

Սյունիքի սահմանամերձ Խնձորեսկ գյուղում օրերս գործարկվեց մարզում առաջին հատիկաընդեղենի մշակման արտադրամասը։
Խնձորեսկի հատիկաընդեղենի մշակման արտադրամասը մեկ օրում կարող է մինչև 10 տոննա արտադրանք տալ։ Այստեղ կվերամշակվի Խնձորեսկում և Սյունիքի այլ բնակավայրերում աճեցրած ոսպ, ոլոռ, լոբի, սիսեռ ու ցորեն։ Արտադրանքը առայժմ հասանելի կլինի միայն տեղական սպառողին։ Սյունիքի առաջին հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության, Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների «Միասնական հիմնադրամի» և Չինաստանի կառավարության աջակցությամբ։


Խնձորեսկի դաշտերում աճեցրած հատիկաընդեղենն այս տարվանից կհավաքեն գերժամանակակից կոմբայնները, որոնք տրամադրվել են ծրագրի շրջանակում։ Չնայած համայնքն ունի կոմբայններ, բայց դրանք նախատեսված չեն սիսեռ, ոսպ, ոլոռ հնձելու համար։
Արտադրամասը համալրվել է 40 ԿՎտ հզորության արևային կայանով, մաքրման և տեսակավորման սարքավորումներով, փաթեթավորման հոսքագծով: Խթանելով «Դաշտից սեղան» մոտեցումը՝ Գորիս, Տեղ և Սիսիան համայնքների 60 ֆերմերների տրամադրվել են ոլոռի, ոսպի, լոբու և սիսեռի բարձրորակ սերմեր, ինչպես նաև տեխնիկական աջակցություն՝ բարելավելու հատիկաընդեղենի մշակության տեխնոլոգիաները։ Արտադրողականությունը բարձրացնելու և ջրի կորուստները նվազեցնելու համար Խնձորեսկում վերակառուցվել է ոռոգման ցանցը:


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան․ «Գյուղերը մեր երկրի արմատներն են, չի կարելի թույլ տալ , որ արմատները չորանանն, հետևաբար ցանկացած զարգացման ծրագիր, որ իրականացվում է գյուղերում, կենսական նշանակություն պիտի ունենա երկրի, պետության, պետականության և մեզ բոլորիս համար»։
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը նույնպես շնորհավարում են սահմանամերձ բնակավայրում ապրողներին՝ համոզված լինելով, որ ծրագիրը իր նպատակին կհասնի։


Բայց խնձորեսկցի Սվետլանա Մանվելյանը թերևս այլ մտահոգություն ունի․
«Հիմնականում գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, ծառատունկը վերջացրել ենք, հիմնականում լոբի ենք հիմա հավաքում։ Մեծ հույս ունեմ, որ էստեղ ես ու իմ ընկերները աշխատանք կունենանք»։


Սվետլանա Մանվելյանի մտավախությունը փարատում են համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ սահմանապահ գյուղի բնակիչներն են աշխատելու մարզում առայժմ միակ հատիկաընդեղենի արտադրամասում։