ԿարևորՀասարակություն

Ոչ թե կոչեր, այլ իրական պատժամիջոցներ. ինչպես կանխել Ալիևի ցեղասպան քաղաքականությունը

Արցախում ստեղծված կացության շուրջ հնչող մտահոգություններն իրական հողի վրա ոչինչ չեն փոխում, միջազգային հանրության կոչերն ու հայտարարություններն Ալիևին չեն վախեցնում։ Փորձագետների կարծիքով՝ միայն իրական պատժամիջոցները կարող են ազդել իրավիճակի վրա և կանխել Ալիևի ցեղասպան քաղաքականությունը։

Մտահոգություններ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, ԵՄ ղեկավարից, նոր քննարկման նախաձեռնություն` ԱՄՆ-ից։ Ի՞նչ են փոխում ինտենսիվությամբ ու մտահոգություններով առանձնացող այս հայտարարությունները Բերձորի միջանցքի բացման, Արցախում իրադրությունը կայունացնելու հարցում։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը դիվանագիտական խոսույթում նոր ձևակերպումներն է մատնանշում. արդեն խոսվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

«ֆրանսիական Սենատում սկսեցին հարց բարձրացնել Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Քանի որ Ադրբեջանի իշխանությունը համախմբված է անձի շուրջ, ուստի նրանց նկատմամբ պատժամիջոցները կարող են ինչ-որ բան փոխել։ Գուցե միջնաժամկետ հեռանկարում, ոչ կարճաժամկետ, բայց այդ հնարավորությունը կա», – ասում է Միքայելյանը։

Նրա համոզմամբ, սակայն, այս պահին Ադրբեջանի նկատմամբ տնտեսական կամ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը քիչ հավանական է, քանի որ հայտարարությունները զարգացում չեն ունենում։ Մինչդեռ պատժամիջոցների կիրառումը, նրա համոզմամբ, շատ բան կփոխեր Ալիևի քաղաքականության մեջ։

«Եթե մենք ուշադիր նայենք, ապա Ադրբեջանի իշխանությունները թեև որդեգրել են Հայաստանը և Արցախը ոչնչացնելու ռադիկալ ծրագիր, սակայն դա փորձում են անել մեղմացնելով, այսինքն` նրանք չեն գնում միանգամից կոշտ միջոցների, նրանք փոքր քայլերի ու լուծումների են դիմում․ օգտագործում են դիվանագիտությունը, որպեսզի մեղմեն արձագանքը, նաև գործում է լոբբինգը և կաշառումը։ Սա նշանակում է, որ իրականում Ադրբեջանը վախենում է այդ պատժամիջոցներից և կարող է ավելի զգուշորեն գործել։ Այսինքն, եթե Ադրբեջանը հասկանա, որ հնարավոր չի լինելու այս քաղաքականությունը իրականություն դարձնել, եթե տեսնի, որ ցեղասպան քաղաքականություն համար իզոլացվելու են, ապա կմեղմացնեն դիրքորոշումը, գուցե ինչ-որ նպատակներից կհրաժարվի»։

ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին նախատեսում է քննարկել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը, որի ընթացքում իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա վերջերս զեկույց էր ներկայացրել՝ հստակ նշելով, որ կան լուրջ հիմքեր՝ ասելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում:

Մինչ այդ, Իսպանիայում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում է վեր հանվել Բերձորի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի հարցը։ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը դիմել է Ադրբեջանին ու Ռուսաստանին՝ Լաչինի միջանցքը բացելու կոչով։  

Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին դարձյալ հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Արձագանք կա նաև ԱՄՆ-ից․ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացման կապակցությամբ ու ասել, որ Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները պետք է շտապ հանդիպեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար կենսական ապրանքների տեղափոխման հարցը, այդ թվում՝ մատակարարման լրացուցիչ ուղիներով, և վերսկսեն քննարկումները առկա բոլոր խնդիրների շուրջ։ Նման հայտարարությունները Հրանտ Միքայելյանը իրավիճակի վրա ազդեցություն չունեցող դրսևորումներ է համարում։ Եթե Բաքուն անտեսում է ՄԱԿ–ի դատարանի որոշումը, կանտեսի նաև այդ կոչերը՝ ասում է քաղաքագետը։

Քաղաքագետ Արա Պողոսյանը ևս համոզված է՝ Բաքվի վարքագծի վրա իրական ազդեցություն կունենան միայն պատժամիջոցները։

«Այս պարագայում ո՞րն է իրական գործիքը, որ կարող է իրավիճակ փոխել․ դրանք սանկցիաներն են։ Կարևոր է նաև, որ այդ սանկցիաները որոշակի ռազմավարությամբ կիրառվեն, որպեսզի զսպիչ հանգամանք դառնան Ադրբեջանի համար։ Դրանից դուրս ես չեմ պատկերացնում, թե ինչպես են այդ հայտարարությունները ազդեցություն թողնելու Ադրբեջանի վրա»։

Քաղաքագետը կարևորում է նաև այն, թե դիվանագիտական ինչպիսի պատրաստվածությամբ է հայկական կողմը մոտենում իրավիճակին, ինչ է ուզում, որ անեն այդ երկրները՝ բացի նրանից, որ հայտարարություններ են տարածում։

Back to top button