

1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն՝ այլևս չեն աշխատելու դպրոցներում: Իսկ Հայաստանում չկան բավարար թվով մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող մասնագետ ուսուցիչներ: Այս թվի մեջ կան նաև արդեն բուհերում սովորող ուսուցիչներ, որոնց աշխատելու հնարավորությունը ևս հարցականի տակ է։
«Կա ուսուցիչների մի մեծ բանակ, ովքեր մասնակցել են կամավոր ատեստավորմանը և չեն հաղթահարել շեմը և այսօր, փաստացի կանգնած են կամ աշխատանքից ազատվելու խնդրի առջև կամ նորից անցնելու կամավոր ատեստավորման գործընթացը, որից արդեն խուսափում են՝ սահմանված պայմաններից ելնելով։ Ուսումնասիրություններից ելնելով պարզ դարձավ, որ 3 ժամը և 70 հարց ուսուցիչների համար հաղթահարելը ֆիզիոլոգիապես բավականին բարդ խնդիր է», – ասում է ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը։
«ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը իհարկե բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Շատ լավ իմանալով, որ արդեն իսկ ունենք ուսուցիչների պակաս մեր հանրապետությունում, նախարարությունը անցած տարի որոշեց, որ մանկավարժական բուհերում դիմորդները պետք է հանձնեն առնվազն 2 քննություն՝ նախկին 1-ի փոխարեն, դնում է կամավոր ատեստացիայի խիստ պահանջ և դնում է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կրճատման խնդիր։ Այսինքն՝ 3 տարբեր ձևերով այնպես է անում, որ ուսուցիչները դուրս մնան, շատ լավ իմանալով, որ ինքը ունի ուսուցիչների պակաս և այսօր բազմաթիվ դպրոցներում մենթոր դպրոցները հեռավար դասեր են անում։ Այսինքն՝ նախարարությունը իմանալով, որ ինքը ուսուցչի խնդիր ունի՝ խստացնում է ուսուցիչ դառնալու պայմանները», – մտահոգվում է կրթության ոլորտի փորձագետ, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։