

Թվում է` ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել գորգի ու ազգային տարազի միջև։ Պարզվում է` կարող է, և այն էլ շատ հարազատ բան: Դրանք զարդանախշերն են։ Դարերի խորքից են գալիս այդ զարդանախշերը և ունեն չարխափան ու պահպանիչ նշանակություն։
Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն ասում է.
«Այդ պահպանիչ նախշերը տարազի վրա տեղակայվում էին կենսականորեն կարևոր տեղերում` լանջին, պորտին ու դրանից ներքև։ Երբ այսօր օգտագործում են գորգերի և ազգային տարազի դետալները, պետք է հասկանան դրանց նշանակությունը և ճիշտ տեղադրեն։ Հայկական զարդանախշերի ծիսաբանական նշանակությունը դարերից է գալիս և հիմա արդեն լավ ուսումնասիրված է։ Եռանկյունիները, նուշը կամ բադամը, վիշապանախշը երբեք պատահական չեն հայտնվել ո՛չ գորգի, ո՛չ տարազի վրա»։
Անգամ ամենասովորական մի իր՝ գոգնոցը, ունեցել է պաշտպանիչ նշանակություն և շքեղորեն նախշազարդվել։