ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս լուծել գերբեռնված տրանսպորտի հարցը Երևանում․ ինչ են առաջարկում քաղաքական ուժերը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ոչ բոլոր ուժերն են ակտիվ քարոզարշավ վարում։ Ավելին՝ մասնակիցներից մի քանիսն առայժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախընտրական ծրագիր չեն ներկայացրել։ Քարոզչությունն իրականացնում են տարբեր ձևաչափերով ու բովանդակությամբ՝ քաղաքական շեշտադրումներից մինչև ծրագրային առանձին դրույթների ներկայացում։ Կան թեմաներ, որոնց անդրադարձել են ընտրարշավի մասնակից բոլոր ուժերը։ Խոսքն, օրինակ, Երևանի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկի՝ տրանսպորտի մասին է։

Ինչպե՞ս լուծել գերբեռնված տրանսպորտի հարցը մայրաքաղաքում։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի նախընտրական  պատկերացումները մոտ  են՝  կայանատեղերի խնդրի լուծում, արմատական բարեփոխումներ ոլորտում։ Բայց նախկին ու ներկա քաղաքապետի թեկնածուները մեկ ընդհանրական մոտեցում ունեն։ Թե «Քաղաքացիական պայմանագիրը», թե նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը հիշեցնում են՝  հանրային տրանսպորտի ոլորտում իրավիճակ է փոխել  նոր ավտոբուսների ձեռք բերումը։ Երկու ուժերն էլ խոստանում են շարունակել  սկսած գործընթացը։

ՔՊ–ն նախընտրական ծրագրում խոստանում է մշակել Երևանի շրջանցիկ ճանապարհների կառուցման հայեցակարգը, որը հնարավորություն կտա բեռնաթափելու Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների հոսքերը, ներդնել միասնական տրանսպորտային համակարգ՝ վերանայելով երթուղիները և ապահովելով ավտոբուսների և մետրոյի չվացուցակի հասանելիությունը կանգառասրահներում կայքի և բջջային հավելվածի միջոցով։ Օրակարգում նաև միասնական տոմսային համակարգի ներդրման հարցն է։

«Միասնական տոմսային համակարգը, որը հիմա ներդնում ենք, մինչև տարեվերջ կավարտենք։ Սշխատում է հետևյալ տրամաբանությամբ ՝ եթե դուք մեկ անգամ ավտոբուսից իջնեք կանգառում, ավտոբուսը փոխեք, հավելյալ վճար ձեզանից չի գանձվի»։

Երևանի նախկին քաղաքապետ , «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար  Հայկ Մարությանի համար  ամենալուրջ հարցը անվտանգությունն ու էկոլոգիական խնդիրներն են։ Թեկնածուն  նախընտրական հոլովակներում հիշեցնում է ոլորտում կատարած իր  աշխատանքները և  խոստանում շարունակել դրանք։

«Քայլ 7-րդ՝ փոխելու ենք։ Այս բոլոր ավտոբուսները գնված են Երևանի բյուջեով։ Համալրելու ենք բոլոր երթուղիները։ Միկրովատոբուսները դուրս են գալու»։

«Արդար Հայաստան»-ը  Երևանին վերաբերող ռազմավարական 10 հարց  է առանձնացնել։ Առաջինը հանրային տրանսպորտի խնդիրն է։ Կուսակցությունը խոստանում է  կառուցել  Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա տանող՝ Կենտրոնը շրջանցող ճանապարհը, որը Հրազդան գետի վրայով անցնող նոր կամրջի կառուցում  է ենթադրելու։ Նախատեսում են նաև տրանսպորտային 3 հանգույցների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթներ մշակել  և դրանց շինարարության համար ներդրումներ հայթայթել։

«Հաղթանակ»-ը նախընտրական ծրագիր չի ներկայացրել, բայց կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը ստեղծված իրավիճակից լուծումներ տեսնում է։ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարն արմատական օրենսդրական բարեփոխումներ է խոստանում։ Կարծում է՝  կադրային ճիշտ քաղաքականության դեպքում կես տարում արդեն առաջընթացն ակնհայտ կլինի։

«Եթե մարդը նստում է ավտոբուս, որը բերել են վարկով ու պարտքով, բայց մնում է խցանման մեջ մի կես ժամ, հասկանում է, որ անիմաստ են այդ ավտոբուսները»։

«Հանրային ձայն» կուսակցությունն առաջարկում է վերականգնել էլեկտրական փոխադրամիջոց տրամվայը։ Թե ինչպես,  ավագանու անդամի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն է փոխանցում։

«Փողերը եթե չմսխեին նախկինների հետ, կարելի էր տրամվայներ, տիեզերանավեր գնել։ Բարեկարգել ու բարեփոխել Երևանը»։

Բնակչության հետ հանդիպումները մտերմացնում են՝ կարծում են  «Ուժը հայրենյաց»–ում։  Տրանսպորտի հարցը պետք է լուծել, հատկապես որ  Նելլի Հարությունյանն իր երեխաների փորձով գիտի, թե ինչ խնդիրներ կան։

«Իմ տղաները ժամերով կանգնում են կանգառում, չգիտեն՝  երբ կգա տրանսպորտը։ Ստիպված մի քանի կանգառ այն կողմ են տեղափոխվում։ Եվրոպայում տասնամյակների փորձ ունեցող ծրագրեր կան, որ հստակ կարող ես իմանալ, թե երբ է ժամանում ավտոբուսը, կարող ես պլանավորել քո ժամանակն ու ավելի օգտակար գործերով զբաղվել»։

Հայաստանի եվրոպական կուսակցությունում  նախատեսում են հասարակական բոլոր տրանսպորտային միջոցների էլեկտրականացում, մետրոյի վերգետնյա ուղիների ու կայարանների կառուցում, ավտոմատացված համակարգերի ներդրում։

Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է վերջնականապես լուծել տրանսպորտի հարցը։Առաջարկում են էստակադաների կառուցում։ Այստեղ էլ կարծում են, որ իրավիճակը կշտկվի, եթե ավոտկայանատեղիներ կառուցվեն և «Կենտրոն» վարչական շրջանը բեռնաթափվի։ Քաղաքապետի  թեկնածու Արտակ Զեյնալյանը հստակեցնում է։

«Տրանսպորտը չի կարող անվճար լինել։  Վարորդը չի կարող իր միջոցներով գալ ու անվճար սպասարկել։ Դա մեր՝ երևանցիների միջոցների հաշվին է իրականացվելու։ Բնականաբար տրանսպորտի քանակը պետք է ավելացնել, ներդնել ժամանակակից կապի միջոցներ»։

«Միացյալ  Հայաստանն» առաջարկում է բոլոր գլխավոր փողոցներում հասարակական տրանսպորտի առանձնացված գոտիներ նախատեսել, իսկ  հիմնական ճանապարհներին կից ավտոմեքենաների վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել։  Այս ուժի ծրագրում նաև լուսացույցների կառավարման խելացի համակարգի ներդրման մասին դրույթ կա , ծանրաբեռնված փողոցներում ավտոմեքենաների կայանման արգելման ու հեծանվուղիների ստեղծման։ Երվանդ Թարվեդյանը գիտի, թե  ինչպես  է լուծելու խնդիրը։

«Ղեկավարի  խնդիրը մարդկանց աշխատանքը կազմակերպելը, վարձատրելը, խնդիրները լսելն ու հոգալն է։ Մենք ցանկություն չենք նայում, մենք մեր պարտականությունն ենք անում, որ դուք ձեզ լավ զգաք»։

«Լուսավոր  Հայաստանը»   հաշվարկել է՝   տրանսպորտային նոր ցանցն ամբողջությամբ գործարկելու համար ևս 250 ավտոբուս է պետք։ Կուսակցությունում կարծում են, որ միասնական տոմսային համակարգի  ու նոր ցանցի ներդրման դեպքում  մայրաքաղաքի տրանսպորտային իրավիճակն էականորեն կբարելավվի։  Դավիթ Խաժակյան։

«Այլ կերպ, քան հիմնական ու սնուցող գծերով կազմակերպելը հանրային տրանսպորտը հնարավոր չէ։ Ով էլ ինչ անի վերջում այս համակարգին է հանգելու։  Սրան այլընտրանք պարզապես չկա»։

Հեղափոխություն գիտակցությունում․Երևանի ավագանու ընտրություններին «Ժողովրդական համախմբում» կուսակցությունն այս մոտեցմամբ է առաջնորդվում։ Ընտրական ցուցակում առաջին համարը Սուրեն Պետրոսյանն է։ Կարծում են՝ Երևանի ավագանու ընտրությունները խորքային փոփոխություններին քվե տալու հնարավորություն են։ Նախընտրական քարոզարշավում հիմնական շեշտադրումը այս ուղղությամբ են անում։

«Հանուն սոցիալական արդարություն»  կուսակցությունում կարծում  են, որ քաղաքի խնդիրները կլուծվեն  խելացի քաղաքի մոդելով։ Այստեղ տրանսպորտի խնդրի լուծման իրենց բանաձևն ունեն։  Կարծում են, որ նախ պետք է լուծվեն  նվազագույն խնդիրները՝ անորակ գծանշումներ, ավոտկայանատեղիների բացակայություն։ Առաջարկում են  կառուցել բազմահարկ կայանատեղիներ։ Հասարակական տրանսպորտը կբարելավվի, եթե մեծ ավտոբուսների փոխարեն ներկրվեն ավելի փոքր տարողությամբ ոչ թե գերմանական, այլ  բելառուսական ավտոբուսներ։ Միասնական տրանսպորտային ցանց են առաջարկում՝ քարտային վճարման եղանակով։ Բայց խնդրի ամբողջական լուծման համար նաև ճոպանուղու գործարկում են առաջարկում։

«Առաջարկում ենք ճոպանուղին վերականգնել։ Ոչ թե 100 կանգառ, քանի որ ներդրողներ ու գումարներ մենք չենք գտնի։ Ոչ էլ այս փուլում դրա անհրաժեշտություն կա։ Մենք պետք է վերականգնենք ճոպանուղու նախկին երթուղին»։

«Ապրելու երկիրը»  նույնպես ճոպանուղի կառուցման կողմնակից է՝ իրենց բնութագրմամբ տրանսպորտային  հիվանդությունը լուծելու համար։ 94 կայարան ունեցող ճոպանուղին Երևանի բոլոր վարչական շրջանները կկապի իրար։

Հիմնականում քաղաքական օրակարգով քարոզարշավն իրականացնող «Մայր  Հայաստան»  դաշինքում առաջակում են արմատապես փոխել հանրային տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար  այն առավել ճկուն, կանխատեսելի ու դյուրինացված դարձնելով։ Այստեղ էլ է օրակարգային  միասնական տոմսային համակարգի ներդրումը։ Կարծում  են, որ հանրային ու վճարովի կայանատեղիների համակարգը փողոցները կազատի խցանումներից։ 

Back to top button