ԿարևորՔաղաքական

Նախ՝ ապատեղեկատվություն, ապա՝ ռազմական սադրանք․ Բաքվի ձեռագիրը չի փոխվում

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց՝  ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։

Թե երեկ, թե դրանից ավելի վաղ Բաքուն  պարբերաբար ապատեղեկատվություն էր տարածում՝ այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով։ Փորձագետներն արձանագրում են՝ Բաքվի ձեռագիրը չի փոխվում։

Լայնամասշտաբ գործողությունների վտանգ այս փուլում չկա, բայց սահմանային լարվածությունը կարող է շարունակվել՝ կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննսիյանը։

«Հնարավոր է, որ այդ հատվածում կրկին որոշակի լարվածություն լինի, բայց որ մինչև հարավ կձգվեն այդ գործողությունները դոմինոյի էֆեկտով, քիչ հավանական եմ հարամում այս փուլում»։

Ադրբեջանը շարունակում է հոգեբանական ճնշում գործադրել և ուժի գործոնն աշխատեցնել՝ անընդհատ փորձելով ցույց տալ իր մկանները՝ արձանագրում է զրուցակիցս։

«Ադրբեջանը փորձում է օրը ցերեկով ցուցադրաբար զորքերի կուտակում իրականացնել՝ միևնույն ժամանակ այնպիսի զինտեխնիկա, զենք-զինամթերք կիրառել, որոնք վերջին շրջանում այնքան էլ կիրառելի չէին։ Խոսքը մասնավորապես ականանետների մասին է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ամեն դեպքում իր աքիլլեսյան գարշապար համարվող Քարվաճառի ուղղությունը այլևս այդքան էլ Աքիլլեսյան գարշապար չէ, և ինքը կարող է այդ ուղղությամբ նույնպես գործողություն իրականացնել»։

Առավոտից  իրավիճակը լարված է Գեղարքունիքի սահմանին։ Ադրբեջանը  ինտենսիվ կարկ է բացել նախ Սոթքի, ապա Նորաբակի ուղղությամբ՝ կիրառելով   հրաձգային զենք, ականանետ և անօդաչու թռչող սարք։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունի։  Պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում պարբերաբար հաղորդում էր սահմանային իրավիճակի մասին, կեսօրին  տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։ Սրան զուգահեռ Բաքուն շարունակում է մեղադրել հայկական կողմին, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պարբերաբար հերքում է ապատեղեկատվությունը։ Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխում՝ ասում է ռազմական փորձագետը։

«Ադրբեջանը որևէ ռազմական սադրանք սկսելուց առաջ  դրան նախապատրաստվում է դեռևս շաբաթներ առաջ։ Բաքվի բոլոր հայտարարությունները, գործողությունները վկայում են մասին, որ պարարտ հող է նախապատրաստում իր իսկ գործողությունների համար։ Այս իրավիճակը ևս բացառություն չէ։ Ադրբեջանը ոչ միայն հայտարարություններով է նախապատրաստում, այլ նաև անթաքույց հայտարարում է, որ ցանկացած հարց կարող է լուծել ռազմական ճանապարհով։ Բաքվի բռնապետն անընդհատ օգտագործում է արտահայտություններ, որոնք մատնում են նախահարձակ լինելու հանգամանքը»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն արձանագրում է՝  դեռ օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների:   Ադրբեջանական  քարոզչական կայքերից մեկը  հոդված էր տարածել օգոստոսի 18–ին՝ նշելով, որ ՄԱԿ–ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել՝ գրում է Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, ինչպիսի շարունակություն կունենա, կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե, նաև մեր բանակի կանխարգելիչ գործողություններից»

Ադրբեջանի ռազմական սադրանքն Արցախում ու նաև Հայաստանում այս պահին ընթացող ներքաղաքական զարգացումներով է պայմանավորում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։  Հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի նախագահը, հայաստանյան ընդդիմությունն իշխանափոխության մասին է խոսում․

«Կան մարդիկ, հատկապես Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, որոնք խոսում են, թե Արցախը միայն սկիզբն է, Հայաստանում ևս իշխանափոխություն է իրականցվելու։ Զարմանալի չի լինի, եթե այսօրվա ագրեսիան դրա հետ էլ կապված լինի, որը թշնամին ընդհանուր շղթայի մեջ կփորձի դնել Արցախում երեկ ծավալված, նաև Հայաստանում ծավալվելիք իրադարձությունները»։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն է  ահազանգեր է ստացել Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ինտենսիվ կրակոցների առնչությամբ։  Պաշտպանի աշխատակազմը  մշտադիտարկում է կատարում, փաստեր հավաքում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Back to top button