Հայաստանը՝ զբոսաշրջային ներդրումների խաչմերուկում․ Երևանում կանցկացվի համաշխարհային ֆորում


Սեպտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացվի համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը։ Զբոսաշրջության կոմիտեում մանրամասնում են՝ սա ամենակարևոր միջոցառումներից մեկն է, որտեղ քննարկվում են ոլորտի զարգացման հեռանկարներն ու համագործակցության հնարավորությունները։ Այս տարի այս քննարկումների կենտրոնում հենց Հայաստանն է լինելու։ Կոմիտեում հետազոտել ու պարզել են՝ հատկապես հետքովիդյան շրջանում ներդրողների ուշադրության կենտրոնում ստարտափերն ու նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերն են․ փորձելու են ֆորումի ժամանակ արտասահմանցի գործընկերների ուշադրությունը հենց այս ուղղության վրա կենտրոնացնել։
Հայաստանը զբոսաշրջային ներդրումների ու ոլորտային զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումների խաչմերուկ կդառնա։ Երևանը շաբաթվա վերջում կհյուրընկալի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը։ Միջոցառումը 2020-ի համավարակից հետո առաջին անգամ է կազմակերպվում․ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ասում է՝ սա լավ հնարավորություն է զբոսաշրջային համաշխարհային պոտենցիալը Հայաստանում գերերացնելու և փորձի փոխանակություն իրականացնելու համար։
«Ներդրումային ֆորումն առաջին անգամ կազմակերպվում է Երևանում։ Փորձել ենք բավականին հետաքրքիր օրակարգ ունենալ, ունենք նաև հետաքրքիր ու բազմաոլորտ խոսնակներ Ամերիկայից, Դուբայից և այլն։ Փակ միջոցառում է լինելու, որին կմասնակցեն շուրջ 150 մասնագետներ, ունենք նաև հյուրեր դեսպանատներից։ Քննարկումների առանցքում ամբողջ աշխարհի ներդրումային ոլորտն է լինելու»,– ասում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։
Միջոցառման առանցքում զբոսաշրջության ոլորտի ներդրումային հնարավորություններին են․ 2020-ի համավարակը ամենաբացասական ազդեցությունն ունեցավ հենց զբոսաշրջության վրա․ դրանից հետո փոփոխվեցին ոչ միայն զբոսաշրջային ուղղությունները այլ նաև զարգացման հեռանկարները ու ներդրումային տրամադրությունները․ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանն ասում է՝ համավարակը հաղթահարելուց հետո ճիշտ ժամանակն է քննարկելու զարգացման հեռանկարները։
«Հիմնական նպատակն է ցույց տալ այսօրվա ներդրումային միտումները զբոսաշրջության ոլորտում, այսինքն թե ինչպես են մտածում ներդրողները, որտեղ են ներկայումս ներդրումներ կատարում և հատկապես կարևոր է հասկանալ, թե ինչպես է փոխվել ներդրումային մթնոլորտը, միջավայրը։ Քովիդը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, գիտենք, որ ամբողջ աշխարհում ամենաշատ տուժել է հենց զբոսաշրջային ոլորտը և կարևոր է հասկանալ, թե ներդրողները որտեղ են գերադասում ներդրումներ իրականացնել և ինչն են ուզում զարգացնել»։
Միջոցառումը փակ է լինելու․ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն մասնակցության հրավեր է ուղարկել աշխարհի ամենատարբեր երկրների ոլորտային ներկայացուցիչների։ Սենեգալիս, Ալժիրից, Մոլդովայից Իրանից Ամերիկայից ու Դուբայից Երևան կժամանեն ոչ միայն զբոսաշրջության ոլորտում աշխատող մասնագետներ, այլ նաև հենց ներդրողներ։
«Փորձելու ենք հնարավորինս լավ ցույց տալ Հայաստանը իր բոլոր կողմերով և քանի որ խոսքը հենց զբոսաշրջության ներդրումային դաշտի մասին է փորձելու ենք ցույց տալ Հայաստանում զբոսաշրջային պոտենցիալը։ Այդ նպատակով հատուկ տուրեր ենք կազմակերպելու հենց մասնակիցների համար»,– ասում է Սոնա Հովհաննիսյանը։
Ոլորտային ներդրումների համատեքստում քննարկման առանցում լինելու է հենց Հայաստանը՝ ընդգծում է Սիսիան Պօղոսեանը։ Քննարկումներ կծավալվեն այն երկրների հետ, որոնք կարող են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներ առաջարկել։
«Կարող եմ ասել, որ մեր երկրում բավականին փոխվել է ոլորտը քովիդից հետո, բավականին շատ ներդրումներ են արվում ստարտափերի դաշտում, այսինքն հիմնական ներդրումները ուղղվում են նոր մտքերին ու ծրագրերին»։
Զբոսաշրջության կոմիտեում լիահույս են, որ միջոցառման արդյունքները շատ արագ տեսանելի կլինեն, քանի որ զբոսաշրջությունը Հայաստանում անվերջ զարգացող ոլորտ է, որտեղ, ըստ մասնագետների, մեր երկիրը անսպառ չօգտոգործված պոտենցյալ ունի։