

2022 թվականին ԱՄՆ-ում ստեղծված «Ամերիկյան-հայկական ազգային անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրն ամերիկյան բանակի՝ արդեն թոշակի անցած հայազգի գեներալ մայոր Մարկ Մքարլին է, 44-օրյա պատերազմից հետո միավորեց հայ և օտար համախոհներին, ասում է կազմակերպության համահիմնադիր, փոխնախագահ, հետազոտող լրագրող Աբո Չափարյանը։
Հումանիտար աջակցության բրիգադը կարևորում է Հայաստանին ու Արցախին օժանդակություն տրամադրելը, տարբեր մասնագետների միջոցով փորձի փոխանակումները, միջազգային հանրությունում հայամետ կարծիքի ձևավորումը, քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնումը։
«Կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանի և Ամերիկայի միջև ռազմագիտական, տնտեսական և քաղաքական կապերը զարգացնելն է, ուսուցողական աշխատանքներ տանելը»,- ասում է Աբո Չափարյանը:
Նա կարևորում է օտար երկրներում, հատկապես ԱՄՆ-ում քննարկումներ ու հանդիպումներ անցկացնելը, պատերազմի կամ սադրանքի իրական կողմերը ներկայացնելը, քննարկումներում նաև օտարերկրացիներին ընդգրկելը:




«Գեներալ Մարկ Մքարլին ոչ միայն զինվորական է, երեք վարչաշրջաններում լիազորված իրավաբան, միջազգային կարգի իրավաբան, այլև լրագրող է: Նա բազմաթիվ հայտնի մեդիաներում ներկայացրել, խոսել է տարածաշրջանի խնդիրների ու մեզ շրջապատող երկրների մասին: Հենց նրա ջանքերով արևմտյան լրատվամիջոցների խումբը պատերազմից հետո ժամանեց Արցախ: Նրանց մեջ էր նույնպես թոշակի անցած զինվորական, գնդապետ Ռոբերտ Քեսեդին, նաև հոլիվուդյան ֆիլմարտադրող Էլեն Մքարլին: Իսկ 2022-թ․-ի հուլիսին նրանք նաև դասախոսություն են կարդացել Հայաստանում՝ անվտանգության ու ռազմագիտական հմտությունների վերաբերյալ»,- նշում է կազմակերպության փոխնախագահը:
Աբո Չափարյանը վստահ է, որ թեև ուշ, բայց ոչ ուշացած է այս կազմակերպության հիմնումը: Իսկ սփյուռքի՝ իսկապես մտահոգ անհատների շնորհիվ այն կհասնի մեծ արդյունքների:
Սփյուռքահայության այսօրվա դերակատարությունը հայկական և միջազգային կյանքում ու օրակարգային հարցերը ինստիտուտի օրակարգում են, ասում է համահիմնադիր Աբո Չափարյանը:




Ի դեպ, գեներալ-մայոր Մքարլին և հումանիտար խումբը օրեր առաջ Հայաստանում էին և վարժանքներ էին անցկացնում հայ փրկարարների հետ համատեղ։
Ինչպե՞ս է գնահատում հայ փրկրարների աշխատանքը և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայ փրկարարների այդ երկիր մեկնելը, նկատում է. «Հայ փրկարարների աշխատանքը գերազանց է: Այն, որ մենք ստեղծել ենք հումանիտար աջակցության բրիգադ, որը Հայաստանին սպառնացող վտանգի ժամանակ պարտավոր է ժամերի ընթացքում գտնվել այստեղ, չի նշանակում, որ հայ փրկարարները պրոֆեսիոնալ չեն և իրենց գործին չեն տիրապետում, պարզապես հավելյալ ուժի կարիքը երբեմն անգամ մեծ պետություններն են զգում: Ինչ վերաբերում է հայ փրկարարների՝ Թուրքիային օգնելուն, ապա սա պետական քաղաքականությունից բացի, մարդկային որակների և մոտեցումների մասին է խոսում: Մենք դարերով ապացուցել ենք մեր համամարդային արժեքնեը կարևորելու մեր առանձնահատկությունը: Կգա ժամանակ, որ այն իսկապես կգնահատվի աշխարհի կողմից»,- ասում է Աբո Չափարյանը: