Երևանի աղբահանության խնդիրը լուծվածների՞, թե՞ անլուծելիների շարքում է․ քաղաքական ուժերի տեսլականները տարբեր են


Երևանցիներին հետաքրքրող ամենաշահարկված ու քննարկված հարցերից մեկի աղբահանության ու Երևանի սանիտարական մաքրման հարցի վերաբերյալ գործող իշխանության և այդ իշխանության համար պայքարող ուժերի կարծիքներն ու պատկերացումները խիստ տարբեր են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված, գործող ավագանու անդամ Արմեն Գալջյանը համոզված է՝ Երևանում աղբահանության հարցն արդեն լուծված է, շեշտում է՝ չկա մի վարչական շրջան, որտեղ քարոզարշավի ընթացքում բնակիչները աղբահանությունից դժգոհեն։
«Մոտ 15 հազար աղբաման ենք ձեռք բերել այս տարիների ընթացքում և իրավիճակը, կարելի է ասել՝ կայունացել է, իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանում որոշակի առանձին բողոքներին, դա ընդամենը մեկ շաբաթ տևեց և հիմա, ըստ էության, այդ բողոքները վերացել են։ Եղած խնդիրներն էլ պայմանավորված էին որոշակի տեխնիկական խնդիրներով»,– ասում է Գալջյանը։
Իշխող ուժին հակադարձում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանն ու ընդգծում՝ Երևանը վաղուց այսպիսի ոչ սանիտարական վիճակում չի եղել։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած քաղաքական թիմում վստահ են՝ մայրաքաղաքում կուտակվող աղբը միայն Ա կետից Բ կետ տեղափոխելով խնդիրը չի լուծվի․ համակարգային ու ինստիտուցիոնալ լուծումներ են առաջարկում։
«Միայն հավաքարարների մակարդակում չենք կարող միլիոնանոց քաղաքի հարց լուծել։ Եթե մենք ունենանք բավարար քանակի և փոշեկուլներ և այլ տեխնիկական միջոցներ կկարողանանք մեր իրականացրած աշխատանքի մակարդակը բարձրացնել»,– կարծում է Քրիստինա Վարդանյանը։


Մարդկային ռեսուրսն ու տեխնիկական միջոցներն ավելացնելով, իհարկե, որոշակի լուծումների հնարավոր է հասնել, սակայն աղբահանության կազմակերպման այն մոդելը, որն այսօր գործում է մայրաքաղաքում մրցակցային չէ ու չի կարող արդյունավետ աշխատանք ապահովել՝ պնդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։
«Մենք կարծում եք, որ խնդիրը համակարգային լուծելու համար անհրաժեշտ է ապահովել մրցակցություն, այսինքն քաղաքը պետք է սպասարկի աղբահանություն իրականացնող երկու օպերատոր, որոնցից մեկը կարող է շարունակել լինել օրինակ այսօր գործող համայնքային ԵԱՍՄ հիմնարկը»։
«Հաղթանակ» կուսակցությունն էլ աղբահանության խնդրի ավելի տեղային լուծում է առաջարկում։ Քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանին զայրացնում է հատկապես Կենտրոն վարչական շրջանում ու կենտրոնական փողոցներում աղբամանների առկայությունը, առաջարկում է դրանք բակային տարածքներ տեղափոխել։
«Ամռանը փողոցով քայլում ես աղբի հետ է գալիս, զբոսաշրջիկները Երևանը աղբի հետ են ասոցացնում, էլ չեմ խոսում գետնի տակի «ճենջի» մասին․․․ ամոթ է, դա չպետք է լինի։ Օրենքում ախր հստակ գրած է աղբամանները պետք է լինեն միայն միջբակային տարածքներում, բայց միջբակային տարածքները մարդիկ զավթել են, արգելափակողներ են դրել, իսկ քաղաքապետարանն էլ ձայն չի հանում, չի ասում՝ դա մեր տարածքն է ձերը չէ»,– ասում է Մնացականյանը։
Նախընտրական սոցհարցումների տվյալներով՝ երևանցիներին մտահոգող ու անհանգստացնող համար մեկ խնդիրը հենց աղբահանությունն է․ «Գելափ»–ի տվյալներով հարցվածների ավելի քան 33 տոկոսն ակնկալում է, որ քաղաքական ուժերը հենց մայրաքաղաքի սանիտարական խնդիրները կլուծեն։ «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը խոստանում է՝ աշխարհի տարբեր քաղաքների փորձը հիմք ընդունելով՝ կլուծեն այս խնդիրը։
«Բնակչությանը խոստանում ենք նախ և առաջ լուծել նրանց ամենաշատը անհանգստացնող խնդիրը՝ աղբահանությունը։ Նպատակ ունենալով ստեղծել Երևան քաղաքի կայուն, հարմարավետ միջավայր ինչպես նաև ստեղծել բնակչության համար հարմարավետ միջավայր գոյության աշխատանքի ու հանգստի համար»։
Միայն աղբի վերամշակման գործարան ունենալը կարող է լուծել աղբահանության խնդիրը՝ վստահ է «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։ Գործարարը նաև աղբավայրի՝ հայաստանյան տարբերակից տարբերվող մոդել է առաջարկում։
«Աղբանողը փոսը փորել ու աղբը այնտեղ լցնելը չէ, պետք է հիմնովին հիմք ունենա, որ անձրևներից ու այլ ջրերից այդ հոսող ջուրը չվերադառնա ընդերքի մեջ ու չանդրադառնա մեր առողջությանը։ Սա շվեդական ու դանիական մոդելն է»,– ասում է Թարվերդյանը։


Երևանի սանմաքրման խնդիրը եվրոպական մոդելով է պատրաստվում լուծել նաև «Հայաստանի եվրոպական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը։ Վստահ է՝ աղբահանությունը կարելի է արվեստի վերածել։
«Երևանը մեր հաղթանակի դեպքում շատ արագ ու բարենպաստ պայմաններում կստանա այս խնդրի լուծում, որը այլևս կփակի այս խայտառակությունն ու միշտ ծխացող աղբանոցները։ Կկառուցվի գործարան, որը մասամբ վերամշակելու ու մասամբ այրելու է աղբը այնպես, որ այրվող էներգիան միանա Հայաստանի ու Երևանի էներգետիկ համակարգին»,– կարծում է Տիգրան Խզմալյանը։
Աղբի վերամշակման գործարան ստեղծել է նախատեսում նաև «Հանրային ձայն» կուսակցությունը։ Այս խնդրի լուծման համար կուսակցությունը նախընտրական ծրագրում 5 կետ է առանձնացրել։ Դրանցից մեկով ընտրվելու դեպքում նախատեսում է նաև վերանայել աղբամանների տեղակայման վայրերն ու ավելացնել աղբահանության գործընթացի հաճախականությունը։