Ուզում եք գեղեցիկ քաղաք, ընտրեք գեղեցիկ մարդկանց․ Նատալիա Ռոտենբերգ. 5-րդ քվեաթերթիկը «Ուժը հայրենյաց»-ինն է


«Ուժը հայրենյաց» կուսակցության քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, երևանցիները հանդիպում են կուսակցականների հետ, լսում նրանց ծրագրային առաջնահերթությունները, առաջադրում իրենց մտահոգությունները։ Կուսակցության անդամներն ասում են, որ իրենց ներկայացրած ծրագիրը հիմնված է մայրաքաղաքը ավելի գեղեցկացնելու, բարեկեցիկ ու ապրելու համար ավելի ապահով դարձնելու գաղափարի վրա։
«Երևանցու կամքով՝ հանուն Երևանի» կարգախոսով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող իրավաբան Նելլի Հարությունյանը քարոզարշավի 12 -րդ օրն արձանագրում է, որ հասցրել են լինել մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում, զրուցել բնակիչներից շատերի հետ ու ևս մեկ անգամ հստակեցրել, որ երևանցին ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուծումն ըստ էության բավականին հեշտ է։
«Գազի խողովակը շենքից 300 մետր հեռավորության վրա է, սակայն շենքը չունի գազ, ու անվտանգության կանոնների խախտմամբ բալոններ են օգտագործում։ Արաբկիրում դեպք գրանցվեց, և դա պետք է ահազանգ լինի։ Չգիտես անտարբերություն է, անուշադրություն, թե արհամարանք»։


«Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամները տնետուն չեն ընկնում, գերադասում են շփման այլ տարբերակ՝ սոցիալական ցանցերի միջոցով են խոսում երևանցիների հետ։ Լսենք կուսակցության շտաբը ղեկավարող Տիգրան Արզաքանցյանին և կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանին․
«Մենակ բարձրահարկեր են սարքում, շահույթի մասին են մտածում, բայց անվտանգության մասին չեն մտածում։ Վաղը, որ մի հրդեհ լինի, ոնց են փրկելու այդ մարդկանց։ Մոռացել ենք, որ մենք կրթված ժողովուրդ ենք, բայց դրա հետ նաև պետք է լինենք բարի, նվիրված, նվիրյալ երկրիդ հանդեպ։ Եթե մենք Երևանի պատերն անենք ոսկուց, բայց երևանցիները առանց իրար բարին մաղթելու ապրեն, ոչ մի հաջողություն չի լինի»։
«Այսօր պատրաստ եմ, իմ երեխաների հարմարավետության հաշվին, իմ առողջության հաշվին միանալ բոլորին ու ծառայել իմ քաղաքին»։
«Ուժը Հայրենյացի» նախընտրական ծրագիրը յոթ հիմնական կետ ունի, նրանցից յուրաքանչյուրը՝ մոտ 8 ենթակետ։


Հիմանականում շեշտադրվում է հարմարավետ քաղաք ունենալու հրամայականը։ Ծրագիրը կազմվել է մայրաքաղաքի առջև ծառացած մարտահրավերները նկատի ունենալով՝ կանաչապատում, բարեկարգում, ապահովություն, քաղաքի համաչափ զարգացում, անվտանգություն, գործարար մայրաքաղաք, աղբահանություն, քաղաքային տրանսպորտ, այս բոլոր ոլորտներում առկա բացթողումները դրտարկված ու ներառված են ծրագրում։
Ուզում ենք, որ լինի քաղաք հավասարապես բոլորի համար՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Նելլի Հարությունյանը․
«Նախանշել ենք զարգացման հիմնական ուղղությունները զարգացած քաղաքների փորձի հիման վրա։ Ծառացած շատ խնդիրներ մեկ օրվա չեն։ Կան խնդիրներ, որոնց պատճառը մենք ենք, որպես բնակիչ։ Նկատի ունեմ աղբի կուտակումները»։
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախընտրական ցուցակում 41 անդամ է ընդգրկված։ Նրանք տարբեր մասնագիտությունների մարդիկ են։ Առաջին համարը իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանն է, նա իրավապահ մարմիներում 28 տարվա աշխատանքի փորձ ունի։
Հարությունյանին հաջորդում է Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Նա ֆինանստիստ է, գեղարվեստական մարմնամարզության դաստիարակ։ Ցուցակի 3-րդ համարը գործարար Արմեն Մարգարյանն է: Նրան հաջորդում է բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը։ Ցուցակում են նաև մանկավարժ, Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի մարզիչ-խորեոգրաֆ Իրինա Ցուկանովան, Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը․․․
Ցուցակում կան գործարարներ, բալետի մենապարուհիներ, գիտաշխատողներ, սպորտսմեններ, ճարտարապետներ, առողջապահության մասնագտեներ։


Թեև իրենց քարոզարշավը նորմալ է ընթանում, Նելլի Հարությունյանը խոսում է որոշ կուսակցությունների կողմից վարչական ռեսուրսների չարաշահման, պետական միջոցների օգտագործման մասին․
«Կան աշխատանքներ, որ տասը տարի առաջ են իրականացրել կամ սկսել, բայց որոշ ուժեր վերագրում են իրենց դա»։
Նատալյա Արզաքանցյանը սիրում է զբոսնել «Հաղթանակի» զբոսայգում։ Ցավով է խոսում այգու անբարեկարգ վիճակի, անկանոն կանաչապատման, սխալ խնամքի մասին․
«Գործը սկսել եք, արեք մինչև վերջ։ Բազրիք չկա անցուղում, հաշմանդամները կընկնեն այստեղից։ «Հաղթանակի» տաղավարները հին են, լճի կողքի սալիկները դեռ սովետական տարիներից են, քանդված, լուսավորություն չկա կամ բավարար չէ։ Հիմա կասեք՝ ինչ ես ասում, գնա՝ արա։ Ընտրեք՝ կանեմ։ Ուզում եք գեղեցիկ այգի՝ ընտրեք գեղեցիկ մարդկանց»։
Քարոզարշավի ավարտին մնացել է 11 օր։ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը վստահեցնում է, որ քարոզարշավը շարունակելու է նույն ոճով․ այցելելու են համայնքներ, բակերում զրուցելու են մարդկանց հետ, լսելու են նրանց մտահոգություններն ու գրառելու են դրանք․․․