելաոճ նկատելի է նաև նախիջևանյան սահմանագծի մի քանի ուղղություններով»։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ոչ միայն Գեղարքունիքում, այլև Արարատի մարզի սահմանային հատվածում է ուժեր կուտակում։ Մտահոգիչ ազդակ է նաև այն, որ նախօրեին Թուրքիայի կառավարությունը քննարկել է Էրդողանի ձևակերպմամբ՝ «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։
Խաղաղապահները գրեթե ամեն օր Արցախի տարբեր ուղղություններով հրադադարի խախտումներ են արձանագրում։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ էլ Ադրբեջանի վերջին սադրանքը մի քանի օր առաջ էր՝ սեպտեմբերի 1–ին Սոթքում, երբ հայկական կողմն ունեցավ 3 զոհ, 2 վիրավոր։ Այս դեպքից հետո դիրքային մարտեր չեն եղել, բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամենաօրյա ռեժիմով հերքում է նոր սադրանքների հող նախապատրաստող ադրբեջանական ապատեղեկատվությունը։
«Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը նշում է՝ 44–օրյա պատերազմը առաջին «զանգն» էր․
«Դա չի վերաբերում միայն Հայաստանին, դա համաշխարհային երևույթ է արդեն դառնում։ Մենք մտնում ենք, ինչպես ասում են արևմտյան և հյուսիսային գործընկերները, «տուրբուլենտության» կամ անհավասարության ինչ–որ նոր շրջան ամբողջ աշխարհով։ Լինելու է, իհարկե, ռեսուրսների վերաբաժանում, սահմանների փոփոխություններ են լինելու բազում պետություններում։ Դա կանխատեսելի էր, դրա մասին խոսում էին տասնամյակներով, բայց հասարակությունը և գիտական շրջանակների մեծ մասը գերադասում էր չտեսնել դա և ապրել հարմար աշխարհում, որ ոչ մի բան չի փոխվի, կշարունակենք այսպես շարժվել։ Չստացվեց, չի էլ ստացվելու։ Պետք է պարզապես պատրաստվենք այդ նոր շրջանին, պետք է պարզապես ճիշտ ընկալենք ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլ վաղվա և՛ մարտահրավերները, և՛ ամենակարևորը՝ հնարավորությունները, որոնք բացվում են։ Որովհետև ճգնաժամ բառը հունարեն նշանակում է երկընտրություն դեպի լավը և դեպի վատը։ Մնացածը արդեն գործող անձինք են որոշում՝ մարդիկ և պետությունները։ Այնպես որ պատրաստվել, պատրաստվել բոլոր եղանակներով»։
Ադրբեջանական մեդիատիրույթում նոր պատերազմի կանխատեսումները օր օրի շատանում են, անգամ հավանական ժամկետ է նշվում։ Դա կարելի է հանդիպել Հեյդար Ալիևի խորհրդական, նախագահական ապարատի նախկին պաշտոնյա Էլդար Նամազովի՝ «Թվիթերում» արած գրառման մեջ։ Նախկին պաշտոնյան գրում է, Ադրբեջանը սեպտեմբեր-հոկտեմբերին պատրաստվում է փոքր ծավալի ռազմական գործողության, իսկ 2024-ին՝ մեծամասշտաբ գործողությունների։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անհիմն է համարում այս պահին մոտալուտ պատերազմի մասին խոսակցությունները։ Նա գտնում է, որ լուրջ պնդումների համար անհրաժեշտ է տիրապետել իրավիճակին «գետնի» վրա ու հասկանալ՝ արդյոք կա՞ միջազգային կոնսենսուս այս հարցի շուրջ։ Ըստ վերլուծաբանի՝ «կոնսենսուս մինուս մեկ» պատկերը այս պահին կա։ Նկատի ունի Իրանը, որը բազմիցս հայտարարել և զգուշացրել է, որ թույլ չի տա տարածաշրջանում սահմանների վերափոխում։ Բայց այս դեպքում, ըստ նրա՝ դժվար է կանխատեսել Իրանի հետագա քայլերը․
«Ես չեմ կարծում, որ կգտնվի ինչ–որ մեկը, որը կասի, թե Իրանը ինչ գործողությունների կգնա։ Ես տեսնում եմ ուղղակի հստակություն, և դա վերահաստատվում է։ Ռեսուրս հաստատ ունի, կամք ունի, ցանկություն՝ մասնակցել այդ գործընթացին կամ պարզապես օգնություն տրամադրելով։ Չգիտեմ ինչ տեսքով կլինի։ Ի վերջո՝ ուրիշ ոչ մեկը մեր փոխարեն և մեզանից առավել մեր երկիրը չի սիրելու ու չի պահելու, դա փաստ է։ Այս երկիրը պահողը մենք ենք, չպահողն էլ ենք մենք»։
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը նշում է՝ պատերազմի հավանականություն միշտ կա, բայց պետք է հասկանալ նաև զսպող գործոնները․
«Քանի որ այս հումանիտար ճգնաժամին միջամտելու ազդակներ են ցույց տալիս արևմտյան պետությունները և միջազգային դատարանի որոշումը»։
Պատերազմի մասին խոսակցությունների ֆոնին Հայաստանը պետք է հստակ գիտակցի իր անելիքը ոչ միայն կարճաժամկետ կտրվածքով, ասում է «Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։ Նախապատրաստական աշխատանքների մասին ասում է՝
«Անձնական մակարդակի վրա, այո, տեսնում եմ։ Մարդիկ, ովքեր ապրեցին 44–օրյա պատերազմի փորձը, իրենք արդեն ինչ–ինչ հետևություններ իրենց համար արեցին։ Մի մասը պարզապես «խաղից» դուրս եկավ, մյուս մասը ուզում է «խաղը» շարունակել ավելի նպաստավոր պայմաններում՝ ավելի պատրաստված լինելով։ Մեր պետությունը փորձում է լուծել խնդիրները, քայլեր է անում ինչ–ինչ նախկին սխալները շտկելու համար, սակայն, եթե չկա հեռատեսություն, եթե չկա գոնե միջին հեռահարության խնդիրների լուծման ստույգ ռազմավարություն և ծրագիր, ապա մենք կարող ենք պարզապես այսօրվա խնդիրներից խուսափելու պայքար վարել, ինչը մեղմ ասած անարդյունավետ է, որովհետև վաղ թե ուշ խնդիրը ավելի մեծ է լինում, քան խուսանավելու հնարավորությունը»։
Ռազմական ուժի ցուցադրությանը զուգահեռ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը նոր պայման է նշել, թե որ դեպքում է հնարավոր Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը։ Այս անգամ արդեն Բաքվում ցանկանում են, որ Հայաստանը ներողություն խնդրի անցյալի գործողությունների համար։
Իր հերթին նույն սոցցանցում Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Անն-Լորենս Պետելն է անհանգստություն հայտնել Ադրբեջանի զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ: Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրել է, որ աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա։