ԿարևորՎերլուծական

Ներքաղաքական Արցախ․ հրաժարականը կա, լուծումները՝ դեռ ոչ

Թեև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը վերջին շրջանում սպասված էր, այս պահին այն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան լուծումների ճանապարհ բացեց։ Շատերը հիմա փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու Արցախում Հարությունյանի հրաժարականից հետո։

Ամենահստակը, թերևս, իրավական քայլերն են, մնացած՝ քաղաքական և անվտանգային հարցերի շուրջ քննարկումները այս պահին պարզապես ենթադրությունների տիրույթում են, քանի որ տեղեկություն չկա, թե ինչ խորրքային կամ ստվերային գործընթացներ են տեղի ունենում շրջափակված Արցախում։  

Ի՞նչ է լինելու հրաժարականից հետո․ իրավական լուծում

Արայիկ Հարությունյանի հրաժարականը նախագահի պաշտոնից Արցախում սպասում էին դեռ պատերազմից հետո։ Հրաժարականի մասին լուրերը նոր թափ ստացան այս տարվա մարտից, երբ փոխվում էր Սահմանադրությունը և Աժ կանոնակարգ–օրենքը։ Այս փուլում թերևս որոշակի հստակեցում հետագա զարգացումների մասին տալիս են հենց այդ փաստաթղթերը։

Նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում եռօրյա ժամկետում։ Ռազմական դրության ժամանակ, ինչը այս պահին գործում է, Արցախի նախագահին խորհրդարանն է ընտրում՝ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից՝ «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո»։ ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը՝ այսինքն մինչև 2025 թվականը։ Աժ–ում կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածների կեսից ավելին:

Եթե մի քանի թեկնածուից ոչ մեկը չի հավաքել առավելագույն ձայները, ապա 14 օրից կկայանա երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել առավելագույն քվե ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում ընտրվում է այն թեկնածուն, որն ավելի շատ ձայն է ստացել:

Արցախի Ազգային ժողովի խմբակցություններիից յուրաքանչյուրն իրավունք ունի իր թեկնածուին առաջադրելու, բայց տարածվող տեղեկությունների համաձայն, Արցախի խորհրդարանում հակված չեն գործը երկրորդ փուլին հասցնել։ Մտադիր են մեկ միասնական թեկնածու առաջադրել:

Ի՞նչ է լինելու հրաժարականից հետո․ քաղաքական լուծում

Արցախի նախագահի պաշտոնի համար թեկնածուների անուններ այս պահին շրջանառվում են, բայց ոչ մեկի դեպքում պաշտոնական հաստատում դեռ չկա։ Ի՞նչ հարց կլուծվի Արայիկ Հարությունյանի հրաժարականով՝ այս հարցի շուրջ վերլուծությունները տարբեր են։ Որպես հիմնական նպատակ նշվում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ միավորումը, սակայն, ՀՀ ԱԺ «Պատրիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կասկածում է, որ դա հնարավոր կլինի։ Նա ենթադրում է, որ տարաձայնությունները հիմնականում Ստեփանակերտ–Բաքու ուղիղ երկխոսելու կամ միջազգային միջնորդների երաշխիքներով երկխոսելու հարցի շուրջ են։ Իսկ կոնցեպտուալ տարաձայնությունների դեպքում, կարծում է, դիրքորոշումները չեն կարող մոտենալ․

 «Ցանկացած քաղաքական կտրուկություն, քաղաքական փոփոխություն կարող է շատ մեծ հուզումների բերել։ Անկախ նրանից, թե ով ինչ է ուզում, ով ում դեմ է պայքարում կամ ով ինչ է ասում, դա կարևոր չէ։ Ուղղակի հուզականությունը այս հոգեբանական ծանր վիճակում և բառի բուն իմաստով հարցի բացակայությամբ պայմանավորված շատ–շատերին օբյեկտիվ առումով հունից հանել է։ Այս իրավիճակում քաղաքական կարևոր լուրջ պրոցեսներ մտնելը բավականին վտանգավոր է»։

Եթե մի կողմից կա կարծիք, որ Արայիկ Հարությունյանի վրա ճնշում կար և ստիպեցին հրաժարական տալ, ապա քաղաքագետ Հայկ Սուքիասյանը հակառակ կարծիքին է․

 «Ես կարծում եմ Արայիկ Հարությունյանը իր փախուստի օպերացիան է կազմակերպում։ Ժամանակագրությունը պետք է նայենք և դեպքերի համադրոթւթյամբ հասկանանք՝ այս վերջին շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջն են փակել, ինչ–որ հարբեցողներ նախագահի ինստիտուտի վրա են կրակել, կարծես թե նախագահի ինստիտուտը որևէ մեկի շենքի շքամուտնքն է, որին կարելի է այդքան հեշտ մոտենալ, ինչը եկել հասել է այս կուլմինացիայի։ Ամեն դեպքում՝ ընտրված նախագահ է, իսկ իր արածով Արցախում բացի խառնաշփոթությունից, իշխանության լեգիտիմության անկումից ուրիշ բան չի կարող լինել։ Արցախի օկուպացիան և հանձնատվությունը ինքը հովանավորում է հենց այս պահին։ Հայաստանում և Արցախում որևէ մեկը պետք է իմանա՝ իր արարքների համար պատասխանատու է։ Ոչ թե՝ առնենք, թռնենք, այլ՝ պետք է իմանա, որ պատասխանատվության է ենթարկվելու»։

«Կովկաս» ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի վերլուծություններով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականով Արցախի շուրջ իրավիճակը կտրուկ փոխել չի հաջողվի։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, մինչդեռ, որոշակի հույսեր է կապում նոր հնարավորությունների հետ։

 «Նախկին իրավիճակի շարունակության մեջ հասկանալի էր, որ այլևս միավորման գաղափարը ոնց որ թե չի ստացվում։ Հիմա շանս է բացվում։ Շանսից կօգտվենք, թե չէ, դա էլ մեր ունակությունից է գալիս։ Հիմա այսօր Երևանից նստել ինչ–որ բաներ ասել, սխալ է։ Ինձ թվում է՝ իրենք այնտեղ կնստեն, կորոշեն»։

Պողոսյանը չի բացառում, որ միասնական թեկնածուի շուրջը ընդհանուր հայտարարի չգալու դեպքում կարող է դիտարկվել կոլեկտիվ պատասխանատվության տարբերակը։

Ի՞նչ եղավ հրաժարականից առաջ․ Արայիկ Հարությունյանի իրարամերժ հայտարարություները

Արայիկ Հարությունյանը դեռ նախօրեին էր խոստացել սեպտեմբերի 1-ին հրաժարական տալ։ Իր տեքստում նախագահը գրել էր, որ հեռանալու որոշումը բացառապես իրենն է, բայց դեպքերի ժամանակագրությունը փաստում է՝ եղել են տարբեր փակ հանդիպումներ, հրաժարականի խոստման կորզում, ինչին հաջորդել է աշխարհազորի մի քանի ներկայացուցիչների մուտքը խորհրդարան և հաստատումը, թե հրաժարականի պահանջ չկա։

Այժմ Արայիկ Հարությունյանն իր վերջին հայտարարություներով ձևակերպում է․«Հնարավոր զարգացումների պայմաններում մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն»։

Թե ինչ է նշանակում «մոտեցումների փոփոխություն» և «դերակատարների փոփոխություն», այս հարցերի պատասխանները Հարությունյանի հայտարարության մեջ չկան։

Ի՞նչ եղավ հրաժարականից առաջ․Նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին որոշումը

Իր վերջին հրամանագրերով Հարությունյանը փոխեց Արցախի պետնախարարին. Գուրգեն Ներսիսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ինչպես հրամանագրում է ասվում՝ ընդլայնված լիազորություններով։ Իսկ մինչ այդ արդեն փոխվել էր Աժ նախագահը․ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժն ու խորհրդարանական մեծամասնությունը ընտրեց դաշնակցական գործչի, որը  խորհրդարանում ընտրվելու համար մեծաթիվ հենարան չուներ։

Back to top button