Երաժշտական եռանկյունի

«Լիլլա» վոկալ քառյակ․ «Երաժշտական եռանկյունի»

Յուրաքանչյուր նախաձեռնություն ազատ արվեստի դաշտում, հատկապես դասական երաժշտության ոլորտում, պահանջում է մեծ նվիրում և բացի տաղանդից, նաև կազմակերպչական ձիրք:

Մեր հաղորդաշարը շատ ուշադիր հետևում է բոլոր երաժշտական իրադարձություններին  և յուրաքանչյուր նոր ստեղծագործական միավորին անմիջապես արձագանքում՝ հանրությանն այդ մասին տեղեկացնելով:

«Լիլլա» վոկալ քառյակը կազմվել է Կոնսերվատորիայի ուսանող շրջանավարտներից, որոնք նպատակ ունեն ներկայացնելու համաշխարհային և հայկական երաժշտությունը՝ անդրադառնալով և՜ աշխարհահռչակ անուններին, և՜ այն երաժշտական տեսակներին, որոնք գրեթե անհայտ են Հայաստանում:

«Մենք ունենք բավական լայն և ընդգրկուն երգացանկ, որը ներառում է և՜ հնագույն երաժշտությունը՝ պալեստրինայից մինչև Կաստելինի, Նիկոլա Կլեմանբոյից մինչև Դեպրե, Նարեկացուց և Շնորհալուց մինչև Կոմիտաս, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների բազմաթիվ մշակումներ՝ Երկանյան, Բաբա Թորոսյան և, իհարկե, Կոմիտաս Վարդապետի մշակումները: Չնայած մենք երիտասարդ կոլեկտիվ ենք, բայց հատուկ մեզ համար արդեն գրում են երաժշտություն՝ Վահագն Վարդանյանը, Աննա Հայրապետյանը»,— ասում է «Լիլլա» վոկալ քառյակի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դիանա Այվազյանը:

Հետաքրքիր է, որ աղջիկները ուսանելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ընկերացել են ուսման տարիների ընթացքում և գտել հոգևոր հայրենիքը՝ ծնունդով լինելով տարբեր երկրամասերից:

Դիանա Այվազյանը Ռուսաստանի Պերմ քաղաքից է, այնտեղ ստացել է իր սկզբնական կրթությունը, երգել Պերմի երգչախմբում՝ աշխատելով աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ: Այնուհետև տեղափոխվել է Հայաստան՝ շարունակելով ուսումը Կոներվատորիայում:

Մարիաննա Գևորգյանը ծնվել է Վլադիվոստոկ քաղաքում և իր առնչությունները հայկական երաժշտության հետ պայմանավորված էին միայն ընտանեկան և համայնքում եղած երաժշտական միջոցառումներով: Երգչուհին ինչ-որ պահի ներքին անհրաժեշտություն է զգացել գալ հայրենիք և ընկղմվել Հայաստանի երաժշտական իրականության մեջ:

Աննա Խաչատրյանը Արցախից է, տաղանդավոր պարմանուհին առաջին անգամ կյանքում եկել է Երևան՝ Կոնսերվատորիա ընդունվելու համար:

Մարիամ Հովհաննիսյանը Երևանից է, արվեստագետի ընտանիքից, նրա մայրը երգչուհի և Կոնսերվատորիայի դասախոս Լիանա Վարդանյանն է, ում արվեստին և մանկավարժական գործունեությանը ամիսներ առաջ մենք առիթ ենք ունեցել անդրադառնալու մեր հաղորդաշարի թողարկումներից մեկում:

Հատկանշական է, որ երգչուհիների ստեղծագործական աճը զուգահեռ է ընթացել հայոց լեզվի ուսուցման հետ և, հատկապես, հոգևոր երաժշտության ոլորտը նպաստել է  նրանց ոչ միայն երաժշտական ճաշակի ձևավորմանը, այլ նաև հաստատուն համոզում է ձևավորել մասնագիտական ընտրությունների մեջ:

Քառյակը մասնակցում է բազմաթիվ համերգային միջոցառումների, ինչպես նաև հանդես է գալիս համերգային ծրագրեով երևանյան և մարզային բազմաթիվ հարթակներում: Հաղորդման ընթացքում հնչում են «Լիլլա» վոկալ քառյակի մի շարք կատարումներ:

Back to top button