Մարգարիտան ու Հայկը համադասարանցիներ էին։ Ծննդավայրի՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղի դպրոցում միասին էին սովորել։ Հետագայում Մարգարիտայի ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան և երկար ընդմիջումից հետո կրկին հանդիպեցին 2007-ի դեկտեմբերին, երբ Հայկն արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող էր։ Նույն թվականին ամուսնացան։ 2008-ի օգոստոսին Հայկ Կիրակոսյանին ծառայության նշանակեցին Հադրութի շրջանի թիվ 38401 զորամասում, ու միասին մեկնեցին Արցախ։ Հայկ Կիրակոսյանը Հադրութում ծառայելու 14 տարիների ընթացքում դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատարի կոչմանն է արժանանում։ Երջանիկ ընտանիք էին ստեղծել, ծնվել էին երկու զավակները, 15 տարի արդեն Արցախում էին, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Հայկ Կիրակոսյանը հոկտեմբերի 5-ին նշանակվում է Հադրութի զորամասի հրամանատար։
Պատերազմի երրորդ օրը բեկորային վիրավորում է ստանում, մի քանի օր հետո մյուս ոտքից էլ է վիրավորվում, բայց դիրքը, իր զինվորներին չի թողնում։ Զինակից ընկերների փոխանցմամբ՝ Հադրութի ուղղության հրամանատար Շաքարյանի զոհվելուց հետո ամբողջ բեռը Կիրակոսյանի ուսերին էր։ Կարախանբեյլիի հատվածում 1763 հոգի 13 օր շրջափակման մեջ է հայտնվում։ Հոկտեմբերի 27-ին Հայկ Կիրակոսյանի հրամանատարությամբ բոլորը դուրս են գալիս շրջափակումից։ Կինն ու երեխաները մինչև վերջ Հադրութ քաղաքում էին: «Մենք Հադրութից դուրս եկած գրեթե վերջին բնակիչներն էինք, քաղաքում մարդ չէր մնացել, մի քանի տարեցներից բացի»,-ասում է Մարգարիտան։ Երեխաների հետ միասին Հադրութը լքեց սեպտեմբերի 29-ին, բայց հոկտեմբերի 1-ին ստիպված էր կրկին վերադառնալ։
«Երևան գալիս մեր ընկերներից մեկի կնոջ հետ էի։ Հասել էինք Սյունիք, երբ ինձ հայտնեցին, որ նրա ամուսինը զոհվել է։ Հոկտեմբերի 1-ին նրա հետ նորից վերադարձել եմ Հադրութ, միասին ամուսնուն հուղարկավորել ենք և հետո միայն եկել Հայաստան։ Ամեն օր Հայկի զանգին ու հրադադարի լուրին էի սպասում, բայց մեզ համար այդպես էլ հրադադար չեղավ»,-ասում է Մարգարիտան։ Հայկը ընկավ հոկտեմբերի 31-ին, պատերազմի 35-րդ օրը հակառակորդի անօդաչուի հարվածից։
Միայն ձախ ոտնաթաթն էր կտրվել, բայց մահացել էր արնաքամ լինելուց։ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հայկ Կիրակոսյանը հուղարկավորված է Արագած գյուղի ընտանեկան գերեզմանոցում։ Նույն գյուղի սպորտային համալիրում Մարգարիտան այսօր աշխատում է որպես բուժքույր։ Տասներկուամյա որդին՝ Եղիշը, երբ մի անգամ ասել էր, որ ուզում է դառնալ զինվորական ու ետ բերել Հադրութը, մայրը խիստ արձագանքել էր՝ մյուս անգամ նման բան չասես։ «Հետո, երբ հարցնում էին՝ ի՞նչ ես ուզում դառնալ, նայում էր դեմքիս։ Բայց չեմ խոչընդոտի, թող իր սրտով լինի»,-ասում է Մարգարիտան։ Իսկ դուստրը՝ Գոհարը լեզուներով է հետաքրքրված, այդ թվում՝ թուրքերեն։ Ասում է՝ թշնամու լեզուն պիտի իմանաս։