ՍԴ-ն հրապարակում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական դատարանը րոպեներ անց կհրապարակի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության վերաբերող դատարանի որոշումը: Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց 64 էջանոց որոշումը: Լսելով դիմող կողմին, հետազոտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, վերջինիս հետ փոխկապակցված այլ իրավական ակտեր, միջազգային փորձը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային առումով հրատապ խնդիր է դարձել սոցիալական պաշտպանվածությանն ուղղված բարեփոխումների ընթացքը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավադրույթները առաջին հերթին սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից պետք է քննարկման առարկա դառնան: Նշենք, որ Դատարանի դահլիճում են դիմող կողմի բոլոր ներկայացուցիչները՝ 4 խմբակցությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԱԺ-ին, ԿԲ-ին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաեւ եզրափակիչ ելույթները: