ԿարևորՀասարակություն

8 ուսուցիչ 4-րդ աստիճանի տարակարգ է ստացել

Կառավարությունը փոխել է ուսուցիչներին որակավորման տարակարգ շնորհելու մեխանիզմը։ Նախկինում այն տրվում էր աստիճանակարգության սկզբունքով, այժմ տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել առանց ժամանակային սահմանափակման։ Գործընթացը հավելավճարների կիրառում է ենթադրում․ օրինակ, չորրորդ աստիճանի տարակարգի դեպքում ուսուցչի աշխատավարձն ավելանում է 50 տոկոսով։

ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝  տարակարգ ստացած 34 ուսուցիչներից 8-ին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի, 9-ին՝ երկրորդ, ևս 9-ին՝ երրորդ աստիճանի, իսկ 8 ուսուցչի՝ չորրորդ աստիճանի տարակարգ:

Թեղուտի միակ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Աղաջանյանը հանրապետության 8 ուսուցիչներից մեկն է, որը հունիսին ստացել է ուսուցչի որակավորման 4-րդ տարակարգի աստիճան։ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո Արմինե Աղաջանյանն անմիջապես աշխատանքի է անցել Թեղուտի միջնակարգ դպրոցում։ Արդեն 15 տարի մայրենի լեզու է դասավանդում ծննդավայրում։ 4-րդ աստիճանի տարակարգը 280 աշակերտ ունեցող դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու միակ արդյունքը չէ։

«2013 թվականին «Լավագույն ուսուցիչ» մրցույթում արժանացել եմ երկրորդ մրցանակին։  Կամավոր ատեստավորում եմ անցել, գրանցել բարձր արդյունքներ։ Ունեմ շատ դիմորդներ, որոնք բարձր արդյունքներ են գրանցում բուհ ընդունվելիս։ Հավելավճար ստանում եմ  ատեստավորումից, դրան կգումարվի արդեն 4-րդ տարակարգի համար հասանելիք հավելավճարը»։

Բաբկեն Ներսիսյանը 4-րդ տարակարգ ստացած առաջին ուսուցիչն է։ Մանկավարժական  40-ամյա կենսագրություն ունի, դասավանդում է Մասիսի համար 2 հիմնական դպրոցում ու Մանկավարժական համալսարանում։ Նրա սաները բազմաթիվ  հաջողություններ են գրանցել տարբեր ոլորտներում։ Նրանցից մեկը տարակարգի 4-րդ աստիճան ստացած երրորդ ուսուցչուհին է՝ Նելլի Ասոյանը։

«Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ։ Մեր աշակերտները հանրապետության բոլոր ասպարեզներում ունեն հաջողություններ։ Ունեցել եմ շատ աշակերտներ, որոնք մեդալով են ավարտել դպրոցը»։

Տարակարգը նախկինում  ուսուցիչներին  շնորհվում էր աստիճանակարգության սկզբունքով։ Այսինքն՝ երկրորդ աստիճանը հնարավոր էր ստանալ առաջինից առնվազն երկու, երրորդը ՝ երկրորդից հետո առնվազն երեք,  չորրորդը ՝ երրորդից առնվազն չորս տարի հետո։ Ստացվում է, որ չորրորդ աստիճանի տարակարգին ուսուցիչը կարող էր հավակնել 9 տարի  հետո։ Հիմա մակարդակների հերթականությունը պահպանելու պահանջ չկա։ Հնարավոր է դիմել միանգամից բարձր տարակարգի համար՝ «Ռադիոլուրին» ասում է ԿԳՄՍ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

«Եթե նախկինում առկա էր աստիճանակարգություն, այսինքն՝ անպայման պետք է ուսուցիչն ունենար առաջին աստիճանի, որից հետո կարողանար դիմեր երկրորդի,  երրորդի և չորրորդի համար, ապա այս փոփոխություններով ուսուցիչը  պահանջներին համապատասխանելու պարագայում կկարողանա միանգամից դիմել 4-րդ տարակարգի համար»։

Տարակարգը ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ է՝ սահմանված «Հանրակրթության մասին» օրենքով։ Դրա շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ եւ արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։

Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ դասավանդող և ավագ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ։ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք գրանցած  ուսուցիչներին ։ Մասնավորապես՝ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։ Չորրորդ տարակարգը աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար է ենթադրում։

«Առաջին աստիճանի տարակարգի համար ուսուցչի աշխատավարձի 10 տոկոսի չափով հավելավճար կտրվի։ Երկրորդի համար 20 տոկոս, երրորդի համար 30 և չորրորդի համար 50 տոկոս։ Առաջին և երկրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար ուսուցչին պետք չէ կամավոր ատեստավորումը։ Կամավոր ատեստավորումը պետք է երրորդ և չորրորդ տարակարգ ստանալու համար։ Եվ եթե ուսուցիչը կամավոր ատեստավորմամբ համապատասխան արդյունք ցուցաբերելուց հետո ստանում է համապատասխան հավելավճար, ապա դրան գումարվում է նաև իր տարակարգի հավելավճարը»։

Ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Դրա գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ ուսուցիչն ազատվում է աշխատանքից: Եթե տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը փոխում է ուսումնական հաստատությունը, ապա հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար տարակարգը պահպանվում է:

Back to top button