ԿարևորՀասարակություն

Տեսողական խնդիրներ ունեցող անձինք Արմավիրում օգտվում են համակարգչից ու խելացի հեռախոսներից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցած տարի շուրջ 11 մլն դրամ է հատկացրել Երևանի «Լիարժեք կյանք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակելով սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցել տեսողական խնդիրներ ունեցող անձանց: Դրանք ուղղված են շահառուների կենցաղավարման հմտությունների ձևավորմանը, ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանը: Արմավիրում տեսողական խնդիրներ ունեցող անձինք հատուկ ծրագրերի միջոցով սկսել են տիրապետել համակարգչին ու ժամանակակից հեռախոսներին:

Ձայնային հաղորդակցման ծրագրով հեռախոսի զանգը հուշում է տեսողական խնդիր ունեցող անձին հեռաձայնողի մասին՝ նշելով անունը: Սոֆյա Մկրտչյանն այլևս չի դժվարանում օգտվել հարթ էկրանով հեռախոսից, որը բազմաթիվ հնարավորություններ ունի: Սոֆյան «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության սոցիալ-վերականգնողական ծառայության շահառուներից է:

«Երբ նոր սմարթֆոն ունեցա միշտ ասում էի՝ երանի հեռախոսս ընկներ Վահեի ձեռքը, քանի որ գիտեի, որ ինքը մասնագետ է: Վահեն միշտ ասել է՝ եթե Երևան գնամ, ինքը կսովորեցնի ծրագրի հմտությունները, որպեսզի կարողանամ օգտվել հեռախոսից»:

Վահե Արզումանյանը տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսուցանող փորձագետ է: Նա նույնպես տեսողական խնդիրներ ունի, բայց հմտորեն տիրապետում է համակարգչին և իր գիտելիքները փոխանցում է շահառուներին.

«Առանց սովորելու գրագետ օգտվել գրեթե անհնար է: Օրինակ՝ այստեղ սովորած տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարող են լիարժեք համակարգչային օպերատորներ աշխատել: Այսինքն՝ ճիշտ սովորել է պետք, 10 մատով՝ տպագրել: Երբ դու սովորում ես տպագրելու կանոնները, թե որ ստեղնը ինչ ֆունկցիայի համար է պատասխանատու, ընդհանրապես խնդիր չի լինում»:

Վահե Արզումանյանն աշխատում է համակարգչային «Ոչ տեսողական մուտք»՝ NVDA (Non visual desktop access) ձայնային ծրագրով: Արմավիրցի երաժիշտ-գործիքավորող Գերասիմ Էվանիսյանին համակագչային գիտելիքներն օգնում են առանց օպերատորի օգտվել համացանցից ու տարբեր հավելվածներից:

«Համակարգչով համացանցի հետ ենք առնչվում. ծրագրի խոսնակը ուղղություն է ցույց տալիս և ըստ այդմ գործողություն ենք կատարում: Այս ձևով կարելի է բոլոր ծրագրերից օգտվել, քանի որ բոլորն էլ նույն հասանելիությունն ունեն: Նույն կերպ օգտվում ենք նաև սմորթֆոններից՝ դարձյալ ծրագրի խոսնակի միջոցով»:

Օգտվելով տարբեր հավելվածներից Սոֆյա Մկրտչյանը հիմա կարողանում է ստուգել դրամապանակի պարունակությունը, տեքստեր կարդալ, ստուգել բանկային քարտի հաշիվը:

«Մտնում եմ բանկային հավելվածը և ստուգում եմ, թե ինչքան գնումներ եմ կատարել, ինչքան գումար կա: Հիանալի ծրագիր է»:

Համակարգչային գիտելիքներն օգնում է նաև ազատ շփվել « Թիմ թոք» հարթակում, որտեղ տեսողական խնդիրներ ունեցող անձինք կազմակերպում են իրենց ժամանակը ինտելեկտուալ խաղերի կամ հանդիպումների միջոցով:

«Արմավիրի զարգացման կենտրոնում» տեսողական խնդիրներ ունեցող անձանց շարժողական հմտությունների զարգացմանն ու ինքնուրույն կենցաղավարմանն օգնում են տիֆլոմանկավարժները: Մարո Աղաբաբյանն այս ոլորտում 8 տարվա աշխատանքային փորձ ունի, ասում է՝ մարզերում շահառուները խուսափում են փողոց դուրս գալ տեղաշարժման խոչընդոտների պատճառով:

«Փողոցների հարմարեցումները այնպես չէ, որ մարդիկ կարողանան դուրս գան: Մեր քաղաքն այսօր վերակառուցման բուռն աշխատանքների մեջ է, մարդիկ երբեմն անակնկալի են գալիս ու խուսափում են դուրս գալուց: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժման խոչընդոտ են հանդիսանում նաև թափառող շները, որովհետև ձեռնափայտով մարդուց շները վտանգ են զգում»:

Երկարատև աշխատանքի արդյունքում տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ սովորել են սպիտակ ձեռնափայտ կրել, ասում է սոցիալական աշխատող Գոհար Մկրտչյանը.

«Երբ առաջին անգամ շահառուները սպիտակ ձեռնափայտով պետք է քայլեին Արմավիրում, սկզբում ամաչում էին, մտածում էին, որ չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել: Բայց երկու տարվա մեջ մենք հասանք այն արդյունքին, որ մեր շահառուն Սարդարապատից ինքնուրույն գալիս է, մասնակցում դասընթացներին ու գնում տուն»:

Հուշակերտից ինքնուրույն Արմավիր է հասնում նաև Ալբերտ Սաֆարյանը: Նա վերջերս դարձել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի ուսանող, ավարտել է ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետը, հիմա էլ տիֆլոմանկավարժություն է ուսումնասիրում:

«Մինչև այստեղ գալը չեմ մտածել ուսումս շարունակելու մասին, ասում էի՝ ուղեկցող ունեմ, հոգեբանությունը սովորել եմ և վերջ: Բայց այստեղ հաճախելուց հետո ես որոշեցի ուսումս շարունակել: Հիմա մանկավարժական համալսարան գնալու տարածքին եմ ծանոթանում, ընկեր Մարոն ինձ մի անգամ ուղեկցել է, և ես փորձում եմ քարտեզը պատկերացնել, որ չմոլորվեմ»:

Մարո Աղաբաբյան. «Փորձել ենք փոքրիկ գրատախտակի վրա մագնիսների օգնությամբ ստանալ մակետը, որովհետև ոչ մի դիդակտիկ նյութ չկա, մենք՝ մասնագետներս ենք պատրաստում, որպեսզի կարողանանք աշխատել, ինչ որ ձևով բացատրել»:

Վահե Արզումանյանն ասում է, որ տեղանքում կողմնորոշվելու հատուկ ծրագրեր կան նաև չտեղնող մարդկանց համար. «Տարածական կողմնորոշման շատ լավ ծրագրեր կան GPS Գլոբալ տեղորոշման համակարգով, որ հասկանաս, թե որտեղ ես գտնվում, որ փողոցում ես և դեպի ուր ես քայլում, ինչքան է մնացել դիմացի խաչմերուկ հասնելուն և այլն»:

Սպիտակ ձեռնափայտերը անվճար տրամադրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 9 շահառուից 4–ին Արմավիրի զարգացման կենտրոնը համակարգիչներ է հատկացրել:

Back to top button