ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս են լուծելու պոլիկլինիկաների մատչելիության հարցը

Երևան քաղաքում խնդրահարույց է պոլիկլինիկաների մատչելիության հարցը, անբավարար են շենքային պայմանները և ծառայությունների որակը։ Առողջապահական ոլորտի վերաբերյալ ի՞նչ առաջարկներ ունեն ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող  գրեթե  բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առողջապահական ոլորտին անդրադարձ կա։ Առանց այս ոլորտում համակարգային փոփոխությունների՝ քաղաքի կառավարումն անհնարին են համարում։ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն առողջության առաջնային պահպանման օղակի լուրջ վերազինման ծրագիր է առաջարկում։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանի կարծիքով՝ յուրաքանչյուր վարչական շրջանի գոնե մեկ պոլիկլինիկա պետք է ունենա դժվարամատչելի գործիքային հետազոտությունների հնարավորություն։

«Մեր ծրագրում առաջնային դեր ունեն պոլիկլինիկաներում բարեփոխումները։ Մասնավոր– պետություն համագործակցություն է պետք։ Պետք է գտնել ներդրողներ։ Պետք է հասկանալ՝ ինչով կարող ենք շահագրգռել ներդրողներին։ Միայն մեր միջոցներով տևական ժամանակ է պետք բարեփոխումների համար։ Առողջապահական ոլորտում մակերեսային բարեփոխումներ են կատարվում։ Պոլիկլինիկան պետք է ապահովի նախնական բուժզննություն։ Պետք է վերանայվի աշխատավարձերի չափը։ Մեր քաղաքական թիմի համար ամենից վեր են մարդու առողջությունն ու կյանքը»։

Ընտրություններին 11–րդ համարով մասնակցող  քաղաքական ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», առաջարկում նախ սկսել շենքային պայմաններից։ Դրանք պետք է հասանելի լինեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Հերթերը թեթևացնելու համար պետք է բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Պոլիկլինիկաների տեխնիկական վերազինումից, վերանորոգումից բացի՝ կուսակցությունը լուրջ խնդիր է համարում բուժանձնակազմի աշխատավարձերի հարցը։ «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ոլորտում լուրջ անելիք կա։

«Ես չեմ ուզում այստեղ ոչ իրատեսական բաներ ասել, որ կբարձրացնենք, կեռապատկենք աշխատավարձերը։ Իհարկե, պետք է աշխատենք աշխատավարձերի բարձրացման վրա, բայց պետք է ստեղծենք այնպիսի գրաֆիկներ, որով առնվազն տվյալ ծառայությունը շաբաթվա մեջ մի քանի օր հասանելի լինի բնակիչների համար»։

Ավագանու ընտրություններին առաջին քվեաթերթիկով մասնակցող  «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ծրագրում առողջապահական ոլորտի բարեփոխումները կետերով են առանձնացվում՝ առողջապահական հիմնարկների վերանորոգում ու արդիականացում, անձնակազմի պարտադիր և պարբերաբար վերապատրաստում, պետության կողմից ֆինանսավորվող արտերկրյա վերապատրաստումներ բժիշկների համար։ Նաև՝ 1-03, 1-04 ավտոպարկերի թարմացում ու միջազգային չափանիշներին համապատասխան կահավորում։ Կուսակցությունը խոստանում է, որ պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու առավելություն կստանան պատերազմի մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն առողջապահության նախկին փոխնախարար, բժիշկ–վիրաբույժ Արտակ Զեյնալյանն է, ոլորտում գործնական մեծ փորձ ունի։ Քաղաքական միակ ուժն է, որը դեմոգրաֆիկ պատկերի բարելավման ծրագրեր է առաջարկում։

«Պրոֆիլակտիկա ենք իրականացնելու և այդ պրոֆիլակտիկայի, կանխարգելման համար ներդնելու ենք համակարգչային  ծրագրեր, հավելվածներ, որպեսզի յուրաքանչյուր բուժառու, յուրաքանչյուր քաղաքացի լինի հսկողության տակ։ Մատչելի ենք դարձնելու  պոլիկլինիկաները։ Բժիշկները լինելու են ավելի պրոակտիվ,  ներդնելու  ենք արհեստական ինտելեկտը, համակարգչային հնարավորությունները, բջջային հավելվածների հնարավորությունները, որպեսզի յուրաքանչյուրի առողջությունը լինի հսկողության տակ։  Տրավմատիզմը պետք է պակասեցնենք։ Պոլիկլինիկաներում ավելացնելու ենք ախտորոշման  հնարավորությունները այնպիսի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար, որոնք հնարավոր է ժամանակ առ ժամանակ որոշակի  պարբերականությամբ հետազոտման  արդյունքում հայտնաբերել։ Սրանք են, որ մենք նախապատրաստում ենք այս ոլորտում իրականացնել»։

«Արդար Հայաստան» կուսակցությունը նախընտրական ծրագրում առանձնացրած ռազմավարական 10 խնդիրներից մեկով անդրադարձել է պոլիկլինիկաներին ու դրանց կողմից մատուցվող ծառայություններին։ Երրորդ համարի քաղաքական ուժն առաջարկում է իրականացնել որակական ու ռազմավարական փոփոխություններ։ Արձանագրում է, որ խորհրդային ժամանակները հիշեցնող պոլիկլինիկաներում որակյալ մասնագետները սպասարկում են ոչ պատշաճ պայմաններում․ հին սարքեր, սակավ դեղորայք և այլն։

«Ես անձամբ եմ գնում պոլիկլինիկա Հրաչյա Քոչարի վրա գտնվող, որտեղ ունեմ հին անկետա և անձամբ եմ փորձում հասկանալ խնդիրները։ Ասեմ, որ Սովետական փլուզված Միություն են հիշեցնում մեր որոշ պոլիկլինիկաներ։ Դա աբսուրդ է։ Մենք առաջարկում ենք, որ այդտեղ խորքային փոփոխություններ արվեն։ Համագործակցենք առողջապահության նախարարության հետ»։

Հայաստանի եվրոպական կուսակցությունը եվրոպական մոդելով Երևանի կողմնակից է։ Կուսակցությունը եվրոպական քաղաքի զարգացման եռափուլ տարբերակով առաջարկում է զարգացնել պոլիկլինիկան ու հիվանդանոցը։ Քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանի խոսքով՝ յուրաքանչյուր վարչական շրջանի բնակիչ իր համայնքում առաջնային բուժօգնություն ստանալու հնարավորություն պետք է ունենա։

«Մենք տեսնում ենք, որ «Էրեբունի» հիվանդանոցը էրեբունցիների համար լուծում է։ Դրա օրինակով համոզվում ենք, որ դարձել է Էրեբունի վարչական շրջանի քաղաքակրթական կենտրոնը։ Այնտեղ խանութներ կան, նույնիսկ եկեղեցի։ Քաղաքային իշխանությունները պետք է հասկանան այդ կարիքները։ Եվ այդ օրինակով պետք է շարժվենք նաև մենք»։

Իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է սկսել ուսումնական հաստատությունների բուժկետերից՝  վերազինել դրանք և  վերապատրաստել անձնակազմերը։ 

Back to top button