#Մարդամոտ-քաղաք՝ ըստ #Վիկտորի-պլանի․ 4-րդ քվեաթերթիկը «Հաղթանակ» կուսակցությանն է


Երևանը պետք է մարդամոտ դառնա, իսկ քաղաքապետի աշխատանքը ոչ միայն և ոչ այնքան քաղաքի, այլև այնտեղ ապրող մարդու մասին հոգ տանելն է․ սա «Հաղթանակ» կուսակցության գաղափարախոսությունն է, որն ընկած է քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի առաջարկած «Վիկտորի պլանի» հիմքում։ Ընտրություններին փոքր ցուցակով ներկայացած կուսակցությունը քաղաքի համաչափ զարգացում և դրա բոլոր անդամներին հատկացվելիք համաչափ ուշադրություն է խոստանում։
«Ռադիոլուրը» շարունակում է ներկայացնել ընտրարշավի մասնակիցներին։ Հերթը 4-րդ քվեաթերթիկինն է։
««Վիկտորի պլան»-ը իմ անվան հետ կապված չի, թեև բառախաղ կա, բայց սա հաղթանակի պլանն է, «Victory» բառի թարգամանությունը։ Սա Երևան քաղաքի ու երևանցիների հաղթանակի պլանն է»։
«Հաղթանակ» կուսակցությունը իր #հաղթանակի-պլան-ով հանրությանը խոստանում է ստեղծել #մարդամոտ-քաղաք՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում։ 4-րդ քվեաթերթիկը կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանինն ու իր թիմինն է։
«Մենք հիմա եկել ու ասում ենք, որ այլևս Երևանը անտեր չի, Երևանը տեր ունի։ Մենք ուզում ենք ստանալ հին Երևանը, սիրուն, զբոսայգիների մասով ավելացնենք, բազմապատկենք»։
Երևանի՝ այլևս անտեր չլինելու մասին Վիկտոր Մացականյանը խոսում էր դեռ 4 տարի առաջ՝ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով։ Նրա մասնակցությամբ սկսվեցին իրականացվել Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Այսօր արդեն Մնացականյանը հավակնում է քաղաքապետի պաշտոնին՝ երևանյան խնդիրները լուծելու առավել մեծ լիազորություն ունենալու և քաղաքն ավելի մարդամոտ դարձնելու համար․
«Ես աշխատել եմ կենտրոնի թաղապետ ընդամենը մեկ տարի, բայց էդ մի տարվա մեջ տենց օր չի եղել, որ որևէ տաքսիստի հետ չծանոթանամ, չխոսեմ կամ չկռվեմ, բայց մենք լսել ենք էդ մարդկանց, դեմքով ճանաչել եմ, գիտեմ՝ որտեղ ով է կանգնում, մեծ մասի անունները գիտեմ, այ դա է պետք, մարդամոտ քաղաքի կոնցեպտը դա է, մենք ուզում ենք, որ քաղաքային իշխանությունները սկսեն երևանցիցներին դեմքով ճանաչել, մենք պիտի հասկանանք՝ ով ինչ է ուզում, ով ինչի է ձգտում»։
«Վիկտորի պլանը» մեկ ամբողջական ծրագրում գտնել հնարավոր չէ։ Փոխարենը քաղաքապետի թեկնածուն սոցհարթակներում ներկայացնում է պլանի առանձին դրույթները՝ բոլորի հիմքում ունենալով հետևյալ միտքը․ քաղաքապետը պարտավոր է մտածել ոչ թե քաղաքի, փողոցի, շենքի, այլ այնտեղ ապրող մարդու մասին․






— Երևանի դպրոցներում համազգեստը պետք է լինի պարտադիր և անվճար․ ի՞նչ խնդիր ենք լուծում համազգեստը պարտադիր դարձնելով։
— Քաղաքը նախ համայնք է, համայնքի ղեկավարը և ավագանու անդամները պետք է մտածեն բնակիչների մասին, սոցիալական արդարության մասին։ Երեխաները պետք է կենտրոնան դասի վրա, պետք է մրցեն խելքով հարամտությամբ, մրցեն՝ ով ավելի շատ գիրք կարդաց, ոչ թե՝ ով ինչ է հագել։ Պատկերացրեք տասնյակ հազարավոր ծնողների վիճակը, ովքեր մոդայիկ կամ բրենդային հագուստով ապահովելու հնարավորություն չունեն»։
Մինչև Երևանի ռազմավարական «մաստեր պլանի» հաստատումը, արգելել փոքր կենտրոնում 4 հարկից բարձր շենքերի կառուցումը, փոքր կենտրոնում առավոտյան 7-ից երեկոյան 23-ն արգելել խանութների առաքումները։ Երեխաները պետք է հաճախեն իրենց թաղամասի դպրոցներ ու մանկապարտեզներ և բոլոր վարչական շրջաններում պետք է ստեղծվեն միայն հետիոտնի համար ճեմուղիներ։
«Վիկտորի պլանում» տեղ գտած այս և մյուս բոլոր ծրագրերն իրականացնելու համար կուսակցությունը ավագանու ընտրություններին է մասնակցում ամենափոքր թիմերից մեկով։ Ցուցակում ներառված է 24 մարդ՝ 9 կին և 15 տղամարդ համամասնությամբ։ Երկրորդ համարը Թելման Թադևոսյանն է, որը նախկինում ղեկավարել է Նուբարաշեն, այնուհետև՝ Աջափնյակ վարչական շրջանները։ Ցուցակում կարելի է հանդիպել քաղաքային իշխանության մարմինների նախկին աշխատակիցների, ժողովրդական վարպետի, քաղաքային կառավարման մասնագետի, շինարար-ինժեների, գործարարի, բարմենի, ֆրիլանս-լրագրողի, մարդկային ռեսուրսների կառավարչի․ թիմի առաջնորդը երաշխավորում է՝ բոլորն են սրտացավ երևանցիներ․
«Մենք հասկանցանք՝ ուզում ենք ոչ թե 100 հոգանոց ձևական ցուցակ, այլ պրոֆեսիոնալներ։ Չկա մեզ մոտ մեկը, որ որևէ բանի հասած չլինի, հատկապես քաղաքային կառավարման մեջ փորձ չունենա։ Ասենք՝ աղբահանության հարցով լավագույն մասնագետը մեզ հետ է, կոմունալ ծառայությունների հետ կապված, մեր թիմից Արման Ավետիսյանը, օրինակ, ղեկավարել է երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի առևտրի սպասարկումների ծառայությունների և գովազդի բաժինը։ Մեր երկրորդը համար Թելման Թադևոսյանի հետ ծանոթացել ենք քաղաքապետարանում, ինքը ուղնուծուծով, սրտացավ նուբարաշենցի է, և երբ 18-19 թթ ժողովներ էին լինում, ինքը եզակի թաղապետերից էր, որ դոշ էր տալիս, կռիվ էր տալիս»։












Մարի Տեր-Անտոնյանը դաշնակահարուհի է, բարմեն, հատկապես կենդանիների պաշտպանության հարցում մտահոգ քաղաքացի, Անի Ոսկանյանը՝ ցեղասպանագետ, Անդրանիկ Ուգուջյանը՝ ծրագրավորող, Երևանի թաքստոցների ու ապաստարանների բացահայտմամբ-ուսումնասիրմամբ տարված քաղաքացի։ Թիմի առաջնորդն ասում է՝ պատրաստ է անուն առ անուն թվել բոլոր այն մարդկանց, որոնց հետ պատրաստվում է քաղաքապետարան գնալ։ Բայց վստահ չէ՝ ինչ է ուզում այսօրվա քաղաքացին․
«Մի մեծ պրոբլեմ կա․ մենք չգիտենք 2023-ի երևանցուն։ ԿԸՀ–ն պիտի միլիոններ տար, սոց հարցումներով ճանաչեր՝ ինչ է ուզում երևանցին, ընտրությունից առաջ տար մեզ, ասեր՝ ընկերներ, սա է։ Մի ամսվա մեջ մենք չէինք կարող այդ բոլոր սպեկտորն ապահովել, այդ մի փոքր սոցհարցումն արժենում է 1-3 միլիոն դրամ, իսկ դա պետք է անի պետությունը մշտապես»։
Այսպիսով, կուսակցությունը առաջորդվում է սեփական պատկերացումներով՝ խիստ հեղհեղուկ ակնկալիք ունենալով նաև ընտրությունների արդյունքներից։ Ասում են՝ չեն զարմանա, եթե չհաղթահարեն ընտրությունները, չեն զարմանա նաև 50 և ավելի տոկոս ձայն հավաքելու դեպքում։ Գիտեն միայն, որ առաջնային դիտարկմամբ երևանցուն սկսել է ավելի շատ անհանգստացնել ոչ թե, ասենք բակի մաքրությունը, այլ դրա կոնցեպտուալ փոփոխությունը, ինչը և կարող են ապահովել։