ԿարևորՀասարակություն

Որ ծառերը չպակասեն. 90-ականների տնկարանը խոշորագույններից է և շարունակում է բարեգործական ծառատունկը

Այսօր Հայաստանում տնկանյութի արտադրությամբ ամենախոշոր կազմակերպություններից մեկը «Armenia tree project»-ն է: Այն ստեղծվել է 1990-ականներին վառելիքի պակասի պատճառով հատված ծառերը նորերով փոխարինելու նպատակով: Գաղափարը ամերիկահայ բարերար Քերոլին Մուգարինն էր: Սկզբում կազմակերպությունը գնում և հանրային տարածքներին նվիրում էր տնկիներ, իսկ հետո հիմնեց սեփական տնկարանը:

1994 թվականին, երբ Հայաստանը սկսեց մտածել վերականգնման մասին, Միացյալ Նահանգներից ժամանած բարերարուհին որոշեց՝ հայրենիքում ծառերը չպետք է պակասեն:

Նրա ջանքերով ստեղծվեց «Armenia tree project» բարեգործական հիմնադրամը, հետո էլ տնկարանային տնտեսություններ, որ «կանաչ զանգվածը» հասնի հանրային տարածքներ ու փոխարինի կոճղ դարձած ծառերին: 

Առաջին տնկարանը հիմնվեց Արագածոտնի մարզի անմշակ մի տարածքում, որտեղ Բաքվից բռնի տեղահանված հայերը փորձում էին կրկին տուն ու տեղ հիմնել: Տեղանքը ստացավ Կարին անվանումը, տնկարանն էլ դարձավ ոչ միայն «աչք շոյող», այլև՝ աշխատելու հնարավորություն տվող վայր:

3 հոգուց էր բաղկացած մեր կազմակերպությունը, հիմա ունենք 80 աշխատող՝ ասում է Ռուզաննա Առուստամյանը։ Նա գլխավորում է կազմակերպության երևանյան գրասենյակը: Մյուս գրասենյակը ամերիկյան Բոստոն քաղաքում է: Այն անվանում են գլխամասային, քանի որ զբաղվում է ֆինանսների հայթայթմամբ:

Դրա միջոցով ստեղծումից մինչ օրս Սփյուռքն աջակցում է հայրենիքի տարբեր հանրային վայրերում ծառատունկին:

«Մեր բարերար Քերոլին Մուգարը 90-ական թվականներին, երբ եկել ու տեսել է ոչ լույս կա, համատարած հատումներ են, եղել է երկրաշարժ, բլոկադա, կռիվ, որ այո, այդ հարցերը դժվար են, բայց, բնությանն այն ահռելի վնասը, որ հասցվել է, հասկացել է, որ դրա հոգսը պետք է լուծվի հենց այդ պահին: Որովհետև ծառի աճելը գիտեք քանի տարի է տևում: Կարինի տնկարանը, որտեղ հիմա մենք գտնվում ենք, քարքարոտ հող էր, փախստականներ էին ապրում և անմիջապես որոշվեց, որ հենց առաջին տնկարանը էստեղ է լինելու»:

Այսօր հիմնադրամի գործունեության 3 հիմնական ուղղություններն են անտառապատումը, հանրային տարածքների ծառապատումը և երեխաների բնապահպանական կրթությունը:

Տնկարանների թիվը հասել է 4-ի՝ Արագածոտնին ավելացել են  Արարատի, Վայոց Ձորի և Լոռու տնտեսությունները: Նման բաշխվածության շնորհիվ Հայաստանում տնկանյութ է արտադրվում 4 տարբեր կլիմայական գոտիներում: Տնտեսություններից ամենախոշորը՝ 10 հեկտար տարածքով, Լոռվա Մարգահովիտ համայնքում է: Հիմնադրամի ծառագետ և տնկարանների պատասխանատու Գևորգ Զարոյանի խոսքով՝ տնկարաններն առանձնանում են նաև ըստ նպատակայնության:

«Չիվա տնկարանը ծառայում է պտղատու ծառատեսակներով ապահովելուն: Քանակի մոտ 80%-ը տրամադրում ենք սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին: Այդ տնկիները ծառատունկի սեզոնին ավելի քան 7-8 հազար հատ են:  Դրանից բացի՝ կա Մասիսի Խաչփառ տնկարանը, որը համարվում է խառը տնկարան․ կան պտղատու և դեկորատիվ ծառատեսակներ: Դրանց մեծ մասը «համայնքային ծառատունկ» ծրագրով է դուրս գալիս: Համայնքներից՝ եկեղեցի կլինի, մանկապարտեզ, դպրոց, համայնքապատկան հողամաս, դիմում են մեզ, ու մենք տրամադրում ենք ծառեր»:

Տնկիների համար դիմողները պետք է ապացուցեն, որ չեն անտեսի ոռոգումը, կունենան պարիսպ ու խնամող: «Հայաստան ծառատունկ ծրագրի» մասնագետները սկզբում տրամադրում են տնկիների 30%-ը, երբ համոզվում են, որ տեղանքում տնկիների կպչողականությունը 70%-ից բարձր է, ամբողջական  ծառատունկ են սկսում: Այդպես «կանաչ սաղարթ» է ձևավորվել ավելի քան 1500 համայնքապատկան վայրերում: Խոր Վիրապ, Տաթև, այլ վանական համալիրներ, Սարդարապատի հուշահամալիր, Մուսա լեռան հուշարձան, Ծիծեռնակաբերդ՝ տնկիները հասել են բազմաթիվ պատմամշակութային վայրերի հարակից այգիներ: Կանաչով պատվել է անգամ Գյումրու նախկին աղբավայրի տարածքը:

Երևանյան գրասենյակի ղեկավար Ռուզաննա Առուստամյան. «Հիմա մենք հայթայթում ենք նաև դրամաշնորհներ: Եվրամիության ծրագրով՝ անտառապատում 100 հեկտար, Գյումրիում հիմնել ենք տնկարան և պետք է 50 դպրոց, ինչպես նաև քաղաքամերձ տարածքներ կանաչապատենք: Անտառապատման առումով մեր թիրախում է 3 մարզ՝ Լոռին, Տավուշը և Շիրակը: Մենք ունենք նաև ծրագիր, որը կոչվում է «տնամերձ տնկարաններ»: Մարդիկ կարող են իրենց բակերում աճեցնել տնկիներ: Նրանց տրամադրում ենք սերմեր, կտրոններ, գործիքներ և խորհրդատվություն, և երբ համապատասխան չափի են հասնում, մենք գնում ենք դրանք:

-Քանի նման տնամերձ տնկարան ունեք:

-Հենց հիմա 150»։

Կարինից Երևան ճանապարհին որոշեցի մասնակցել մշտադիտարկմանը: Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու այգում հանդիպեցինք Տեր Մկրտիչ քահանա Երանյանին, ով պատմեց, որ հիմնադրամի տնկիները հասել են նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մուղնու Սուրբ Գևորգ, շուտով կհասնեն նաև Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցիների հարակից այգիներ:

«Արդյունքը տեսնում եք, կարող եմ ասել, որ այստեղ այլևս ծառ տնկելու տեղ չկա: Առանձին-առանձին պտղատու ծառեր են՝ մեկումեջ դեղձ, ծիրան: Նշի է, այն մի կողմի վրա էլ խնձորի այգի: Այս տուաներն էլ որ տեսնում եք, աստիճանաբար է արվել: Տարի չի եղել, որ նման աշխատանք չկատարվի»:

Հայաստանի ու Արցախի պատմամշակութային վայրերի, դպրոցների ու մանկապարտեզների ծառապատմանը մասնակցած, արդեն շուրջ 7.5 միլիոն ծառերի և թփատեսակների տնկիներ արտադրած հիմնադրամը  հաջորդ տարի կնշի 30-ամյակը:

Back to top button