ԿարևորՀասարակություն

Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին, Արցախը տոնում է Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձը։ 

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։  Հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրություններով ձևավորվեց ԼՂՀ խորհրդարանը, որը կազմեց առաջին կառավարությունը:

Բաքվի պատասխան գործողությունները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Ադրբեջանի խնդրանքով 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

Անկախությունից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը և այլ միջազգային պայմանագրերը, Արցախի դեմ պատերազմ սկսեց։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից)։

Կրակի դադարեցման հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Հադրութի շրջանը ու Շուշին, ինչպես նաև Արցախի անվտանգության ողջ գոտին։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը։

2022 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերը, քանի որ գործարկվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար երեք տարիների ընթացքում պիտի հաստատվեր Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվեր այդ երթուղին պաշտպանելու համար: Այժմ գործարկվել է Լաչինի միջանցքի նոր երթուղին, որի անվտանգությունը պետք է ապահովեին ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները, սակայն Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղակայել Լաչինի միջանցքում և ամբողջովին արգելափակել այն, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունացել, որն օր օրի ավելի է սրվում, քանի որ Արցախի 120 հազար բնակչությունն ամբողջությամբ զրկված է սննդի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ։

Չնայած միջազգային հանրության կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին՝ միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախը։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար։ Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի։ Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։

Արցախը նախագահական հանրապետություն է։ Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։

Back to top button