Մշակույթ

Բուլղարական Գաբրովոյում տեղի է ունեցել զարդագործ Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը

«Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոն»-ի շրջանակներում Բուլղարիայի Գաբրովո քաղաքում տեղի է ունեցել գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը։

Տարբեր երկրներից արվեստագետներ եւ արհեստավորներ ներկայացրել էին իրենց հեղինակած աշխատանքները։

Արտակ Թադեւոսյանի ասելիքն ինքնատիպ էր. զարդեր ստեղծել կյանք տվող կնոջ համար` մարդուն կյանքից զրկող փամփուշտից:

Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը:

Արվեստագետը փորձել է ներկայացնել նաեւ այսօրվա ցավը` արցախյան խնդիրը եւ շրջափակման մեջ հայտնված շուրջ 120.000 բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից կիրառվող էթնիկ զտման քաղաքականությունը:

Արտակը փորձում է իր աշխատանքներով ներկայացնել այն ճշմարտությունը, որ քանի դեռ չկա խաղաղություն, պատերազմը շարունակվում է։

Գաբռովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկությամբ Արտակ Թադեւոսյանը հանդիպել է նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որպեսզի Գյումրին եւ Գաբրովոն քույր քաղաքներ դառնան:

Համաձայնությունը ստանալով` Արտակն այն փոխանցել է Գյումրու քաղաքապետին։

Back to top button