Վերնատուն

Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեն կանցկացվի 4-րդ անգամ. «Վերնատուն»

Գեղարվեստական տպագրության երևանյանմիջազգայինբիենալեն հիմնվել է 2017 թվականին։ Այս տարի այն կանցկացվի 4-րդ անգամ։ Յուրաքանչյուր տարի ավելանում է բիենալեին մասնակից միջազգային արվեստագետների քանակը, նաև հայ ուսանողների քանակը, որոնք ուզում են գեղարվեստական տպագրություն սովորել։

«5 տարիների ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ հիմնադրվելուց ի վեր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը կարողացավ ձևավորել արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրեր, որի շրջանակներում հայ արվեստագետները գեղարվեստական տպագրության ոլորտում փորձառություն են ձեռք բերում արտերկրում»,– ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Նա նկատում է, որ այս տարի վստահորեն կարելի է ամրագրել, որ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն տարածաշրջանում միակն է և միջազգային լայն ճանաչում է վայելում։ 4-րդ Միջազգային բիենալեի այս տարվա առանձնահատկությունը Գեղարվեստական տպագրության միջազգային համաժողովն է, որն անցկացվելու է առաջին անգամ՝ 27 երկրներից ժամանած շուրջ 35 փորագրանկարիչների ու փորձագետների մասնակցությամբ։ Արտերկրից ժամանած մասնագետները հանդես կգան զեկույցներով ու վարպետության դասերով։

«Երբ հիմնադրեցինք բիենալեն, նպատակ ունեինք փառատոնի միջոցով միջազգային արվեստագետների ուշադրությունը գրավել դեպի Հայաստան, ուզում էինք, որ Երևանը հայտնվի միջազգային հանրության ուշադրության կիզակետում։ Բիենալեն, առաջին հերթին, մեզ տալիս է ճանաչում, շատ եմ կարևորում նաև նոր սերնդի ակտիվությունը», – ասում է Սոնա Հարությունյանը։ Գեղարվեստական տպագրության 4-րդ միջազգային բիենալեի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19։00-ին, «Ազնավուր» կենտրոնում։

Back to top button