ԿարևորՔաղաքական

Արցախցիները լուծումներ են պահանջում, իշխանությունը ժամանակ է խնդրում

Արցախցի երեք երիտասարդների առեւանգումը Հակարիի կամրջին բողոքի ու հուզումների պատճառ է դարձել հումանիտար ու քաղաքական լարված վիճակում գտնվող Արցախում։ Նախօրեին մարդիկ ինքնաբուխ հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ և մինչև ուշ երեկո հանդիպում պահանջել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Արցախի խորհրդարանում 6 ժամից ավելի քաղաքական խորհրդակցություններ են ընթացել, դրանց, հանրության պահանջով, հրավիրվել են նաև նախկին պաշտոնյաներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մարդիկ լուծումներ են պահանջել, իշխանությունը մի քանի օր ժամանակ է խնդրել։

6 ժամանոց քաղաքական ընդլայնված խորհրդակցությունից հետո Արցախում չի հաջողվել միասնական որոշում կայացնել։ Ըստ Արցախի նախագահի՝ դրա համար կպահանջվի ևս մի քանի օր։ ԱԺ շենքում հավաքվել էին ոչ միայն Արցախի նախագահն ու խորհրդարանական ուժերը, այլև՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Քաղաքական ակտիվ դերակատարներից խորհրդակցությանը բացակայել է միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նրա հետ չեն կարողացել կապ հաստատել։ Հիմնականում քննարկել են երեք հարց՝ անցակետից առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրn ու առաջիկա օրերին Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականը։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ Առաջիկա անելիքներm Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մինչև ուշ գիշեր Արցախի ԱԺ-ի շենքի մոտ սպասող հանրությանը։

Արայիկ Հարությունյան. «Դուք կարող եք վիրավորել ինձ, հայհոյել։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին։ Անհնար է սպասել, մինչև սով սպասել ենք։ Պուտինին էլ ենք հավատացել, Բայդենին էլ ենք հավատացել, Մակրոնին էլ ենք հավատացել, Հայաստանի իշխանություններինն էլ ենք հավատացել։ Ես որպես երկրի նախագահ պարտավոր եմ այդ որոշումը ասել։ Եթե չհարգի ժողովրդի կողմից, ապա դա էլ հարց է։ Կարճ, մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը։ Գործելու է մեկ ճանապարհ, կա Լաչինի ճանապարհը»։

Ինքն էլ գիտի, որ վստահությունը կորցրել է, հավատող չկա։
Ինքը լուծո՞ղ ա։

Արայիկ Հարությունյան-Եթե ասում ենք հացի խնդիրը պետք է լուծենք, մեր դուրս գալու հերթին պետք է ճանապարհը բացենք չէ՞։

Դուրս գալ չկա։
Դու Ղարաբաղի հարցը լուծի, մարդուն ապրել լինի։

Հակարիի կամրջից առևանգված երիտասարդների հարցով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ թե խոստացավ, այլ երաշխավորեց, որ նրանք շուտով Ստեփանակերտում կլինեն։ Մինչդեռ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դեռ նախօրեին հստակեցրել էր իր ծրագրերը՝ 10-օրյա կանալքից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից՝ հետագայում Արցախ մուտք գործելու արգելքով։

Արայիկ Հարությունյանը նախօրեին հաստատել է, որ պատրաստ է հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնից, եթե անհրաժեշտ լինի։ Այս հարցը հստակեցնելու համար ևս կպահանջվի մի քանի օր։

Ընդլայնված խորհրդակցությանը ԱԺ-ի շենքում մասնակցել է նաև «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը։

Կարևոր արդյունքը համարում է այն, որ. «Հասարակությունը նույնիսկ այս վիճակում տրամադրված է պայքարի, որ մնա Արցախում և Արցախը մնա հայկական։ Սա է միակ տարբերակը։ Մի միջադեպ է եղել ընդհանուր այդ հավաքում։ Մի կին սկսել է պահանջել, որ գնանք, փախնենք, հանենք մեր մարդկանց, ընտանիքով-բանով, բայց դե կին է, էմոցիաների ազդեցության տակ է։ Ուղղակի գիտենք, թե ինչ է խուճապ տարածելը և թույլ չենք տվել, որ խուճապ տարածի»։

Օսիպյանի ներկայացմամբ՝ խորհրդակցությանը ներկայացվել է իրավիճակից դուրս գալու առաջարկներ լավից մինչև ամենավատը՝ անընդունելին։ «Հեղափոխական» կուսակցությունը շարունակում է պնդել իր առաջարկը՝ երթով հասնել ռուս խաղաղապահներին և նրանցից պահանջել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարում։ Արդյունքի համար անհրաժեշտ է արցախցիների մեծաթիվ մասնակցություն և այդ քայլին դիմելու միասնական որոշում՝ ասում է Օսիպյանը․

«Բայց դեռ հասարակության կարծիքը տարբերվում է նրանից մենք ինչ ենք ասսում։ բայց կարող ենք հավաքվել, ռուսներից պահանջել և առաջին բանը, որ դա մեզ տալու է դա նա է, որ արցախցին իր պատիվը ամրապնդելու է։ Պատերազմական տարբերակը ավելի արյունալի է լինելու, ավելի ծանր է լինելու, մենք դա լավ գիտենք։ Դա վերջին տարբերակն է, որ արդեն թշնամին մեզ ուրիշ տարբերակ չթողնի, բայց մենք քայլեր ունենք անելու և մենք այնտեղ էլ ենք ներկայացրել այդ երթի իմաստը»։

Իրավիճակից դուրս գալու համար տարբերակներ են փնտրում նաև քաղաքագետերը։ Սուրեն Սուրենյանցը սոցցանցում 5 կետերով է ներկայացրել իր մոտեցումը։ Գործելու ժամկետը սուղ է, ժամանակը ու միջազգային համատեքստն աշխատում են մեր դեմ: Եթե հիմա քաղաքական լուծումներ չգտնվեն, ապա երկու-երեք ամիս հետո ավելի ծանր գին ենք վճարելու:

«ԼՂ-ն այսօր կորցրել է սուբյեկտության բոլոր բաղադրիչները: Ստեղծված իրավիճակում նույնիսկ անիմաստ է  քննարկել որևէ տարբերակ, որը քաղաքական ինքնավարություն է ենթադրում ԼՂ-ի համար: Կոպիտ ասած, «կարմիր գծեր» սահմանելու ռեսուրս չունենք: Հիմա խոսքը կարող է գնալ ԼՂ-ում հայության կյանքի իրավունքի մասին»:

Ըստ քաղաքագետի՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը իր մանդատը շատ անբարեխիղճ է իրականացնում: Բայց իրականությունից կտրված ու մանիպուլյացիա է  համարում  ԼՂ միջազգային խաղաղապահ առաքելություն հրավիրելու կոչ/հորդորները։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նման որոշում չեն կայացնելու, համոզված է Սուրենյանցը՝ պնդելով, որ Ադրբեջանն անգամ չի քննարկելու նման որևէ առաջարկություն։ «Աշխարհում չկա որևէ երկիր, անգամ՝ Ֆրանսիան, որը պատրաստ է կոշտ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի, առավել ևս՝ Արցախի ժողովրդի»,-գրել է քաղաքագետը՝ նշելով, որ Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբյեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը։  

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը ավելի բաց է ներկայացնում այդ վտանգը կամ ծրագիրը․

«Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում որ լայնածավալ ռազմական գործողությունները եթե սկսվեն և տևեն ինչ-որ ժամանակահատված ու Հայաստանը կարողանա դրանց չմասնակցել։ Դա, այո, ուղիղ ճանապարհն է, որպեսզի ճգնաժամը տարածվի նաև այլ հատվածներ, ինչ–որ չափով Սյունիք ու այդ պարագայում արդեն մեզ «փակում» են ոչ միայն Արցախում, այլ նաև Սյունիքում։ Իր բոլոր հետևանքներով»։

Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանին վերագրվող առաջարկությունները, այլ կերպ ասած,  «Լավրովի նոր պլանը» շատ վատն է, բայց Բաքվի կողմից ընդունվելու դեպքում, գոնե, երաշխավորում են Արցախի հայության կյանքի իրավունքը՝ անվտանգության մինիմալ երաշխիքներով: Քոչինյանի համոզմամբ՝ այդ առաջարկներում կային անընդունելի կետեր նաև Ադրբեջանի համար, հետևաբար՝ պետք էր ճիշտ հաշվարկել և թողնել, որ մերժող կողմը և բանակցությունները խաթարողը դառնա ադրբեջանական կողմը։

Back to top button